Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանի հոր առեւանգման գործը քննող դատավորը մեղադրյալներից մեկի հոր մտերիմն է

Հուլիս 31,2023 18:20

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով այսօր նախնական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Մարդանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչին դատավարական բոլոր կողմերը համաձայնություն տվեցին: Դատավոր Մարդանյանը որպես ինքնաբացարկի հիմք հայտնեց, որ դեռեւս 90-ականներից գործով անցնող մեղադրյալներից Մուրադ Մուրադյանի հոր՝ Ալբերտ Մուրադյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում:

Ըստ դատավորի՝ աշխատանքի բերումով շփվել են, որը վերածվել է ընկերության, մտերմության, սկսել են շփվել ընտանիքներով: Նա հիշեց, Մուրադ Մուրադյանի մանկահասակ տարիները՝ ասելով, որ այդ հանգամանքները կարող են կասկած հարուցել իր անկողմնակալության առումով, որից ելնելով հայտնեց ինքնաբացարկ: Միաժամանակ նա ասաց, որ գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ եւ դիմելով կողմերին՝ առաջարկեց իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը, հայտարարեց 15 րոպե ընդմիջում:

Ընդմիջումի ավարտից հետո պաշտպանական կողմը, բոլոր 4 մեղադրյալների պաշտպանները, հայտնեցին միահամուռ որոշում՝ դատավորի ինքնաբացարկը պետք է բավարարվի:

Պաշտպաններից մեկը, ներկայացնելով բոլոր պաշտպանների եզրահանգումն, ասաց, որ գործի քննությունը թեեւ չի էլ սկսել ու որքան էլ այս պահին վստահելի լինի նախագահող դատավորի խոսքը, հնարավոր է քննության ժամանակ առաջանան իրադրություններ, երբ մեղադրյալների վարքագծում, տված ցուցմունքներում առաջանան որոշակի հակասություններ, իսկ դատավորի նշած հանգամանքը թույլ չի տա նախագահող դատավորին լինել օբյեկտիվ ու անաչառ: Հետեւաբար, ինքնաբացարկի մասին նախագահող դատավորի հայտարարությունը ենթակա է բավարարման:

Մեղադրող Բարսեղյանը նույնպես պնդեց, որ նշված հանգամանքը կարող է ողջամիտ կասկածներ հարուցել անաչառության առումով, հետեւաբար, գտնում է, որ ինքնաբացարկը պետք է բավարարվի:

Տուժող Խաչատուր Քոքոբելյանի ներկայացուցիչը եւս միացավ ինքնաբացարկի միջնորդության բավարարման պահանջին:

Դատավորը բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ ասելով, որ գործը կհանձնի դատարանի նախագահին, այլ դատավորի փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներից մեկը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանն է: Ի պաշտպանություն Մանուկյանի՝ այսօր դատական նիստին ներկա էր նաեւ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավորը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մոտ մեկ տարի է՝ Սուրեն Մանուկյանը ապօրինի գտնվում է կալանքի մեջ: Ըստ նրա՝ չկա որեւէ հիմնավոր ապացույց, որ Մանուկյանն այդ գործի մասնակիցն է, գործի նյութերին ծանոթանալով՝ փաստվեց այդ ամեն ինչը: Պատգամավորի խոսքով, պետք է արդարությունը հաղթի ու Սուրեն Մանուկյանն օր առաջ լինի ազատության մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31