Լրահոս
Օրվա լրահոսը

Հազվադեպ երևույթ Գյումրու ծննդատանը․ երկու ընտանիքներ միաժամանակ երկվորյակներ են ունեցել

Հուլիս 31,2023 12:38

Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի պատմության մեջ հազվադեպ երևույթ է տեղի ունեցել․ հուլիսի 25-ին երկու ժամվա տարբերությամբ երկու ընտանիքներում երկվորյակներ են ծնվել։

Հետաքրքիրն այն է, որ երկու ընտանիքներում էլ ծնված երկվորյակները տղա և աղջիկ են․ երկրորդ ծնունդն են։ Երկուսի դեպքում էլ առաջնեկը աղջիկներ են։

Մայրերից մեկը վաղաժամ է ծննդաբերել․ նրա մոտ 34 շաբաթական հղիություն է եղել․ ծննդկանը նաև ճնշման խնդիր է ունեցել։ Չնայած բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն ամեն ինչ բարեհաջող է անցել․ զավակներին ծննդաբերել է առանց կեսարյան հատման՝ բնականոն ճանապարհով։

Գյումրեցի Գևորգյանների ընտանիքում լույս աշխարհ են եկել Ստյոպան և Կամիլիան, տղան՝ 2 կիլոգրամ 600 գրամ քաշով, աղջիկը՝ 2 կիլոգրամ 800 գրամ։


Մայրը՝ Գյումրու տնտեսագիտական վարժարանի ուսուցչուհի Միլենա Ադամյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Իմ երկրորդ ծննդաբերությունն էր, առաջնեկս աղջիկ է՝ 3,5 տարեկան։

Երկրորդ անգամ մայրանալը լրիվ ուրիշ զգացում էր, հատկապես այն դեպքում, երբ հղիությունից մոտ մեկ ամիս անց իմացա, որ զույգեր են ծնվելու։ Աննկարագրելի զգացում էր։

Ես հայ մայրերին խորհուրդ կտամ շատ երեխաներ ունենալ, նրանք հաջողություն կբերեն ընտանիքներին, մեր երկրին էլ՝ հզորություն։ Թող տղաները շատանան», -ասաց Միլենա Ադամյանը։

Մյուս երկվորյակներն Աշոցքի տարածաշրջանից են, Գոգհովիտ բնակավայրից, նրանք ծնվել են Համբարյանների ընտանիքում։

Մայրը՝ Լուսինե Սիմոնյանն ասաց․ «Բարձր ճնշում ունեի, վաղաժամ եմ ծննդաբերել, շնորհիվ Գյումրու ծննդատան պրոֆեսիոնալ բուժանձնակազմի՝ բարեհաջող ծննդաբերեցի։ Տղաս ծնվեց 2 կիլոգրամ քաշով, աղջիկս՝ 1 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Իմ երկրորդ ծննդաբերություն է, առաջնեկս աղջիկ է՝ 2,5 տարեկան։

Նորածիններին անուններ դեռ չենք որոշել։ Ես էլ հայ ընտանիքներին խորհուրդ կտամ շատ երեխաներ ունենալ, մեր ազգին բազմանալ է պետք։ Իմ քույրիկը, օրինակ՝ եռյակ աղջիկների է լույս աշխարհ բերել»։

Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Հակոբ Մելոյանն էլ նշեց, որ 15 տարի է՝ աշխատում է ծննդատանը, առաջին դեպքն է, որ նույն օրվա մեջ մի քանի ժամվա տարբերությամբ զույգեր են ծնվում։


«Մեզ համար նշանակալի օր էր, որ նույն օրվա մեջ երկու մայրեր երկվորյակների են ծնում, միշտ չեն պատահում այդպիսի դեպքեր։ Մեծ կլինիկաներում միգուցե շուտ-շուտ են այդպիսի դեպքեր գրանցվում, բայց հաշվի առնելով մեր բնակչության ու սպասարկվող կանանց թիվը՝ մեզ համար դա լավ նորություն էր։

Ծնունդների թիվը Գյումրու ծննդատանը զգալի աճել է, մեկ օրվա մեջ՝ հուլիսի 25-ից մինչև հուլիսի լույս 26-ը ունեցել ենք 11 ծնունդ՝ 13 բալիկ, զույգերն էլ հետը»։
Հակոբ Մելոյանը նշում է, որ հետպատերազմյան շրջանում հայ մայրերի մոտ նկատելի է շատ երեխաներ ունենալու ցանկություն։

«Քիչ-քիչ երևում է տենդենցը, ծնելիության թիվն էլ բարձրանում է»,-ասում է Հակոբ Մելոյանը։

Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ծնարանի պատասխանատու Ալլա Հովհաննիսյան էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Երկու ժամվա տարբերությամբ ծնվեցին երկու բնականոն զույգ պտուղներ, առաջին պտուղը՝ գլխային, երկրորդը՝ տոտիկային առաջադրությամբ։ Բավականին բարդ ծննդաբերություններ էին, բայց, փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտվեց, ծննդաբերեցին բնականոն ճանապարհով։ Պատրաստվում ենք դուրս գրել»։

Բժշկուհին հայ մայրերին խորհուրդ է տալիս ծննդաբերել՝ հաշվի չառնելով տարիքը։

Ըստ նրա, երբեմն կանայք, հատկապես զավակ կորցրած մայրերը վատ են զգում տարիքից ու խուսափում են հղիանալ, բայց, ըստ Ալլա Հովհաննիսյանի, եթե նրանք ունեն առողջ մարմին ու կարող են հղիանալ, պիտի զավակներ ծնեն։

«Գիտեք ինչ ցնծություն է, երբ որ նահատակված զինվորի անունով պիտի կոչեն երեխային, մայրը կամ թեկուզ քույրն է ծննդաբերում, մենք ողջ անձնակազմով պատրաստվում ենք, անհամբեր սպասում ենք այդ ծննդաբերություններին։

Եվ առհասարակ բոլոր կանայք էլ պիտի շատ հղիանան ու ծննդաբերեն, մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք․ ծնունդների թիվն իջնում է, մահացությունը գերազանցում է ծնունդներին, վատ ցուցանիշ է սա մեր երկրի համար։ Սա չպիտի թույլ տալ», -ասում է Ալլա Հովհաննիսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31