Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ժամանակ նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում». Տոնոյան

Օգոստոս 01,2023 14:25

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ինչո՞ւ չեն կազմվել հակադիվերսիոն գործողությունների պլաններ, իսկ ՀՀ ԳՇ-ում ԱԹՍ-ի կիրառման պլան: Տոնոյանը պատասխանեց, որ բաց նիստում այդ մասին չի կարող խոսել. «Ես տեղյակ չեմ, որ այդպիսի դիրեկտիվներ, պլաններ ԳՇ մակարդակում չեն եղել»:

Քոչարյանն արձագանքեց, որ պահանջել են ու պարզել, որ չկան: Նա նաեւ հարցրեց՝ ո՞վ է հաստատում ԶՈՒ-ի եւ ՊԲ-ի պաշտպանողական օպերացիայի պլանները: Տոնոյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո խնդիր ունեին հասկանալու, թե ով է հաստատում, ընդունում ԶՈՒ-ի կիրառման պլանը:

Հարցին՝ պատերազմի ժամանակ որտե՞ղ պետք է գտնվի ՀՀ ՊՆ նախարարը: Տոնոյանը պատասխանեց՝ ՊՆ-ում եւ հիմնական խնդիրը, որն իրականացնում է, ԶՈՒ-ի ապահովումն է ռազմական գործողությունների վարման առումով. «Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում եւ վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը: Ռազմական առումով թե որտեղ պետք է գտնվի՝ ՊՆ նախարարը հրամանատարական կետերում տեղ չունի»:

Դավիթ Սանասարյանը հարցրեց, թե հոկտեմբերի 21-29-ին ի՞նչ էր անում Մեղրիում. «Մեջբերեցիք վարչապետի ասածը, բայց դուք կոնկրետ հստակ ասեք՝ ի՞նչ էիք անում այնտեղ՝ ձեր լիազորությու՞նն էիք իրականացնում, թե՞ հանձնարարություն էիք ստացել»: Տոնոյանը պատասխանեց, որ Մեղրիում գտնվելու գնահատականը պետք է տա այդ ժամանակվա իր վերադասը. «Ինչ վերաբերում է այն իրադրությանը, այն պահը, երբ ես հայտնվեցի Մեղրիում, ՀՀ պետական սահմանի ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա ունեինք բավականին մեծ քանակությամբ զոհեր ինչպես զինծառայողների, այնպես էլ զորահավաքային ռեսուրսի՝ կամավորական ջոկատների շրջանակում: Վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, Մեղրիի գնդի հրամանատարը, ձեւավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալ Գյոզալյանը: ՊՆ նախարարի հայտնվելը Մեղրիում բավականին լուրջ ազդեցություն ունեցավ ե՛ւ բնակչության վրա, ե՛ւ ԶՈՒ ստորաբաժանումներ ի վրա, որոնք գտնվում էին առաջնագծում, խնդիրներ էին կատարում: Կան ե՛ւ փաստական, տեսագրական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին: Ես ինքս իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը: Ինքս եմ նկարահանել: Դա եղել է հոկտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում: Դրոշներ էին դրվում, հանվում, ուժեր էին տեղափոխվում: Ամեն դեպքում ես նաեւ ունեի այլ գործառույթ՝ համադրված համագործակցություն ՌԴ սահմանապահ ուժերի հետ, հաստատվեց»:

Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե Մեղրիում զրույց ունեցե՞լ է Տիրան Խաչատրյանի հետ: Տոնոյանը պատասխանեց, որ եթե չի սխալվում, Տիրան Խաչատրյանն այդ օրերին վիրավորված էր, Փիլոյանն էր այնտեղ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031