Ի՞նչ եք դուք ասել Անվտանգության խորհրդի նիստում, եթե հաստատում եք, որ Օնիկ Գասպարյանն ասել է՝ պետք է կանգնեցնել պատերազմը քաղաքական ճանապարհով: 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այսպիսի հարց ուղղեց հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե ԳՇ-ի գործողությունները բավարար են եղել այդ պահին ռիսկը գնահատելիս, ասեք, թե այդ ռիսկը տոկոսայինով ինչքա՞ն է գնահատվել:
Տոնոյանը պատասխանեց, որ կխուսափի տոկոսների մասին խոսել, որովհետեւ այդպիսի գնահատական միգուցե տրվել է, բայց ԶՈՒ-ի եւ իրավիճակի գնահատման հարցում տոկոսներով գնահատական գոյություն չունի. «Ռազմական գործողությունների սկսումը միշտ գնահատվել է մեր մոտ կա՛մ լիովին հավանական, կա՛մ խիստ հավանական: Հուլիսյան դեպքերից հետո իրավիճակի գնահատման, հակառակորդի եւ հակառակորդի դաշնակցի հայտարարությունների առումով սկսվեց գնահատվել խիստ հավանական: Միգուցե 28 էր, 30% էր: ԶՈՒ-ն իրականացրել է համապատասխան միջոցներ՝ բավականին ծավալուն: Հուսով եմ եւ համոզված եմ, որ ԳՇ պետն այդ գործողությունները ներկայացրել է»:
Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ ո՞ւմ առաջարկով են նախքան պատերազմի վերսկսումը կրճատվել ԶՈՒ հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը: Տոնոյանը խոստացավ այս մասին խոսել փակ նիստում. «Բնական է, որ ՊՆ նախարարին զեկուցվում են ԶՈՒ-ի այս կամ այն առաջնահերթություններն ու փոփոխությունները: Կարող եմ ասել, որ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության մարմիններ՝ տարբեր կորպուսներում: Դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ ԶՈՒ-ի հիմնավորումը: Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծումը, ձեւավորումը շատ ավելի կարեւոր է, քան թե թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»:
Անդրանիկ Քոչարյանը փոխանցեց, որ այդ որոշումը կայացվել է Արտակ Դավթյանի ժամանակ, իսկ Օնիկ Գասպարյանը ափսոսանք է հայտնել, որ մինչեւ իր նշանակվելը նման որոշում է կայացված եղել: Տոնոյանն արձագանքեց, որ եթե Օնիկ Գասպարյանն ափսոսել է ու գտել է, որ փոփոխություն էր անհրաժեշտ այդ որոշման մեջ, կարող էր ինքն այդ փոփոխությունը ներկայացնել:
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ տվեք գնահատական ՀՀ ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի կառավարման ողջ համակարգին՝ ձեր պաշտոնավարման ընթացքում՝ 2018-2020-ի ընթացքում՝ լա՞վ էր, վա՞տ էր: Տոնոյանը պատասխանեց. «Խաղաղ պայմաններում կառավարման համակարգը իհարկե, ունեցել է իր թերությունները, որոնք մենք շտկում էինք ե՛ւ օրական, ե՛ւ կազմակերպչական առումով, բայց պաշտպանությանը վերաբերող հարցերը անընդհատ փոփոխության մեջ են: Այդ մարմինն անընդհատ մոդեռնիզացվում է, վերաձեւակերպվում է, սպառազինվում է: Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար՝ այդ աստիճանի եւ ծավալի ռազմական գործողությունների վարման առումով»:
Թե որոնք են եղել թերությունները, Տոնոյանը խոստացավ անդրադառնալ փակ նիստում: Նա ասաց, որ այն, ինչի հետ առնչվել է ինքը, դրա հետ առնչվել են նաեւ ԳՇ պետն ու վարչապետը եւ տվեց եզրակացություն. «Հրատապ է վարչապետին օժտելու գերագույն հրամանատարի լիազորություններով՝ նաեւ խաղաղ պայմաններում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային