«Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության անդամները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ շարունակում են միմյանց փոխարինելով հացադուլ անել: Aravot.am-ն այսօր զրուցեց նախաձեռնության մասնակից Լոռի Ենիգոմշյանի հետ, որն անցած տարի է Կալիֆորնիայից վերադարձել հայրենիք:
«Կարեւոր է, որ ՄԱԿ-ը օգնություն հասցնի Արցախի մեր քույրերին ու եղբայրներին Ես այսօր հացադուլ եմ անում, որովհետեւ Արցախում մարդիկ հաց չունեն, սնունդ չունեն, անոթի են: Այսօր ես էլ իրենց հետ սոված պիտի մնամ: Հույս ունեմ, որ օգնությունն իրենց կհասնի արագ, ու բոլորս պետք է անենք այնպես, որ այդ օգնությունը շուտ տեղ հասնի»,- ասաց Լոռին:
Անդրադառնալով խնդրին, որ արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ կառավարության ուղարկած 19 բեռնատար հումանիտար բեռը չի կարողանում անցնել Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիների տեղադրած ապօրինի անցակետը, որ ամբողջ աշխարհը տեղյակ է այդ մասին, գիտե, որ Արցախի 120 հազար հայ բնակչությունը, ըստ էության գերության մեջ է, սակայն երկրները, միջազգային կառույցները ափսոսանք հայտնելուց եւ բանավոր հորդորներից այն կողմ չեն անցնում. Լոռի Ենիգոմշյանն ասաց. «Չգիտեմ, թե իմ արածը օգուտ կտա՞: Բայց ես մենակ չեմ, մենք իրար փոխարինելով միշտ այստեղ ենք: Կարեւոր է, որ ճնշում դնենք ՄԱԿ-ի վրա, որ իրենց մոտեցումը փոխեն, օգնեն, որ կառավարության ուղարկած հումանիտար բեռը եւ այստեղ՝ ՄԱԿ-ի առջեւ հավաքվող ապրանքը հասնի Արցախ, որ հասկանան, որ սա մարդկանց կյանքի խնդիր է: Մեր պահանջն է, որ ՄԱԿ-ը, ամբողջ աշխարհը չբավարարվի միայն խոսքով, անպտուղ հորդորներով, այլ հստակ քայլերի, գործողությունների դիմի, ընդհուպ, մինչեւ Ադրբեջանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ