Այսօր վաղ առավոտից հայաստանաբնակ արցախցիները, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին», «Հանդիպում» պաստառներով եւ վանկարկումներով փակել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը: Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ ուսանողները Կարմիր խաչի գրասենյակի մոտ նստացույց են հայտարարել:
«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի՝ համաձայն են այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- լրագրողների հետ զրույցում պահանջն այսպես ձեւակերպեց ցուցարարներից մեկը:
«Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի, սոված և առանց մանկության փոքրիկի, իր տարրական իրավունքներից զրկված և ընտանիքից հեռու երիտասարդների»,- հայտարարեց ցույցի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով ԿԽՄԿ աշխատակիցներին չռել, չլինել անտարբեր, ահազանգել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Արցախի հանրապետությունում։
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Կարդացեք նաև
Իրենց պահանջները չբավարարելու դեպքում, ուսանողները սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել՝ առայժմ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ