«Ազատություն»․ «Вёрстка» պարբերականի լրագրողները հաշվել են ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցները շրջանցող և այս տարի Ռուսաստան ներկրված ապրանքների ծավալը։
Միայն նախորդ վեց ամիսներին Մոսկվան ներմուծել է արևմտյան ընկերությունների արտադրած և ռուսական շուկայի համար արգելված ավելի քան կես միլիարդ դոլարի չիպեր, որոնք կարող են օգտագործվել սպառազինության արտադրության մեջ։
Ներմուծվել են միլիոնավոր դոլարների հասնող և ռազմարդյունաբերության մեջ կիրառվող հաստոցներ, քաղավիացիայի համար անհրաժեշտ արևմտյան արտադրության պահեստամասեր՝ 171 միլիոն դոլարի։
Լրագրողներին հաջողվել է փակ մաքսային վիճակագրության միջոցով հաշվել 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստան ներմուծված պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքների ծավալը, ինչպես նաև պարզել, թե ինչպես են գործում ապօրինի մատակարարման սխեմաները։
Կարդացեք նաև
Ըստ պարբերականի, չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը շարունակում է ստանալ երկակի նշանակության չիպեր, որոնք կարող են օգտագործվել հրթիռների արտադրության համար։
Նախորդ վեց ամիսներին Ռուսաստանի իշխանությունները մաքսազերծել են ամերիկյան «Analog Devices Inc.» ընկերության ավելի քան 98 միլիոն դոլարի ապրանքներ, «Xilinx»-ի՝ ավելի քան 75 միլիոն դոլարի, «Microchip Technology»-ի՝ ավելի քան 42 միլիոն դոլարի, «Texas Instruments»-ի՝ առնվազն 38 միլիոն դոլարի և Գերմանիայի խոշորագույն կիսահաղորդչային արտադրող «Infineon»-ի կողմից արտադրված ավելի քան 28 միլիոն դոլարի ապրանքներ:
Ի հավելումն, մոտ 17 միլիոն դոլար ընդհանուր արժեքով Ռուսաստան են ներկրվել «Marvell», «Cypress Semiconductor» և «Atmel» ընկերությունների ապրանքներ։
Հարյուրավոր ընկերություններ Ռուսաստան են ներկրում երկակի նշանակության չիպեր, սակայն «Вёрстка»-ի կազմած ցանկի 25 խոշոր ներկրողներից 11-ը` ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների անմիջական մատակարարներն են։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել առաջատար հինգ ընկերություններից երկուսի դեմ` «Analog Devices Inc.»-ի արտադրանքի ներմուծողները` «ВМК»-ի և «Тесткомплект»-ի, որոնք հանդիսանում են «Ростех»-ի մատակարարները: Հունվարին կիրառված պատժամիջոցները, սակայն, չխանգարեցին նրանց գործունեությանը. տարեսկզբից ներկրել են գրեթե 20 միլիոն դոլարի ապրանքներ։
Բայց չիպերը արգելված ապրանքներից միակը չեն, որը խիստ անհրաժեշտ է ռուսական ռազմարդյունաբերական համալիրին: Օրինակ, «Unimatic» ընկերությունն այս տարվա սկզբից իտալական «O.M.V»-ից և գերմանական «Arinstein»-ից ազատորեն Ռուսաստան է ներմուծել հաստոցներ՝ առնվազն հինգ միլիոն դոլար արժողությամբ։ Ավելին, որոշ դեպքերում արտադրողն ինքն է հանդես եկել որպես առաքիչ. մայիսին «Unimatic»-ը ֆրեզերային հաստոցներ տեղափոխեց Ռուսաստան, որոնք Իտալիայից ուղարկվել էին «O. M. V. Officine»-ի կողմից, չնայած նման արտադրանքը նույնպես գտնվում է Եվրամիության արտահանման վերահսկողության ներքո: «Вёрстка»-ն ընդգծում է` «Unimatic»-ի գլխավոր պատվիրատուներից մեկը տանկերի հրանոթներ արտադրող ռուսական առաջատար «Թիվ 9 գործարանն» է:
Պարբերականի համաձայն, ռուսական չորս խոշորագույն ավիաընկերությունները՝ «Аэрофлот»-ը, «S7»-ը, «Победа»-ն և «Россия»-ն այս տարվա սկզբից ներմուծել են ինքնաթիռների մասեր՝ համապատասխանաբար, 47, 35, 13 և 15 միլիոն դոլարի։ Գրեթե բոլոր բաղադրիչներն արևմտյան արտադրողներից են:
Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերության դեմ սահմանված պատժամիջոցները արգելք են դրել Մոսկվային` ինքնաթիռների սարքավորումների և պահեստամասերի մատակարարման վրա։
Նշվում է, որ դեպի Ռուսաստան վերաարտահանման հիմնական ուղղություններն են Չինաստանը, Հոնկոնգը, ԱՄԷ-ն և Թուրքիան: Կարևոր դեր են խաղում նախկին ԽՍՀՄ պետությունները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Ուզբեկստանը։
Եվրամիությունից մատակարարումներով զբաղվում են Իտալիան, Գերմանիան և Էստոնիան։
Ըստ հետաքննության, պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքների մուտքը Ռուսաստան հետևյալ սխեման ունի` երրորդ երկրում գրանցված ընկերությունը կա՛մ ներքին շուկայից գնում է անհրաժեշտ ապրանքը, կա՛մ պատվիրում է անմիջապես արտադրողից և վերաարտահանում Ռուսաստան։ Նման ընկերությունները գրանցված են ինչպես ռուսների, այնպես էլ օտարերկրացիների կողմից։ Բայց օտարերկրյա հիմնադիրի հետ տարբերակն ավելի հուսալի է, քանի որ որոշ մատակարարներ ուշադիր են այդ հարցում։
Հետաքննության համաձայն, գրեթե ամեն ինչ կարելի է ներմուծել Ռուսաստան` աշխարհի ցանկացած կետից. երկակի օգտագործման չիպից մինչև «Airbus»-ի տուրբոռեակտիվ շարժիչ: Արևմտյան ընկերությունները նման սխեմաների մասնակցում են երրորդ երկրների միջոցով, իսկ ռուսական իշխանությունները հաջողությամբ շրջանցում են եվրոպական և ամերիկյան պատժամիջոցները։