«Ցավով պետք է արձանագրեմ, որ հումանիտար ուղեբեռն արդեն վեցերորդ օրն է որեւէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին, որի նպատակը բարդ հումանիտար վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վիճակն փոքր–ինչ մեղմելն է»,–քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Կոռնիձորում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Վերջինիս խոսքով՝ բոլորս ականատես ենք լինում, թե Լեռնային Ղարաբաղում ապրողներն ինչ զրկանքների միջով են անցնում՝ պայմանավորված 8-ամսյա ճգնաժամով։
«Ականատես ենք լինում, հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող եւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր դեպքերի, որոնք հետեւանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինաբար փակման։ Մինչդեռ այս բեռնատարներում գտնվող սնունդը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»,-ասաց նա։
Ի դեպ, կեսօրին Վարդան Սարգսյանը հայտարարել էր, որ դեռեւս արձագանք չկա նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմից, որին Հայաստանը խնդրել էր տեղ հասցնել հումանիտար օգնությունը։
Կարդացեք նաև
Արդեն 6-րդն օրն է, ինչ Արցախ հումանիտար օգնություն տանող 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամուրջից քիչ վերեւ։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա եւ 9 տոննա դեղորայք։ Բացի նշվածից, Արցախին նվիրաբերված մոտ 700 տոննա բեռ պահեստավորված է Գորիսում եւ Երեւանում;
Արմեն ԴԱՎԹՅԱՆ