Ինչո՞ւ պատերազմի սկսվելու նախօրեին ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊԲ-ն չեն բերվել մարտական բարձր կամ լրիվ աստիճանի պատրաստվածության: Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանն այս հարցն ուղղեց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Նա պատասխանեց, որ այն գնահատականը, որն ունեցել են, այլ տարբերակ առկա չի եղել. «Որոշ գործողություններ ԳՇ-ն իրականացրել է, որոշ գործողություններ նաեւ իրականացվել են «Շանթ» զորավարժության շրջանակներում»:
Հարցին՝ Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի երրորդ օրը ԱԽ նիստի ընթացքում զեկուցել է, որ պատերազմը անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական ռեսուրսներով, կմանրամասնե՞ք՝ Տոնոյանը պատասխանեց. «Քանի որ դատական պրոցեսներով եմ հիմա անցնում, կարող եմ շատ զգույշ պատասխանել, որ այդպիսի խոսակցություն եղել է ԱԽ-ում, չգիտեմ որ մասն է հրապարակել Անվտանգության խորհուրդը: Այդպիսի խոսակցություն եղել է նաեւ այլ ձեւաչափերում: Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել՝ մենք պարտավոր էինք ե՛ւ վարչապետին, ե՛ւ ԱԽ-ին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ հիմնական դրա պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր: Երրորդ կողմը, հասկանում եք, որ Թուրքիան է: Այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջեւանյան ուղղությամբ, ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ՝ այսպես ասած ձիու քայլով արցախյան թատերաբեմում, որը որեւէ կերպ, դրա մասին ես հրապարակային նշել եմ, այդպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերը անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 29 կմ հեռավորության վրա, իրականացնել թռիչքներ»:
Հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ եթե չենք կանխատեսել, որ Թուրքիան կարող է ներգրավվել ռազմական գործողություններին, ինչի՞ց է բխել այդ կանխատեսումը, գուցե մեր ռազմավարական դաշնակցի դիրքորոշումի՞ց, նրա հետ քննարկումների՞ց, մեր ռազմավարական դաշնակիցը ՌԴ-ն է եղել, այսպիսի քննարկումներ պիտի որ եղած լինեն, ի՞նչն է մեզ պահել հանգիստ, որ մենք չենք մտածել, որ Թուրքիան կարող էր ներգրավվել ռազմական գործողություններում: Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Նախ, հանգիստ չենք եղել, անհանգիստ ենք եղել։ Սպառնալիքների գնահատման ժամանակ, չգիտեմ, դուք ստացե՞լ եք այդ փաստաթղթերը գնահատման, թե՞ ոչ, բայց դրանք հատուկ կարեւորության փաստաթղթեր են, գնահատման ընթացքում, իհարկե, մենք գնահատում ենք մեր դաշնակցային հարաբերությունները: Ինչ վերաբերում է իրական գործընթացին, վերջին սպառնալիքների գնահատման ընթացքում աշխարհաքաղաքական այդպիսի պրոցեսներ չէին ընթանում»: Տոնոյանը խոստացավ փակ քննարկման ժամանակ այս հարցին անդրադառնալ՝ միայն նշելով, որ հաշվի առել են այն դաշինքի մասնակցությունը, որում Հայաստանը գտնվել է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային