«Առիթ ունեցել եմ ասելու, որ գեներալ Խաչատուրովը այն եզակի զինվորականներից է, որը կարող էր դառնալ եւ վստահ եմ՝ դառնալու է հայ սպայի, հայ գեներալի էտալոնային կերպար: Նրա համեստ կերպարը, որ դրսեւորվել է եւ ծառայության ժամանակ, եւ 2020թ հուլիսյան գործողությունների ժամանակ, որոնք այս իշխանությունները պոպուլիստաբար ներկայացրին, հերոսացրեցին Խաչատուրովին, բայց այդ ֆոնի ներքո ուզում էին իրենք հերոսանալ, եւ համեստ է հիմա, երբ անօրինական կերպով գտնվում է ազատազրկման մեջ»,- գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնության և պաշտպանական խմբի ներկայացուցիչների հրավիրած ասուլիսում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետն անդրադարձավ այն հարցերին, թե Գրիգորի Խաչատուրովի ազատազրկումն ում է ձեռնտու, եւ նրա՝ ազատության մեջ գտնվելը ում կարող է խանգարել. «Գրիգորի Խաչատուրովի ազատ լինելը չէր կարող խանգարել գործընթացին, որովհետեւ նա երբեւէ չի խոչընդոտել որեւէ գործընթացի, հետեւաբար մնում է մեկ այլ տրամաբանական եզրահանգում՝ Գրիգորի Խաչատուրովի ազատ լինելը կարող էր եւ կարող է խոչընդոտել միայն ու միայն թշնամուն, միայն ու միայն Ադրբեջանին, թուրք-ադրբեջանական տանդեմին:
Ինչու է այս եզրահանգումը հիմնավորված, որովհետեւ գաղտնիք չէ, որ մեր հայրենիքի տարբեր հատվածներ այսօր շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիոն ծրագրերի թիրախում: Դրանց մեջ են, այսպես կոչված, անկլավները, որոնք իրականում մեր հայրենիքի անբաժանելի մաս են: Ալիեւի վերջին ելույթը նույնպես բացահայտ պահանջ էր, որ Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պատրաստակամ պետք է լինի վերադարձնել այսպես կոչված՝ անկլավները:
Իսկ անկլավ կոչեցյալները, իրականում մեր հայրենիքի սրբազան հատվածները միլիմետր առ միլիմետր գիտի գեներալ Խաչատուրովը: Դրանց ստրատեգիական եւ ռազմական նշանակությունը գիտի գեներալ Խաչատուրովը: Ներկայիս պայմաններում, երբ միջազգային որեւէ մեխանիզմ չի գործում, երբ անգամ Կարմիր Խաչի բուժառուին ահաբեկչական երկիր Ադրբեջանը առեւանգում է օրը ցերեկով, ավելի առաջնային պլան են գալիս անհատները, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում: Այդ անհատներից է Գրիգորի Խաչատուրովը, որը անկլավների հանդեպ, այսինքն` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի ոտնձգություններին կարող էր եւ կարող է դեմ կանգնել եւ որպես գեներալ եւ որպես քաղաքացի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ