Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաբլուրում հուղարկավորված 986 արցախցիներից 243-ը Հադրութի շրջանից են, եւ շատ վիրավորական է մեզ համար, որ ասում են՝ թողել փախել են»․ Մարգարիտա Քարամյան

Հուլիս 31,2023 14:47

«44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված շրջաններից տեղահանված անձինք այսօրվանից նստացույց են սկսում Հայաստանի կառավարության շենքի մոտ։ Մասնավորապես, նստացույցը նախաձեռնել են Հադրութից տեղահանված բնակիչները։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն երեք տարի է՝ կառավարությանը կոչ են անում չանտեսել փախստականների խնդիրները։ «Փախստականների խնդիրը 35 տարվա ընթացքում Հայաստանում չի դարձել պետական քաղաքականության մաս, այնինչ սա այն առանցքային խնդիրն է, որը պետք է Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ մեծ դեր ունենա։ Մենք անտեսելով այս խնդիրը՝ եկել հասել ենք այս հանգրվանին, որ Ադրբեջանը «Արեւմտյան Ադրբեջանի» իր թեզն է ներկայացրել, ինչը նշանակում է, որ ինքը համարում է, որ Արցախի հարցը փակված է, արդեն անցել է Հայաստանին։ Բայց տեսնում ենք, որ հիմա էլ չկա այդ ըմբռնումը, բոլորը լուռ սպասում են, թե ինչի են սպասում, չգիտենք»,- ասաց նա։

Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ ինչ ճնշում էլ լինի, Հայաստանը չպետք է հրաժարվի Արցախի հայության՝ իր ազգի մի մասի անվտանգության երաշխավորը լինելուց։ «Ցավոք սրտի, ստացվեց այնպես, որ ոչ միայն այդ թեզից հրաժարվեց Հայաստանը, նաեւ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԵԽԽՎ-ում մեր պատգամավորներն ավելի առաջ գնացին, ասացին, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Ես բազմիցս ասել եմ՝ Հայաստանի ներկայիս իշխանության գործելաոճի տրամաբանությունը չի տեղավորվում լուրջ տրամաբանության մեջ։ Ոչ մեկ աշխարհում Հայաստան պետությունը չի հարգի եւ չի ճանաչի, եթե նա հրաժարվում է իր ազգակիցների մի մասից։ Սա շատ մեծ սխալ է։ Ես չեմ կարծում, որ Արցախը կկործանվի, որովհետեւ մենք պայքարելու ձեւերը գիտենք, բայց Հայաստանը շատ մեծ վտանգների տակ է դրվում։ Եվ Հայաստանի բնակչությունը պետք է շատ լուրջ մտահոգվի իր ճակատագրով»,- ասաց Քարամյանը։

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի օրերին Հադրութից դուրս է եկել հոկտեմբերի 8-ին։ «Երկու օր հետո բոլորս գիտեինք, թե այնտեղ ինչ է կատարվել, բոլոր այն մարդիկ, որոնք մնացել են Հադրութում, դաժանաբար սպանվել են։ 23 հոգի դաժանաբար սպանվել են միայն Հադրութ քաղաքում եւ մոտակա գյուղերում, 16 հոգի մինչ այսօր անհետ կորած են համարվում։ Բոլորը քաղաքացիական անձանց մասին է, ես դեռ չեմ խոսում զինվորականների մասին։ Ասեմ, որ Եռաբլուրում հուղարկավորված 986 արցախցիներից 243-ը Հադրութի շրջանից են։ Եվ շատ վիրավորական է մեզ համար, որ ասում են՝ թողել փախել են։ Ինչքան էլ հիմա ձգտեն պառակտել մեր ազգին, չպիտի տրվենք դրան, քանի որ հիմա ոչ միայն Արցախի բնակչությունն է վտանգված, այլ նաեւ Հայաստանի։ Եվ Հայաստանի հասարակությունն ունի շատ մեծ խնդիրներ, որոնք գոնե պետք է սկսի քննարկել»,- ասաց նա։

Մարգարիտա Քարամյանը նաեւ հավելեց, որ Արցախի խնդիրը հումանիտար խնդիր չէ, քաղաքական խնդիր է։ Այս շրջափակումով արցախցիներին զրկում են բոլոր իրավունքներից, եւ այսօր ոչ թե սովի խնդիրը պետք է առաջնահերթ համարել, այլ իրավունքների խնդիրը։ «Մեզ ուզում են զրկել մեր իրավունքներից, եւ հաջորդիվ դա լինելու է Հայաստանի հասարակության հանդեպ, արդեն վտանգի տակ է Հայաստանը։ Եթե կառավարությունում նստած են մարդիկ, որոնք չեն հասկանում, որ արդեն հայոց պետականությունն է վտանգի տակ, դա չի նշանակում, որ մենք չպիտի պայքարենք»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    կօպիտ հավշարկօվ
    Հայաստան- 3,000,000
    Արցախ – 120,000

    Արցախ- 4 % զօհ

    Հայաստան- 0,25%
    Այս է, մառդւ սիռտը կանգնւմ ե։ sosk tver chen, jahel jivanner en: Tokh chshaharkven : Sorry.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31