«Դրական ազդակներ կան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մոտ ցույց անող երիտասարդներից Ալվարդ Զաքարյանը՝ հավելելով, որ շատ մանրամասներ առայժմ ձեռնպահ կմնա ասելուց, ավելի ուշ հանդես կգան հստակ հայտարարությամբ: Այժմ իրենք սպասում են Կարմիր խաչի երեւանյան գրասենյակից հանդիպման հրավերի: Մեր զրուցակիցը ակնկալում է, որ հանդիպմանն իրենց կտեղեկացնեն ցուցարարների պահանջների բավարարման մասին: Իսկ պահանջը հետեւյալն է՝ մամուլի ասուլիս հրավիրել, ցանկալի է՝ Կարմիր խաչի ժնեւյան գրասենյակում, որպեսզի միջազգային լրատվամիջոցները ներկա լինեն եւ հասցեական հայտարարություն անել արցախցի Վագիֆ Խաչատրյանի՝ ադրբեջանցի ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից առեւանգման մասին:
«Եթե Կարմիր խաչը հասցեական արձագանքի, հնարավոր է ինչ-որ բան տեղաշարժվի այս իրավիճակում եւ մյուս կառույցներն էլ սկսեն ավելի կոշտ ու հասցեական դիրքորոշվել Ադրբեջանի նկատմամբ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Կարմիր խաչից ավելի շատ սպասելիքներ չունեն:
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է՝ ուսանողները Կարմիր խաչի գրասենյակի մոտ նստացույց են հայտարարել: Իսկ երեկ առավոտից փակել էին գրասենյակի մուտքը: Հիշեցնենք նաեւ, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին ։
Կարմիր խաչի գրասենյակի մոտ նստացույցին, ի դեպ, այսօր միացել են նաեւ տեղահանված հադրութցիները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ