Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես լարված պահել ՄԿՈՒ հաստատությունների դիմորդներին

Օգոստոս 01,2023 11:45

Aravot.am-ին էին դիմել ծնողներ, որոնք մտահոգված էին Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) իրականացնող հաստատություններ ընդունելության գործընթացի ձգձգմամբ, քանի որ երեխաները լարված սպասել են անորոշության մեջ, բացի դրանից, ըստ ծնողների, խախտվել են իրենց դիմորդ երեխաների իրավունքները, ի թիվս այլնի, նրանք չեն հասցնելու հանգստանալ:

Թեմայի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության՝ Aravot.am-ին տված մեկնաբանության մեջ ասվում է, որ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության գործընթացի ձգձգման պատճառը պայմանավորված է «Նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսհաստատությունների 2023/2024 ուստարվա անվճար ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկն ու քանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ:

ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում են հավանության արժանացել 2023/2024 ուստարվա անվճար ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ եւ կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկն ու քանակը: Ի դեպ, 2021-ին այդ տեղերը հաստատվել են հունիսի 10-ին, իսկ այս տարի, փաստորեն՝ մեկ ամիս 17 օր ուշացումով: Այլ տարիների՝ նույնիսկ ապրիլ, մայիս ամիսներին է դա եղել:

«Այս որոշմամբ կարգավորվում է նաև պետության համար առաջնահերթ և կարևոր ոլորտներով կրթաթոշակների տրամադրումը, ըստ որի՝ ընդունվողները սահմանված մասնագիտություններով կստանան բարձր կրթաթոշակ. նախատեսվում է, որ մինչև 50 հազար դրամի չափով: Սա միանգամայն նոր նախաձեռնություն է, և նախագիծը, բնականաբար, պետք է սահմանված կարգով հանրային քննարկում անցներ, քննարկվեր նաև շահագրգիռ գերատեսչությունների հետ: Եվ քանի որ այն պետք է հաստատվեր ընդունելության տեղերի հետ միաժամանակ, հետևաբար փաստաթղթերի ընդունելության գործընթացը մի փոքր հետաձգվել է: Այդ նպատակով ներկայումս շրջանառվում է ՄԿՈւ հաստատություններ ընդունելության կարգում փոփոխություն կատարելու նախագիծ, որը շատ սեղմ ժամկետում կհաստատվի»,- Aravot.am-ին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Ի դեպ, չնայած ԿԳՄՍ նախարարության պարզաբանման, նախագծի հիմնավորումներում կրթաթոշակների պատճառով ձգձգման վերաբերյալ որեւէ տող չկա կառավարության որոշման մեջ, այն զուտ ըստ մասնագիտությունների տեղերի հաստատման վերաբերյալ Կառավարության որոշում է:

Գերատեսչության պարզաբանման մեջ նշված է, որ օրենքի խախտում չի եղել, ընդամենը ժամկետների փոփոխություն է, ամբողջ գործընթացն էլ ծավալվել է՝ hօգուտ սովորողների: Ըստ նույն պարզաբանման, ընդունելությունն արդեն մեկնարկել է, եւ dimord.emis.am կայքը հասանելի է դիմորդների համար:

«Ընդունելության գործընթացը մի փոքր հետաձգվել է ոլորտային մասնագիտություններով. փաստաթղթերի ընդունելությունը մինչև օգոստոսի 8-ը ներառյալ է, կարգով նախորդիվ եղել է մինչև ամսի 3-ը ներառյալ: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ: Ոչ ոլորտային մասնագիտություններով ժամկետը հետաձգվել է ընդամենը 2 օր. դիմումները կընդունվեն մինչև օգոստոսի 17-ը ներառյալ, նախորդիվ եղել է մինչև ամսի 15-ը ներառյալ: Հաշվի առնելով, որ դիմում-հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով, ուստի նախատեսված ժամկետները լիարժեք բավարար են՝ մուտքագրելու համապատասխան փաստաթղթերը:Բոլոր հարցերի համար կարող են դիմել ինչպես ԿԳՄՍ նախարարություն, այնպես էլ ԿՏԱԿ»,- հայտնել են նախարարությունից :

 Ընդունելության կարգի համաձայն, առկա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը եւ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ` ժամը 18-00-ը, իսկ քննություններն անցկացվում են օգոստոսի 5-15-ը ընկած ժամանակահատվածում, մինչդեռ ըստ ԿԳՄՍ նախարարության պարզաբանման՝ փաստաթղթերի ընդունումը մինչև օգոստոսի 8-ն է, քննություններն էլ օգոստոսի 9- 17-ը: Այսինքն՝ ընդունելության կարգը խախտվել է, եւ դիմորդը նախորդ տարիների նման հնարավորություն չի ունենում ժամկետների խախտման պատճառով նախորդ տարիների նման 20-25 օր կողմնորոշվելու, դիմելու, հետեւելու, թե ըստ մասնագիտությունների քանի մարդ է դիմել, քանի որ այժմ այդ ժամանակահատվածը մեկ շաբաթ է:

Հետաքրքիր է, որ ԿԳՄՍ նախարարության կայքում զետեղված հայտարարության եւ ընդունելության կարգի ժամկետները չեն համընկնում: Նաեւ առնվազն տարօրինակ է, որ ընդունելության գործընթաց է սկսվում, սակայն նախարարությունը խոսում է կարգի փոփոխությունից:

Նշենք, որ ուսումնական հաստատություններն արդեն հայտարարություններ են տեղադրել, որ ոլորտային մասնագիտությունների գծով դիմորդները կարող են դիմել մինչեւ օգոստոսի 8-ը, մինչդեռ ըստ կարգի՝ այդ ժամկետը մինչեւ օգոստոսի 3-ն է: Ի դեպ, ընդունելության կարգի փոփոխություն հենց այնպես չի կարող իրականացվել, այն պետք է նախարարի հրամանով հաստատվի եւ ուղարկվի արդարադատության նախարարություն գրանցման:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031