«Գտնում եմ, որ անհրաժեշտություն է լինելու փակ նիստի անցկացման, քանի որ այն տեղեկությունների մեծ մասը, որոնք ցանկանում եմ տրամադրել, պետք է ճիշտ տրամադրել հանձնաժողովին՝ իրենց վերլուծությունները իրականացնելու համար, եւ ապագային միտված առաջարկություններ ներկայացնելու հետ կապված։ Ուստի գտնում եմ, որ պետք է անցկացնել փակ նիստ»,-2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա հայտարարեց, որ բաց նիստում պատրաստ է թույլատրելի թափանցիկությամբ դասակարգված տեղեկատվություն տրամադրել, հրապարակային հաշվետվություն ներկայացնել իր գործունեության վերաբերյալ։
«Ես հայտարարեցի, որ անհրաժեշտություն կա հրապարակային հանդես գալու, քանի որ կար ՀՀ վարչապետի բաց ելույթը, որն ինձ մոտ բավականին հարցեր է առաջացրել, կար նաեւ գլխավոր շտաբի պետի հրապարակային արձագանքը»,-ասաց Տոնոյանը։ Նա հանձնաժողովի նիստի ձեւաչափի մասին էլ առաջարկեց՝ հանրության մոտ ձեւավորված հարցադրումներին նախ պատասխանի, կամ սկսեն հանձնաժողովի անդամների հարցադրումներով։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հարցաշարը կտրամադրի Տոնոյանին։
Քոչարյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանը ցանկություն էր հայտնել հանձնաժողովի նիստում ուղիղ եթերում հանդիպեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հարցեր քննարկեր, սակայն հանձնաժողովը մերժել է․ «Բայց պարոն Տոնոյանը հանդես եկավ հրապարակային, որ ցանկություն ունի հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի եւ Նիկոլ Փաշինյանի ներկայանալուց հետո ինքն էլ գա հանձնաժողով եւ պատասխանի հանձնաժողովի հարցերին: Արդեն մեկ տարուց ավելի է՝ հանձնաժողովը ուսումնասիրել է բազմաթիվ նյութեր, ամեն հրավիրյալի հետ կապված մշակվել են հարցեր, որոնց պարզաբանումները կհարստացնի հանձնաժողովի ուսումնասիրման եւ հասարակությանը հետաքրքրող դրվագները»։
Կարդացեք նաև
Ընդդիմությունը չի մասնակցում նիստին։
«Հաշվի առնելով, որ ես իրականում հրապարակային առաջարկեցի եւ խնդրեցի ընդդիմության մասնակցությունը այս հանձնաժողովի նիստին, ամեն դեպքում կրկնում եմ իմ առաջարկությունը՝ գոնե փակ նիստին, եթե դա հնարավոր է, մասնակցել։ Փակ նիստին ընդդիմության մասնակցությունը լինի, քանի որ շատ հարցեր, որոնք հրապարակային հնչեցվում են, այն հարցերը, որոնք ունեն չիմանալու բնույթ կամ ոչ կոմպետենտության բնույթ կամ քաղաքական ուղղորդված բնույթ, դա վերաբերում է ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը, գտնում եմ, որ պետք է ներկա լինեն։ Դա վերաբերում է Դաշնակցությանն ու Հանրապետական կուսակցությանը, քանի որ նրանք երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում են, ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, նաեւ կարծում եմ, որ շարունակելու են իրենց գործունեությունը։ Կարծում եմ՝ անվտանգության եւ պաշտպանության կազմակերպման հարցում իմ տրամադրած տեղեկատվությունը հետագա իրենց որոշումների համար կարեւոր է։ Հակառակ դեպքում, ես կխնդրեի այդ կուսակցության ներկայացուցիչներին այլեւս չարտահայտվել հրապարակային առնվազն իմ գործունեության հետ կապված»,- ասաց Տոնոյանը։
Նշենք, որ Տոնոյանը կալանքի տակ է, դատարանը նրան թույլ է տվել մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ