Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքը կառուցվում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի մասի վրա

Հուլիս 31,2023 13:00

Իսկ դատարանը կայացնում է անորոշ որոշում

Հուլիսի 26-ին Անդրանիկ Մանուկյանն ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին թիվ ԵԴ/23833/02/22 քաղաքացիական գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ավարտեց բողոքի քննությունը: «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» 10.01.2023 թվականի որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա կայացրեց մի որոշում, որն ըստ իս՝ «ոչ նալին, ոչ մեխին» իմաստն ասես ունի:

Դատարանը որոշեց Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի։ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/23833/02/22 քաղաքացիական գործով կայացված «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» 10.01.2023 թվականի որոշումը վերացնել եւ կայացնել նոր որոշում. «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, բավարարել մասնակի։ Դատարանի՝ 17.06.2022 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը մասնակի՝ սպառողական կոոպերատիվին եւ այլ անձանց Կենտրոն, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/9 հասցեում կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ իրականացնելուն արգելելու մասով, վերացնել»։

Հիշեցնենք, որ Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեի անշարժ գույքի սեփականատեր Ա. Մանուկյանը հայցադիմումով խնդրել էր պարտավորեցնել պատասխանող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվին քանդել Երեւանի Կենտրոն համայնքի Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/9 հասցեում կառուցված կիսակառույց շենքը եւ շինությունները եւ Անդրանիկ Մանուկյանի 10,69 քմ մակերեսով հողամասը սպառողական կոոպերատիվի ապօրինի տիրապետումից վերադարձնել եւ բերել նախկին տեսքի՝ համաձայն «Էքսպերտ Ըդվայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 02.05.2022 թվականին տրված թիվ ԷԸ-22/Պ-0007 փորձագետի եզրակացության հետազոտական մասում արտացոլված գծային չափերի եւ բեկման կետերի:

Ըստ բողոքաբեր կողմի, Անդրանիկ Մանուկյանը ներկայացրել էր սեփականության իրավունքի պաշտպանության երկու պահանջ՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու եւ տիրապետումից զրկելու հետ չկապված սեփականության իրավունքի խախտումները վերացնելու մասին։ Դատարան էին ներկայացվել բազմաթիվ փորձագիտական եւ մասնագիտական եզրակացություններ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացությունը եւ այդ տեսչության հաղորդումը ենթադրյալ հանցագործության մասին, որ կառուցվող տասներկու հարկանի բազմաբնակարան շենքի տեղադիրքը չի համապատասխանում նախագծային փաստաթղթերով շենքի կառուցման համար նախատեսված տեղադիրքի հետ եւ որ ամենակարեւորն է՝ շենքը կառուցվում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի մասի վրա։

Ըստ հայցվոր կողմի՝ նախորդ դատարանի եզրահանգումները հիմնավոր համարվել չեն կարող, քանի որ հայցի ապահովումը վերացնելու որոշման հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի բացակայությունը, մինչդեռ եթե նման հիմքերը բացակայել են, ապա ինչպես է դատարանն այն կիրառել եւ հետագայում նաեւ հայցի ապավովումը վերացնելու կամ հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդությունները մերժել։

Դատարանը, ունենալով շինարարությունն իրականացնող կոոպերատիվի կանոնադրությունը եւ հղում կատարելով կոոպերատիվի կանոնադրության կետերին, եկել էր այն եզրահանգման, որ կոոպերատիվի գործունեության ենթադրյալ խաթարումը հանգեցնում է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի բացակայության։ Իսկ պատասխանողը ներկայացրել էր հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդություն՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ վերջինս վնասներ է կրում…

Ա. Մանուկյանի ներկայացուցիչը դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել էր. «Ա. Մանուկյանի իրավունքների պաշտպանությունը կապահովվի, եթե արգելվի վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տարածքում շինարարության իրականացումը»:

Իսկ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչն իր հերթին նշել էր, որ ոչ միայն միջնորդություն է ներկայացվել հայցի ապահովման միջոցը վերացնելու համար, այլեւ ներկայացվել են թվով 24 անուն փաստաթղթեր, որով հիմնավորել էին՝ հայցի ապահովման արդյունքում իր՝ պատասխանողի գործունեությունը դառնում է անհնար. «Սպառողական կոոպերատիվի գործունեությունն ամբողջությամբ դարձել է անհնարին այն պատճառով, որ բազմաբնակարան շենքի շինարարության իրականացման եւ կազմակերպման աշխատանքներն արգելվել են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից դատարանի՝ 17.06.2022 թվականի որոշմամբ։ Բացի այդ, պատասխանողին պատճառվել են խոշոր վնասներ, քանի որ շենքի կառուցապատման ծրագիրն իրականացվել է ստացված վարկային միջոցներով»:

Չնայած այս փաստարկներին, մենք բազմաթիվ անգամներ ենք եղել «շինհրապարակում», ուր թղթի վրա էր դադարեցված շինարարությունը, իրականում այն լայն թափով իրականացվում էր, խախտելով Ա. Մանուկյանի իրավունքները:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ՝ «հայցի ապահովման միջոց կիրառելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում գործում է այդ ակտի իրավաչափության կանխավարկածը, հետեւաբար, հայցի ապահովման միջոցը վերացնելու համար անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել առ այն, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը բացակայել են հայցի ապահովման միջոց կիրառելու պահին, որի մասին դատարանը որոշում կայացնելիս տեղյակ չի եղել, այսինքն՝ դատարանի առջեւ բացահայտվեն եւ հիմնավորվեն նոր փաստական հանգամանքներ»։

Ըստ վերաքննիչ դատարանի, այս քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը կիրառվել է հետեւյալ եղանակով՝ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվին արգելվել է գործունեություն իրականացնել ինչպես Անդրանիկ Մանուկյանին, այնպես էլ հենց «Օկտագոն» սպառողական կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող տարածքում։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ նշյալ կոոպերատիվի կողմից նախկինում այլ հիմքերով այլ միջնորդությունների ներկայացումը կամ սույն միջնորդությունը հայցի ապահովման միջոցը կիրառելուց մեկ տարի անց ներկայացնելը չի կարող հայցի ապահովումը չվերացնելու հիմք հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներն ինքնուրույն են ընտրում իրենց իրավունքների պաշտպանության եղանակներն ու ձեւերը եւ պատասխանողը որեւէ կերպ սահմանափակված չէր գործի քննության ցանկացած փուլում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության ներկայացմամբ։

Նման պայմաններում հաշվի առնելով «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի գործունեության տեսակը՝ վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վերջինիս շինարարության թույլտվության առկայության պայմաններում իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում շինարարության իրականացման արգելք սահմանելը կարող է էական խոչընդոտներ հարուցել իրավաբանական անձի գործունեության համար կամ հանգեցնել վերջինիս գործունեության փաստացի անհնարինության։ Ուստի, դատարանի գնահատմամբ, այս մասով վերաքննիչ բողոքը հիմնավոր չէր։

Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցիչներից՝ Ալբերտ Կանդալյանի կողմից դատական նիստի ընթացքում հնչեցվածին՝ «իրենց իրավունքների պաշտպանությունը կապահովվի, եթե արգելվի Անդրանիկ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում շինարարության իրականացումը, իսկ պատասխանողի ներկայացուցիչը չի առարկել այդ եղանակով հայցի ապահովման միջոցը պահպանելու դեմ»: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Անդրանիկ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում շինարարական աշխատանքների իրականացման արգելքի պահպանումը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել պատասխանող իրավաբանական անձի գործունեությանը կամ չի կարող համարվել, որ այլ անձին սեփականության իրավունքով պատկանող տարածքում շինարարության իրականացման արգելքը կարող է որեւէ կերպ խոչընդոտել իրավաբանական անձի գործունեությանը։

Նման պայմաններում վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը հիմնավորված է մասնակի եւ ենթակա է բավարարման մասնակի, իսկ դատարանի՝ «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» 10.01.2023 թվականի որոշումը պետք է վերացնել եւ կայացնել նոր որոշում:

Փաստորեն, դատարանը չնեղացրեց կողմերին, շինարարություն իրականացնող կազմակերպությանն արգելեց Ա. Մանուկյանի տարածքում իրականացնել շինարարությունը, նրա համար որոշելով, որ իր տարածքում միայն շենքը կառուցի, իսկ խոսք այն մասին, բերել այդ շինարարությունից տուժած Մանուկյանի տարածքը, շինությունները նախկին տեսքին, որոշման մեջ, ցավոք, չգտանք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31