Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք հույս ունենք, որ իրավիճակի վրա կարող են ազդել ավելի ազդեցիկ կառույցները, ինչպիսին օրինակ ՄԱԿ-ն է»․ Նարեկ Այվազյան

Հուլիս 31,2023 16:15

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ շարունակում է Բերձորի միջանցքի բացման եւ հումանիտար բեռների տեղափոխման նպատակով իրականացվող գործողություններն՝ նաեւ ի աջակցություն Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից առեւանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի։ Այսօր նախաձեռնության անդամները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին։ Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ իրենց նամակն արդեն փոխանցվել է հայաստանյան գրասենյակի ղեկավարությանը, պատասխան դեռ չեն ստացել։

Նախաձեռնության անդամներից Հասմիկ Իսրայելյանն ասաց, որ ՄԱԿ-ից իրենց փոխանցել էին, որ չունեն անհրաժեշտ փաստեր՝ որեւէ գործողություն իրականացնելու համար․ «Մենք հավաքել ենք բոլոր փաստերը՝ լուսանկարներ, տեսանյութեր, մարդկանց պատմություններ, որոնք փաստում են, որ Արցախում այսօր լուրջ հումանիտար խնդիր է, մարդկանց իրավունքներն են խախտվում՝ շրջափակման հետեւանքով։ Այդ ամենը հավաքել ենք եւ փոխանցել Մ«ԱԿ-ի գրասենյակին»։

Ցույցի անդամները մոտ 30 րոպե փակ պահեցին ՄԱԿ գրասենյակի մուտքերն ու ելքերը։

Նախաձեռնության անդամները կրկին կոչ արեցին բոլորին միանալ եւ միավորվել մեկ նպատակի շուրջ՝ բացել Բերձորի միջանցքը եւ միացնել Արցախը Հայաստանին՝ կենսական նշանակություն ունեցող պորտալարով։

 Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Այսօր նախաձեռնության անդամները հրավիրված ասուլիսում ամփոփեցին իրենց գործողությունները։

«Մենք կանգնած ենք Արցախի կողքին, Ազատության հրապարակի հավաքներն այսօրվանից տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի դիմաց։
Այստեղ հումանիտար բեռ ենք հավաքել, որը փոխանցելու ենք ՄԱԿ-ին, որպեսզի նրանք էլ Բերձորով փոխանցեն Արցախի մեր հայրենակիցներին»,-ասաց Նարեկ Այվազյանը։

Նրա խոսքով․«Մենք մեր ձայնը բարձրացրեցինք, որպեսզի նաեւ մեր խոսքը հասնի ՄԱԿ-ի գլխամաս։ Մենք տեղյակ ենք, որ նրանք ուշադիր մեզ հետեւում են, ամենօրյա ռեժիմով այստեղ հավաքվածների եւ հումանիտար բեռի հետ կապված ամեն օր հարցնում են ու զեկուցում իրենց։ Հետեւաբար, սրան ավելի մեծ թափ հաղորդելու դեպքում մեր ձայնն ավելի բարձր կլսվի, միջազգային հանրությունը, միջազգային լրատվությունը նույնպես մասնակից կդառնա, ուստի կոչ եմ անում բոլորին միանալ մեր նախաձեռնությանը»։

Թե նախաձեռնության գործողություններն ինչ արդյունք են տվել, ՄԱԿ-ից ու Կարմիր Խաչից ինչ ակնկալիքները կան, Այվազյանն ասաց՝ Կարմիր Խաչը քաղաքական կազմակերպություն չէ, հումանիտար օգնություն հասցնող ընկերություն է․ «Կարմիր Խաչն անարգել գործում է աշխարհի յուրաքանչյուր անկյունում, սակայն մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցած այդ գործընթացը ապացուցում է, որ Ադրբեջանը ոչ խաղաղության է գնալու, ոչ էլ հանգստանալու է այդ մեկ դեպքով (նկատի ունի Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը)։ Բազմաթիվ են գերեվարման դեպքերը։ Փաստացի, կողմերը ի վիճակի չեն խնդիրը լուծել։ Մենք հույս ունենք, որ իրավիճակի վրա կարող են ազդել ավելի ազդեցիկ կառույցները, ինչպիսին օրինակ ՄԱԿ-ն։ ՄԱԿ-ը եզակի կառույցներից չի, այլ կազմակերպություններ էլ կան, որոնց կարելի է զուգահեռաբար դիմել։ Օրինակ՝ ԵՄ-ն այստեղ մոնիթորինգ է իրականացնում, որը որոշակի զսպող գործիք է դարձել լայնածավալ բախումներից զերծ պահելու համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31