Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեկ անգամ հումանիտար բեռով մեքենան, որի վրա գրված է՝ ՄԱԿ, Լաչինի միջանցքով մտնի Արցախ, դա կդառնա նախադեպ, միջանցքը կգործարկվի»․ «Բացում» նախաձեռնության անդամ

Հուլիս 31,2023 17:33

«ՄԱԿ-ն առաջնային մանդատ ունեցող միջազգային կազմակերպություն է, որն ունի ամենաշատ անդամ պետություններ, ունի բազմաթիվ հռչակագրեր, կոնվենցիաներ, որոնք երաշխավորում են աշխարհի յուրաքանչյուր կետում մարդու կյանքի իրավունքը, առողջ ապրելու իրավունքը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, ունի Պարենի համաշխարհային ծրագիր, որը բազմաթիվ անգամ ամենաթեժ կետերում պարեն է հասցրել եւ ունի միջազգային դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, եւ որից անցել է հինգ ամիս, ոչ մի արդյունք չկա»,-այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հրավիրված ասուլիսում հայտարարեցին «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են բողոքի ցույցերն իրականացնում ՄԱԿ գրասենյակի մոտ, այլ ոչ թե օրինակ ԵՄ գրասենյակի մոտ։

Նախաձեռնության անդամներից մեկի խոսքով՝ քաղաքացիական այս նախաձեռնության նպատակն է ստիպել, որպեսզի միջազգային մեխանիզմներն աշխատեն․ «Մենք միայն պարեն չենք հավաքում, այլ փորձում ենք միջազգային մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ ձեւավորել մեր ճնշմամբ, եւ հստակ հասկացնենք՝ եթե դուք ունեք հռչակագրեր մարդու իրավունքների մասին կամ ունեք նպատակներ, որոնք չեն իրականացվում, ապա մենք՝ ՀՀ քաղաքացիներս լեգիտիմ իրավունք ենք ստանում ձեզ հուշելու, ճնշում գործադրելու, ստիպելու՝ հռչակագրերը կյանքի կոչեք»։

A press conference dedicated to the ‘Opening’ initiative took place in front of the UN Armenian office

Արդյունքներին անդրադառնալով, նրանք ասացին՝ երկու շաբաթ առաջ ՄԱԿ գրասենյակի մոտ ընդամենը մեկ տոպրակ էր դրված, այսօր տասնյակ տոննաների պարեն կա․ «Այսքանը բավարար է հասկանալու համար, որ շատ կարճ ժամանակում ինչ արդյունքի հասանք։ Մենք այսքանով չենք սահմանափակվելու, ըստ արձագանքների՝ մշակելու ենք լրացուցիչ քայլեր, որպեսզի հասնենք մեր նպատակին։ Մեր նպատակը նախադեպ գործադրելն է՝ եթե գեթ մեկ անգամ որեւէ ավտոմեքենա՝ բարձված հումանիտար բեռով, որի վրա գրված է ՄԱԿ, Լաչինի միջանցքով մտնի Արցախ, ապա դա դառնալու է նախադեպ եւ միջանցքն արդեն գործարկվելու է։ Ամբողջ խնդիրը այդ մեկ անգամն է»։

Նախաձեռնության անդամները Սփյուռքին կոչ արեցին ՄԱԿ-ի գրասենյակների մոտ բողոքի ցույցեր անել, իսկ առաջին հերթին՝ Նյու Յորքում։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31