«Բազմիցս վկայակոչել ենք եւ արձանագրել, որ այսօրվա իշխանությունների կողմից բարոյական իրավական, որեւէ այլ նորմերի պահպանում կամ վարքագիծ սպասելը պարզապես միամտություն է»,- գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնության և պաշտպանական խմբի ներկայացուցիչների հրավիրած ասուլիսում ասաց նախաձեռնության անդամներից արդարադատության գեներալ-մայոր, Պահեստազորի սպաների շարժում կազմակերպություն համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը:
Նա ընդգծեց, որ երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, սակայն նման բան չի տեսել, որ մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետի լրանալուն մնա մեկ-երկու ամիս ու մարդուն կալանքի տակ պահեն. «Այս իշխանությունների համար կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատիժ: Հիմա Գրիգորի Խաչատուրովին պատժում են սպայական արժանապատիվ վարքագիծ ունենալու, երկրի սահմանները ամուր պահելու համար: Գրիգորի Խաչատուրովը պատժվում է, որ հետ չկանգնեց այն գործողություններից, որ ժամանակին 41 գեներացներ ու գնդապետներ դեռեւս 2021թ փետրվարի 25-ին արձանագրել էին ու հրապարակել, որ այս իշխանություններն ազգակործան են ու երկիրը տանում են կործանման»:
Գեներալ մայորը հավելեց. «Եթե նույնիսկ այն իրավիճակը լիներ, որ ընդունենք կատարված արարքի վաղեմության ժամկետը լրանար 2025թ մայիսին, համոզված եղեք, որ այս իշխանությունները Գրիգորի Խաչատուրովին մինչեւ 2025թ մայիսը պահելու էին կալանքի տակ: Այստեղ մենք գործ ունենք ոչ թե իրավական համակարգի, այլ պարզապես կոնկրետ գործողությունների հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ