Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության իմիտացիայի կարիքը չկա՛

Օգոստոս 01,2023 10:00

Եթե մարդը պետական կամ քաղաքական գործիչ է, ապա, պարզ է, որ նա պարտավոր է հաշվի առնել թե՛ սեփական քաղաքացիների եւ թե՛ այլ պետություններում որոշում ընդունողների կարծիքը: Եթե մարդը մասնավոր անձ է, ասենք, ինձ նման, ապա այդ մտահոգություններն ամենեւին պարտադիր չեն: Օրինակ, ինչ են Հայաստանի մասին մտածում Կրեմլում, այդ հարցն ինձ բացարձակապես չի հուզում: Մի երկիր, որը հարձակվել է հարեւան երկրի վրա եւ տասնյակ հազարավոր զոհերի պատճառ է դարձել, չի կարող որեւէ հարցում հեղինակություն լինել:

Բայց ես նույնքան անտարբեր եմ այն հարցին, թե ինչ է մեր մասին մտածում Արեւմուտքը: Արեւմտյան երկրներից շատերն իսկապես մեծ հաջողությունների են հասել իշխանությունների ճյուղերի բաժանման, իշխանության փոփոխելիության եւ իրական քաղաքացիական հասարակության ստեղծման ուղղությամբ: Այդ ամենին, իհարկե, պետք է ձգտել: Բայց մեր հանդեպ վերաբերմունքի հետ դա որեւէ կապ չունի:

Արեւմուտքը աչք է փակում Հայաստանի դատական համակարգում անցկացվող «զտումների», ոստիկանության կամայականությունների, քաղաքական հետապնդումների, լրագրողների նկատմամբ պետական տեռորի վրա: Արեւմուտքին, հետեւաբար, մեր ժողովրդավարությունը բացարձակապես պետք չէ: Նրան հետաքրքրում է Փաշինյանի ռեժիմին սատարելը, եւ դա ունի զուտ քաղաքական պատճառներ:

Հետեւաբար, մարդիկ, որոնք զարմանում են, թե ինչպես է Փաշինյանին հաջողվում խաբել եվրոպացիներին եւ ձեւ անել, թե իբր մեզ մոտ ժողովրդավարություն է, այդ մարդիկ, կարծում եմ, սխալվում են: Ի տարբերություն ՀՀ միամիտ քաղաքացիների՝ եվրոպական համապատասխան կառույցներին «ֆռռացնելը» շատ բարդ է՝ նրանք ավելի հմուտ ստախոսներ եւ խաբեբաներ են տեսել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս դեպքում ժողովրդավարության իմիտացիա անելու կարիքը բացարձակապես չկա: Եթե Փաշինյանն անգամ «Հրազդան» մարզադաշտում համակենտրոնացման ճամբար սարքի եւ օրական 200 մարդ գնդակահարի, միեւնույն է, այդ կառույցները կասեն, որ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն անցկացնում է ժողովրդավարական բարեփոխումներ: Քաղաքական շահերն այս պարագայում ավելի կարեւոր են, քան արժեքները:

Իսկ ժողովրդավարությանը պետք է ձգտել հենց մե՛զ համար՝ անկախ Արեւմուտքի կարծիքից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031