«Խնդրում եմ, իմ սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնել այս ցավի մեջ, սա միայն իմ ցավը չէ: Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է: Քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում, եւ այսօր հույս դուք եք, խնդրում եմ՝ ինձ միայնակ չթողնել, եղեք ինձ համար քույր, եղբայր, մայր, հայր, հորեղբայր, մորաքույր»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ ուսանողները Կարմիր խաչի գրասենյակի մոտ նստացույց են հայտարարել: Իսկ այսօր առավոտից փակել էին գրասենյակի մուտքը: Հիշեցնենք նաեւ, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
«Խնդրում եմ կանգնել կողքիս ձեր խորհրդով, ձեր ուժով, ինձ ուժ տվեք հայրիկիս հետ բերելու համար: Հայրս հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երեւան՝ սրտի վիրահատության համար: Մոտը աորտալ ստենոզ էր, պետք էր շտապ վիրահատվեր: Ուղեկցում էր քույրս, երբ մոտեցել են արդեն Հակարիի կամրջին, պետք է անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հորս անձնագիրը, այլեւս հետ չեն տվել, ասացին, որ պետք է գնաք սենյակ, բժիշկը պետք է հետազոտի: Այնուհետեւ ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնանք: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն պապային, երբ Կարմիր խաչի աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, այլ իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են՝ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Այդպես հայրիկիս տարել են անհայտ ուղղությամբ: Կարմիր խաչի մեքենայում այլ հիվանդներ էլ են եղել, բոլորը տեղափոխվել են, իսկ հայրիկիս փաստացի առեւանգել են»,-հորն առեւանգելու մասին մանրամասներ ներկայացրեց Վերա Խաչատրյանը:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Վագիֆ Խաչատրյանին թույլատրել են կապ հաստատել ընտանիքի հետ: Վերա Խաչատրյանը հայտարարեց՝ իրենցից ոչ ոք չի խոսել հոր հետ. «Ոչ ես, ոչ մայրս, ոչ հարազատներից որևէ մեկը կապ չի հաստատել հայրիկիս հետ, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք, միայն այն, որ ասել են՝ Բաքվում է ու հիվանդանոցում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ