Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկական մամուլը՝ Դելիի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումների մասին

Հուլիս 31,2023 17:41

«Ազատություն». «Դիվանագիտական լարվածություն Հնդկաստանի և Ադրբեջանի միջև՝ Հայաստանին հնդկական արտադրության սպառազինության մատակարարումների մասին հրապարակումների հետևանքով», – վերջին օրերին Դելիում լույս տեսնող պարբերականները այսպես են բնութագրում երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանա-հնդկական հարաբերություններում այս լարվածությունը ծագեց այն բանից հետո, երբ անցած շաբաթ պաշտոնական Բաքվի վերահսկողության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցներ տեսանյութ հրապարակեցին՝ պնդելով, որ դրանում պատկերված է համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի տեղափոխումը Հայաստան՝ Իրանի տարածքով։

Հնդկաստանի ամենահեղինակավոր գործարար պարբերականը՝ Economic Times-ը, խնդրին քաջածանոթ անձանցից մեկին վկայակոչելով, անցած շաբաթավերջին, ըստ էության, հաստատել է, թե սպառազինության մատակարարման փաստը և թե այն հանգամանքը, որ այն Հայաստան է հասցվել Իրանի տարածքով։ Թերթի պնդմամբ՝ դա կատարվել է՝ «երկկողմ համաձայնագրի հիման վրա»։

«Հայաստանի Pinaka համակարգերը ձեռք բերելու որոշման վրա ազդած պատճառներից մեկը հակառակորդ Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ ինքնաոչնչացվող դրոնների կիրառումն է։ Որպեսզի համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ի վիճակի լինի նման պայմաններում մարտի դաշտում երկար գործել, այն պետք է օժտված լինի կրակելու և դրանից հետո արագորեն հեռանալու կարողություններով։ Pinaka Mk-1 համակարգերին բնորոշ ունակություններից մեկը հենց դա է», – գրում է Eurasian Times-ը։

Բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը հնդկական կողմի այս պնդումը հաստատում է։ Ռազմական մի շարք մասնագիտացված պարբերականներ պնդում են, որ Pinaka համակարգերը մարտական պատրաստության են բերվում 3 րոպեում, իսկ առաջադրանքը կատարելուց հետո այն տեղակայման վայրը կարող է լքել երկու րոպեում։

Hindustan Times-ի բնորոշմամբ՝ Pinaka-ն ամերիկյան Himars համակարգերի հնդկական համարժեքն է։ Pinaka Mk-1 համակարգի հեռահարությունը հասնում է 38 կիլոմետրի, այն ի վիճակի է 44 վայրկյանում 12 հրթիռ արձակել», – գրում է թերթը, հիշեցնելով նաև, որ հնդկական բանակն այս համակարգերը տեղակայել է Պակիստանի և Չինաստանի հետ սահմանների երկայնքով։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31