Լրահոս
Օրվա լրահոսը

Ուր էլ լինենք, ազգանվեր նույն առաքելությունն ունենք. ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հուլիս 31,2023 12:04

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը. մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Հուլիսի 3-ից 28-ը 18 երկրի շուրջ 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվել է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:

ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և նշել. «ԿԳՄՍ նախարարությունը ջանք չի խնայում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը հագեցած բովանդակությամբ և առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար: Վստահ ենք՝ այս ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները լավագույնս կկիրառեք ձեր կրթօջախներում, և այդպիսով կապահովվի բոլորիս առջև դրված նպատակը՝ հայեցի կրթության տարածումն ու զարգացումը սփյուռքում»:

Արկադի Պապոյանը նաև կարևորել է մանկավարժների դիտարկումներն ու առաջարկները՝ ծրագիրը տարեցտարի կատարելագործելու և բարելավելու տեսանկյունից:

Վերապատրաստված մանկավարժները շնորհակալություն են հայտնել ծրագրի հաջող իրականացման և հագեցած դասընթացների համար:

«Վստահաբար կարող ենք ասել, որ վերապատրաստման արդյունքում բազմապատկվել է մեր իմացությունը: Մենք հաղորդակից եղանք կրթական նոր մեթոդների, ինչն ավելի կզարգացնի հայրենիքից դուրս հայանպաստ մեր գործունեությունը: Ծրագիրը կարևոր է ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև աշխարհի մյուս ծայրում գտնվող մեր հայրենակից մանկավարժների հետ փորձի փոխանակման առումով:  Ի վերջո, ուր էլ լինենք, որպես մանկավարժ՝ ազգանվեր նույն առաքելությունն ունենք»,- ասել է Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքի հայկական դպրոցի ներկայացուցիչ Սուսաննա Բարսեղյանը:

Մեկ այլ մանկավարժի՝ Կրասնոյարսկ քաղաքի հայկական դպրոցը ներկայացնող Սյուզաննա Բեկչյանի գնահատմամբ՝ սփյուռքահայ ուսուցչի ամեն օրը պայքար է հայ երեխայի մեջ մայրենին սերմանելու, հայկական ավանդույթները պահպանելու համար. «Մեր մասնագիտությունը մշտապես կատարելագործվելու, նորացվելու կարիք ունի, ինչին էլ միտված է ԿԳՄՍ նախարարության այս ծրագիրը: Մեկ ամսվա ընթացքում մեծ էներգիայով և գիտելիքով զինվեցինք, որը մեզ կօգնի հետագայում առավել արդյունավետ աշխատել»,- ասել է Բեկչյանը:

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մանկավարժները հանդես են եկել ազգային երգի-պարի կատարումներով, ասմունքել հատվածներ հայ դասական գրականությունից և իրենց ստեղծագործություններից:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31