Լրահոս
Օրվա լրահոսը

«Viva University». Մեկնարկային հնարավորություն՝ բուհերի ուսանողների համար

Օգոստոս 01,2023 14:19

Ցանկացած ոլորտում աշխատանքի անցնելու և հաջողված մասնագետ լինելու համար պահանջվում է ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն: Դա կարևոր առավելություն է թե´ գործատուի, թե´ աշխատանք փնտրողի համար:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ապրող Մարիամը սովորում է պատմության ֆակուլտետում: Սիրում է իր մասնագիտությունը, սակայն իրատեսորեն է գնահատում կյանքը և չի սահմանափակվում ունեցած գիտելիքներով: Մանկավարժական համալսարանի ավարտական կուրսի ուսանողուհին որոշել է իր ներուժը բացահայտել նաև այլ ոլորտում: Գիտի, որ ապագան տեխնոլոգիաներինն է և աշխատաշուկայում հաստատուն տեղ ունենալու համար պետք է պատրաստ լինել տարբեր մարտահրավերների: Դրանցից ամենակարևորը շարունակական զարգացումն է, որը աշխատասիրություն ու կամք է պահանջում:

Մարիամը տարբեր բուհերի 150 ուսանողի հետ մասնակցել է Վիվա-ՄՏՍ-ի «Viva University» (Վիվա յունիվերսիթի) կրթական ծրագրի ընտրական փուլին և ստացել սպասարկման կենտրոնում երկամսյա դասընթացի մասնակցելու հնարավորություն: Վստահ է, որ այն, ինչը կյուրացնի գործնականում, իրեն անհրաժեշտ է լինելու միշտ՝ անկախ ունեցած աշխատանքից: Այժմ դասընթացների է մասնակցում հարազատ քաղաքում՝ Բերդում գործող Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում: Օրն սկսում է  բացահայտումներով և ավարտում կատարելագործվելու ձգտումով: Տեսնում է Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցների թիմային աշխատանքը, գործին նվիրումը, բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը, դրսևորվող հարգանքը և սովորում թե ինչպես բարձրացնել հաճախորդների գոհունակության մակարդակը:

«Երբ ես բաժանորդ էի, բավական հեշտ էր թվում աշխատանքը: Այժմ տեսնում եմ, որ այն ավելի բարդ է և ավելի պատասխանատու: Պետք է լինել պարտաճանաչ, հետևել բոլոր կանոններին, օրենքին, քաղաքակիրթ շփվել բոլոր տեսակի և խառնվածքի բաժանորդների հետ և լինել աշխատասեր:  Հարկավոր է ոչ միայն եղածով բավարարվել, այլև ինքնակրթվել: Ես ապրում եմ Տավուշի մարզում, (Երևանից բավականին հեռու է) և սահմանամերձ գոտում գտնվելով՝ չէի պատկերացնում, որ նման հնարավորություն կունենամ: Սպասարկման ոլորտում ես ինձ բացահայտել եմ նորովի: Իմ ունակությունները, մարդկանց հետ շփումը, նրանց հետ հաղորդակցվելը բացահայտում են ինձ համար:  Ուզում եմ, որ այդ ամենն ինձ մոտ դրսևորվի ոչ թե միայն այս փուլում, այլ՝ միշտ», – ասում է Մարիամ Մելիքյանը:

Արդեն 8 տարի՝ 2015 թվականից, Վիվա-ՄՏՍ-ն իրականացնում է կրթական կարևոր ծրագիր՝ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների համար: Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում և մարզերում  երկամսյա դասընթացների է մասնակցում տարբեր բուհերի 22 ուսանող: «Viva University»-ն մեկնարկային հնարավորություն է ոչ միայն հմտությունների բացահայտման, մասնագիտացման, այլև աշխատաշուկայում «դիրքավորման» տեսանկյունից: Այս տարվա ծրագրով ուսանողները մասնագիտական փորձառություն են ձեռք բերելու 2՝ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:

 

Կրթական ծրագրի բազմազանությունը երկու հոսքերի պրակտիկանտներին թույլ կտա ուսումնասիրել և զարգացնել և´ նեղ մասնագիտական, և´ ընդհանուր գիտելիքները հեռահաղորդակցության ոլորտում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031