«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքին։
«Մի՞թե Ալիեւը մի քանի ամիս առաջ չէր ասել, որ Արցախի բոլոր բնակիչներին դա է սպասվում։ Եվ երբ մեր որոշ ղեկավարներ, ռուսները, թուրքերը ասում են՝ ինտեգրացիա, ես ձեզ ասեմ, որ ինտեգրացիան դա է լինելու։ Արցախի բնակչության ինտերգրացիան լինելու է ադրբեջանական բանտերում։ Նույնիսկ իրենց համար մինչեւ հիմա աշխատող, լրտեսություն անող հայերի ինտեգրացիան է լինելու այդ ճանապարհով։ Բոլոր արցախցիների ինտեգրման պրոցեսը ադրբեջանական բանտերի միջոցով է լինելու։ Այս օրինակով էլ ցույց են տալիս, թե ինչ է լինելու»,- ասաց Հայրյանը։
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանն էլ, անդրադառնալով այս դեպքին, նշեց․ «Երբ Ադրբեջանը տեղադրեց այդ ապօրինի անցակետը, մենք ասել ենք, որ չի կարելի այդ անցակետով անցնել եւ փաստաթղթեր ներկայացնել։ Այսինքն՝ այդ անցակետն անօրինական է, ՄԱԿ-ի կոնվենցիաներով ոչ մի հումանիտար միջանցքում չի կարող լինել ոչ մի անցակետ։ Այսինքն՝ Ադրբեջանն անօրինական բերել դրել է, եւ սա Արցախի իշխանությունների մեղքն է, որ իրենք տրվել են այդ գայթակղությանը եւ թույլ են տվել, որ «Կարմիր խաչի» միջոցով տեղափոխվող անձինք անցակետում գրանցվեն։ Դա շատ մեծ սխալ է, ինչի մասին մենք միշտ ահազանգում ենք, որովհետեւ մենք 1990-ական թվականներին նույն բաները տեսել ենք, եւ գիտեինք, որ այդ անցակետում սկսելու են մարդկանց առեւանգել, հաջորդիվ կարող են կանանց ու երեխաներին առեւանգել։ Այսինքն՝ հայերը պետք է հասկանան, որ չի կարելի այդ անցակետով ընդհանրապես անցնել»։
Կարդացեք նաև
Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ ադրբեջանցիները սուտ մեղադրանքներ են ներկայացնում Վագիֆ Խաչատրյանին, եւ դրա դեմ պետք է պայքարել։ «Մենք պետք է դիմանանք ու ապացուցենք, որ մեր պայքարը 1990-ական թվականներին ոչ թե ահաբեկչություն էր Ադրբեջանի դեմ, այլ ազգային ազատագրական պայքար էր։ Եվ հայկական բոլոր իշխանությունները հանցագործություն են արել, որովհետեւ իրենք խախտել են թե Հայաստանի Սահմանադրությունը, թե Անկախության հռչակագիրը»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ