Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտենք էլ, թե ինչ վիճակում է, ո՞ղջ է հայրիկս, սիրտը դիմացե՞լ է,»․ առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը լուր չունի հորից

Հուլիս 31,2023 15:11

«Խնդրում եմ, հայրիկիս վերադարձնել»․-այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ այսպիսի կոչով դիմեց Հակարիի կամրջի մոտ առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հորից լուր չունի, եւ թեեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին, եւ նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, դուստրն ասաց, որ ընտանիքի անդամները չեն խոսել հոր հետ․ «Ոչ քույրս, ոչ մայրս, ոչ էլ մեր հարազատներից որեւէ մեկը կապ չի հաստատել հայրիկիս հետ։ Չունենք ոչ մի տեղեկություն։ Առաջին օրը Կարմիր Խաչից զանգել են քույրիկիս ու ասել, որ Բաքվի հիվանդանոցում է, կարծես թե դա լավ լուր է, իսկ ես ուզո՞ւմ եմ, որ նա Բաքվի հիվանդանոցում լինի։ Ես ուզում եմ հայրս հայրենիքում բուժվի»։

Վերա Խաչատրյանն ասաց, որ հայրը սրտի լուրջ խնդիրներ ունի, նրան տեղափոխում էին Հայաստան՝ վիրահատության։ Դուստրն արտասվելով ասաց․ «Սրտի բաց վիրահատություն պիտի տաներ։ Չգիտենք էլ, թե ինչ վիճակում է, ո՞ղջ է հայրիկիս, սիրտը դիմացե՞լ է, թե՞ չկա»։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, իբր թե նա Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին «սպանել է ազգությամբ ադրբեջանցիների, բռնի տեղահանել նրանց ու ոչնչացրել պետությանը պատկանող գույքը»։

Վերա Խաչատրյանը հերքեց, որ հայրը, ինչպես լրատվամիջոցներից մեկն էր գրել, եղել է Սամվել Բաբայանի վարորդը․ «Դա կեղծ լուր է։ Ադրբեջանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում առաջադրված մեղադրանքին, Վերա Խաչատրյանն ասաց․ «Իմ հորն ով ճանաչում է՝ գիտի, որ նա բավականին հավասարակշռված, զուսպ, բարի մարդ է։ Նույնիսկ եթե նրան նման հանձնարարություն տային, նա նույնիսկ ադրբեջանցու հանդեպ այդպես չէր վարվի։ Հայրս արժանապատիվ կյանք է ապրել։ Ադրբեջանում ինչ-որ լուսանկարներ են տարածում, իբրեւ թե հորս երիտասարդ տարիների նկարներն են։ Դա հայրս չէ, չգիտեմ՝ ում նկարն են տեղադրում։ Խնդրում եմ՝ դուք պետք է ինձ օգնեք հայրիկիս ողջ- առողջ վերադարձնեք, հայրիկս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Ինչպես Արցախի ՄԻՊ-ն է հայտնել, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները Վագիֆ Խաչատրյանի անձնագիրն են պահանջել՝ ստուգելու նպատակով, այնուհետ նրան տեղափոխել բժշկական սենյակ․ «Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Այս բոլոր գործողությունները ընթացել են Վագիֆ Խաչատրյանի դստեր ներկայությամբ, որը փորձել է անել հնարավորը հոր առևանգումը կանխելու համար, սակայն նրան սպառնացել են ուժի կիրառմամբ»։

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31