Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային դաշտ նետված շինծու հարցադրումը՝ «Պետությո՞ւն եք ուզում, թե՞ հայրենիք», ունի շատ հստակ ու միանշանակ պատասխան. «Հայրենիքը պաշտպանող պետություն ենք ուզում». Աշոտյան

Հուլիս 31,2023 11:17

Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս երրորդ). Արմեն Աշոտյան

Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի

Կան շրջանակներ, որոնք կարծում են, թե այս ծրագրային հոդվածաշարում բարձրացվող հարցերն ունեն բացառապես տեսական նշանակություն և որևէ կապ չունեն իրական քաղաքականության և հողի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:

Անշուշտ, նման պնդումները հիմնականում պայմանավորված են օրեցօր սրվող աղետալի վիճակով և տագնապից ծնված անհամբերությամբ և «մի բան արեք» հուսահատ ճիչի արտացոլանքն են:

Այո՛, իրավիճակն իրոք ողբերգական է, սակայն իրեն հարգող ոչ մի բժիշկ չի մոտենա վիրահատական սեղանին, եթե չունենա հիվանդի հնարավորինս ճշգրիտ ախտորոշում: Բժշկական անալոգիան շարունակելով՝ կարող ենք ասել, որ տվյալ դեպքում անգամ անհետաձգելի բուժօգնությունը՝ իշխանափոխությունը, հարկ է զուգորդել «հիվանդի» համալիր և խորքային հետազոտման հետ:

Մեկ այլ փաստարկ, որ նման քննարկումները լոկ զուգահեռ իրականության տիրույթից չեն, այն անհերքելի իրողությունն է, որ հայ ժողովրդի էթնոհոգեբանական դեմոնտաժը չի կրում տարերային բնույթ և լավ մշակված, սեփական ժողովրդի դեմ ներսից տարվող դիվերսիոն-ռազմական գործողությունների օպերացիա է:

Նման պլանավորված արշավի ցայտուն օրինակ է վերջերս իշխող վարչախմբի պարագլխի կողմից հետևողականորեն կերտվող «Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի» հանրային դիսկուրսը, որին անդրադառնալը պարտադիր է տվյալ ձևակերպման ծայրահեղ վտանգավորության պատճառով:

«Պետությո՞ւն, թե՞ Հայրենիք» հարցադրումն ի սկզբանե կեղծ, իրականության և գիտության հետ որևէ աղերս չունեցող հորինված հակադրում է, որին դիմում է վարչախումբը պետության «հստակեցման» անվան տակ հայ ժողովրդի հայրենազրկման հերթական արարն ավարտին հասցնելու համար: Այս նպատակին են ուղղված «կադաստրի վկայական», «29.800 քկմ», «վիրտուալ պետություն» և այլ նույնատիպ զավեշտալի և տխմար ձևակերպումները:

Ցանկացած էթնոս, որ ձևավորվել է և գոյություն ունի որոշակի աշխարհագրական տարածքում, որը ներծծված է այդ էթնոսի գործունեության պատմական, մշակութային, հոգևոր, կենցաղային դրոշմներով, իր գոյությունն այդ տարածքում պահպանելու խնդիր ունի: Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, և այդ գոյության պայքարում պետությունն է ցանկացած ազգի՝ սեփական հայրենիքում վերարտադրվելու լավագույն միջոցը, ինքնակազմակերպման գործիքը:

Ուստի չի կարող գործիքը, միջոցը, ձևը հակադրվել նպատակին: Հետևաբար՝ դավաճանի կողմից հանրային դաշտ նետված շինծու հարցադրումը՝ «Պետությո՞ւն եք ուզում, թե՞ Հայրենիք», ունի շատ հստակ ու միանշանակ պատասխան. «Հայրենիքը պաշտպանող Պետություն ենք ուզում»:

Եթե պետությունը հրաժարվում է Հայրենիքի պահպանության իր թիվ մեկ առաքելությունից, ապա այն դադարում է  կատարել իր հիմնական ֆունկցիան, և դադարում է լինել տվյալ ժողովրդինը: Եվ այդ տեսակի անհայրենիք պետությունը կորցնում է իր պաշտպանիչ նշանակությունը, խզում է կապն իր «սեփականատիրոջ»՝ այն ստեղծած ժողովրդի հետ՝ փաստացի դառնալով անտեր, և Հայրենիքի պահպանությանը ծառայելու փոխարեն՝ դառնում է այդ Հայրենիքի վերացման մամլիչ:

Անշուշտ, անպետություն Հայրենիքը և անհայրենիք Պետությունն ազգի գոյության, մեղմ ասած, վատագույն մոդելներն են, սակայն, եթե առաջինի դեպքում ազգը դեռ կարող է շանս ունենալ (հայ ժողովրդի պատմության օրինակով), ապա երկրորդի դեպքում ազգի մոտալուտ չգոյությունը գրեթե երաշխավորված է:

Անհայրենիք Պետության պարագայում առաջանում է ևս մեկ մարտահրավեր: Եթե նման պետությունն այլևս քոնը չէ, ունիկալն ու միակը չէ, եթե այն ընդամենը սոցիալ-տնտեսական միջավայր ապահովողն է, վերացական հանրային բարիքների մատակարարն ու վերաբաշխողն է, ապա նման պետության քաղաքացու համար առաջանում են լայն հնարավորություններ՝ առանց խղճի խայթի աշխարհի 198 նման պետական ապարատներից ընտրել լավագույն «մատակարարին», լավագույն «օպերատորին»: Այսպիսով, ամբողջությամբ վերանում են սեփական երկիրը լքելու և այլ պետության հերթական շահառու դառնալու վերջին բարոյահոգեբանական արգելքները: Հայրենիքը մրցակիցներ չունի, պետությունն ունի:

Հայրենիքը նման է իրական սիրո, իսկ պետություն ստեղծելը՝ նման սիրո արդյունքում ամուսնությանը: Եվ ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, դժբախտ է թե՛ ամուսնությամբ չավարտվող սերը, թե՛ ամուսնությունն առանց սիրո: Ավելին, երկրորդ դեպքում խիստ բարձր է «ամուսնալուծվելու», անհայրենիք պետությունից քաղաքացու բաժանվելու հավանականությունը:

Այն, որ առաջնայինը Հայրենիքն է, ապացուցվում է անգամ լեզվական մակարդակում: Ինձ հայտնի չէ որևէ լեզու, որն առանձին, հատուկ բառ ունենա պետության նկատմամբ սերն արտահայտելու համար, այնինչ բազմաթիվ լեզուներում առկա է սերն առ Հայրենիք բնորոշող եզրը՝ հայրենասիրությունը, պատրիոտիզմը: Բերված օրինակը չի նշանակում, որ պետությունը չեն սիրում, այլ հաստատում է այն փաստը, որ սեփական պետությունը սիրելը հայրենասիրության ձևերից մեկն է, նրա ածանցյալը, նրա դրսևորումը, այլ ոչ թե նրա «փոխարինիչը» կամ հակաթեզը:

Անհայրենիք պետություն կառուցելու նեոլիբերալ փորձարկումներն աշխարհով մեկ բերել են խորքային տեղաշարժերի և համակարգային ճգնաժամերի անգամ գլոբալիզացված աշխարհի առաջամարտիկ երկրներում: Ազգային և ազգայնական ուժերի շարունակվող զարթոնքը մասնավորապես շոշափելի է ԵՄ անդամ երկրներում, որտեղ նրանք ստացել են աջեր և ծայրահեղ աջեր անունը: Իտալիա, Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա՝ այն երկրների շարքը, որտեղ տարբեր առիթներով հասարակության մի ստվար զանգված ըմբոստանում է պետության՝ զուտ մեխանիկական ընկալումների դեմ:

Ֆրանսիայում վերջին իրադարձությունները հենց այս կոնֆլիկտի արտացոլանքն էին իրականում: Ֆրանսիան ողողված է միլիոնավոր այլազգիներով, որոնց համար նա Պետություն է, բայց Հայրենիք չէ, իսկ բնիկ ֆրանսիացիների մոտ ավելի ու ավելի է խորանում զգացողությունը, որ ֆրանսիական պետությունը գնալով քիչ է ածանցվում իրենց Հայրենիքից:

Պետությունն ազգի մաշկն է, նրա արտաքին պատյանը, պաշտպանիչ շերտը, արտաքին աշխարհի հետ ապահով հաղորդակցվելու միջոց, իսկ Հայրենիքը նրա միսն է և արյունը: Մաշկազերծված Հայրենիքը խոցելի է, սակայն միայն մաշկ ունեցող, բայց մսից և արյունից զրկված մարմինն էլ ոչ այլ ինչ է, քան «չուչել»:

«Հայաստանի Հանրապետություն» հասկացության մեջ Հայաստանը կդառնա զուտ գեոլոկացիա՞, թե՞ կշարունակի լինել այդ պետության իմաստը, կախված է նախ և առաջ հայ ժողովրդից: 1988թ. Ղարաբաղյան շարժումը հենց հայրենատիրական շարժում էր, շարժում վասն Հայրենյաց: Եվ միայն 90-ականների սկզբին առաջ եկավ Հայրենիքը պաշտպանելու լավագույն ձևը կիրառելու՝ նոր հայկական պետություն ստեղծելու գաղափարը:

Արցախը հանձնելով Ադրբեջանին և այդ դավաճանությունը հիմնավորելով «ՀՀ-ն պահելու» անհրաժեշտությամբ՝ Փաշինյանը մեզ կրկնակի է հայրենազրկում. թե՛ ֆիզիկական, թե՛ գաղափարական իմաստով:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Աղբյուրը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31