Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանն է դրված բանակցային սեղանի վրա, ՀՀ իշխանությունները փակել են Արցախի թեման. Թեւանյան

Հուլիս 31,2023 21:33

Գրականագետ Սերժ Սրապիոնյանի համոզմամբ, եթե ժողովուրդը չկարողանա այս իշխանություններին հեռացնել, ուրեմն ժողովուրդն արժանի է նրան, ինչին հանդիպել է:

«Այս խունտան չպետք է լինի: Հայոց պատմության մեջ երբեւէ չի եղել մի դեպք, որ Հայաստանն ունենա կառավարություն, որը հարյուր տոկոսով համաձայն լինի իր դահիճի հետ»,- այսօր «Հայաստանի եւ Արցախի անվտանգային հիմնախնդիրները եւ լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց գրականագետը:

Հայաստանին ու Արցախին, ըստ գրականագետի, 3 տեսակի սցենար է սպասվում. «Կամ թուրքանում ենք՝ խաղաղ, կամ գնում ենք կռվելու՝ ապրելու կամ մեռնելու պայմանով, կամ գնում ենք հակասահմանադրական միջոցներով խունտային լռեցնելու. չկա այլ ճանապարհ»:

Քննարկման բանախոսներից «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանն էլ նկատեց, որ Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ եւ  այդ մասին շատ լավ գիտեն ՀՀ իշխանությունները. «Հայաստանն արեց մի բան, որին աշխարհում ոչ մեկ չէր սպասում: Նա հանձնեց իր երեխային այն դեպքում, երբ դա անհնար էր պատկերացնել: Այդ ամենից հետո Ռուսաստանի ձեռքերը կապվեցին: Մենք ստացանք մի պատկեր, երբ Ռուսաստանը, փաստացի, դիմադրության է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից: Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, փաստացի, լուծարվում է այն կետը, որն առկա է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դա վերաբերում է Լաչինի միջանցքին: Եթե Արցախն Ադրբեջանինն է, ապա Լաչինի միջանցքն էլ է Ադրբեջանինը, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի: Միջազգային հանրությունն այս որոշմանը դեմ չի գնա: Արեւմուտքի համար շատ կարեւոր է այս տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը, եւ դրա առաջին քայլը ռուս խաղաղապահների դուրս մղումն է, այնուհետեւ կառաջանա ռուսական ռազմաբազայի խնդիրը եւ դրանից հետո Հայաստանի պետականության խնդիրն է, որովհետեւ մենք այդ դեպքում որեւէ հնարավորություն չենք ունենա անվտանգային միջավայրում»:

Ըստ Թեւանյանի՝ ՀՀ իշխանությունները փակել են Արցախը, որպես բանակցային թեմա. «Այսօր քննարկվում է Հայաստանի հարցը: Բանակցային գործընթացը բացառապես Հայաստանի մասին է, եւ Հայաստանն այս դեպքում ոչ թե սեղանի շուրջ է նստած, այլ դրված է սեղանի վրա: Պետության ղեկավարի մակարդակով քարոզվում է հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը. դա արվում է դիտմամբ: Կեղծ թեզ է շրջանառվում, թե Արցախը հանձնելով հնարավորություն կունենանք պահել 29.800 քառակուսի կիլոմետրը: Վերջերս Մոսկվայում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման ընթացքում արձանագրվեց այն փաստը, որ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում է որեւէ քարտեզով որեւէ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներից: Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ, այդ մասին շատ լավ գիտեն ՀՀ իշխանությունները»:

Թեւանյանը ներկայացրեց նաեւ Արցախին սպասվող իր սցենարները. «Արցախին սպասվելու է երեք սցենար՝ 120 հազարանոց մասսայական գաղթ, Արցախը մնում է այս վիճակում եւ մենք 21-րդ դարում ստանում ենք հայկական երկրորդ ցեղասպանությունը, էթնիկ զտում՝ աշխարհի լուռ հայացքի ներքո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31