ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:
Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, որով նախագահը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ պարոն Օքամփոն պատասխան նամակ է հղել Նախագահին, որտեղ մասնավորապես գրել է.
«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով:
Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել հիմնվելով փաստերից: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:
Հարգանքով՝ Լուիս Մորենո Օքամպո»:
Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ բացի պատասխան նամակից, անցած գիշերվա ընթացքում թեմայի կապակցությամբ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում նաև երեք անգամ անդրադարձել է գրառմամբ: