«Սա ոչ թե Հայաստանից Արցախ հումանիտար օգնություն է, այլ Երեւանից Կոռնիձոր, որովհետեւ այդ բեռնաշարասյան վերջնակետը հասել է Կոռնիձոր եւ ամենայն հավանականությամբ այնտեղից առաջ չի գնալու»,- «Հայելի» ակումբում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Կոռնիձորի հատվածում մնացած մեքենաներին, որոնք պետք է հումանիտար օգնություն հասցնեին շրջափակված Արցախ:
«Ես փորձել եմ հասկանալ այս խեղկատակության, այս ներկայացման հիմնական շարժառիթները: Նախ` Արցախը գերության մեջ հայտնվելուց հետո 2022թ դեկտեմբերից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ հանձնաժողովը այդ ընթացքում որեւէ քայլ չի իրականացրել, որեւէ նիստ չի հրավիրել, ոչինչ չի արել;
Մինչեւ այս վերջին խեղկատակությունը Հայաստան համահայկական հիմնադրամը հավաքագրել էր բեռներ՝ այդ թվում քաղաքացիներից եւ տարբեր կազմակերպություններից հանգանակած, եւ մի քանի մեքենա այդ բեռները փորձել էր ուղարկել Արցախ: Խոսքը դեռ այն ժամանակաշրջանի մասին էր, երբ տեղադրված չէր ադրբեջանական հսկիչ անցագրային կետը Հակարի կամրջի վրա, երբ դեռ կեղծ բնապահպաններն էին շրջափակել Արցախ ճանապարհը: Այդ բեռը մինչ այժմ Գորիսից այն կողմ չի գնացել, վերադարձել են մեքենաները, թե մնացել են Գորիսում, չգիտեմ, բայց որ Ստեփանակերտ չի հասել, դա հաստատ է»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով. «Երբ սրանք հայտարարեցին, որ մարդասիրական օգնության մեծ խմբաքանակ են տանում Արցախ, անկեղծ տպավորություն առաջացավ, որ հավանաբար որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում է կայացվել այդ որոշումը, որովհետեւ դրանից մեկ օր առաջ Մոսկվայում տեղի էր ունեցել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում: Ենթադրվում էր, որ այդ ժամանակ հայկական կողմը պետք է այդ հարցը բարձրացնի եւ օգտվելով եռակողմ ձեւաչափից ու ՌԴ արտգործնախարարի ներկայությունից՝ համաձայնություն ձեռք բերվեր, որ մարդասիրական օգնություն տեղափոխվեր Արցախ:
Կարդացեք նաև
Դրանից հետո Տիգրան Խաչատրյանի գլխավորած հանձնաժողովի նիստ հրավիրվեց, հաջորդ օրը բեռները տեղափոխվեցին ԱԳՆ-ի դիմաց, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանը, առողջապահության եւ սոցիալական ապահովության փոխնախարարները հրավիրեցին հանդիպում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հետ, նրանց ծանոթացրին Շահումյան հրապարակում կայանված բեռների հետ եւ ուղեւորվեցին դեպի Կոռնիձոր, իրենց ասելով՝ Ստեփանակերտ…
Ու թատերականացված միջոցառում, պաշտոնական հաղորդագրություններ, լուսանկարահանումներ…Ու բեռնատարները կանգնեցին Կոռնիձորում եւ ոչ մի քայլ առաջ: Հիմա հարց է առաջանում՝ եթե դուք նախապես պայմանավորվածություն ձեռք չէիք բերել ռուսական խաղաղապահ զորամիավորման, ադրբեջանական կողմի հետ, որի անցակետով պիտի անցնեին այդ բեռները, այդ ներկայացման իմաստը ո՞րն էր:
Ու հաջորդ օրն էլ Էդմոն Մարուքյանն է հարցազրույց տալիս բեռնատարների դիմացից՝ գլուխը կախ, թե ոնց չի հաջողվում, ապա այնտեղ է հայտնվում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, իր հետ Կոռնիձոր է տանում Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների աշխատակիցներին»:
Էդգար Ղազարյանը փաստում է. «Ես հատուկ նայել եմ բոլոր լուսանկարներն ու հաղորդագրությունները, ոչ մի դեսպան Վահան Կոստանյանի հետ չի գնացել Կոռնիձոր, բոլորն ուղարկել են միայն դեսպանատան աշխատակիցներին: Նման բաներն այն դեպքերում են լինում, երբ իրենք էլ են իմանում, որ անլուրջ իրադարձություն է, ֆունկցիոնալ որեւէ հարց չի լուծվելու: Դրա համար էլ դեսպանները հարկ չեն համարել այդքան ճանապարհ կտրել եւ Երեւանից հասնել այնտեղ: Մարդիկ հասկացել են, որ սա ներկայացում է, բայց որպեսզի ՀՀ արտգործնախարարությանն էլ չմերժեն, հարգանքից ելնելով իրենց աշխատակիցներին են ուղարկել… Օրինակ ԱՄՆ-ից այնտեղ էր գնացել USAID-ի տնօրենը, նույնիսկ դեսպանատան դիվանագիտական կազմից դիվանագետ չեն ուղարկել, այլ ուղարկել են ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի ղեկավարի….»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ