Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-հայկական երիտասարդ արվեստագետների ընտանիքը հաստատվել է Երեւանում

Հուլիս 31,2023 12:30

Վերջին շրջանում, ի տարբերություն նախորդ տասնամյակների, նույնիսկ առանց վիճակագրության տեսանելի է մեր երկիր ոչ միայն սփյուռքահայերի, այլեւ տարբեր ազգերի մեծ ներհոսք։ Քիչ չեն նաեւ արվեստագետները, որոնք որոշել են իրենց կյանքն ու ստեղծագործական գործունեությունն այլեւս կապել Հայաստանի հետ։ Նրանցից մի քանիսի հետ զրուցել ենք։ Ի շարունակություն այս թեմայով նախորդ հրապարակումների, ներկայացնենք ռուսաստանցի երիտասարդ ամուսիններ՝ դաշնակահար Նիկոլայ Կուրդյումով-Մարկոսյանին եւ օպերային երգչուհի Մարիամ Մարկոսյանին։

Նրանք Երեւանում են մարտ ամսից։ Նախ սկսենք գոնե հայերիս համար անսովոր մի փաստից. ամուսինն իր ազգանվանը հավելել է կնոջ ազգանունը։ Այս առիթով Նիկոլայի պատասխանը հետեւյալն էր՝ «Ընտանիքին անհրաժեշտ է սեր եւ նվիրվածություն, դրա արտահայտություններից մեկն էլ որոշումս է՝ ապրել եւ ստեղծագործել կնոջս հայրենիքում»։ Մեր խնդրանքին՝ ծանոթացնել իրենց գործունեությանը, ամուսինը ներկայացրեց կնոջը, կինը՝ ամուսնուն։ «Ծանոթացել ենք սոցցանցերի միջոցով, երկու տարի է՝ ընտանիք ենք կազմել։ Մարիամը ավարտել է Մոսկվայի Իպոլիտովա-Իվանովայի մանկավարժական ինստիտուտը հայ մեծանուն երգիչ Պավել Լիսիցյանի որդու՝ Ռուբեն Լիսիցյանի դասարանը, ուսանելով նաեւ Գիտիսում, այստեղ արդեն՝ օպերային երգչի դուստրեր Ռուզան եւ Կարինա Լիսիցյանների ղեկավարությամբ։  Այնուհետեւ մասնակցել է փայլուն դաշնակահար Լարիսա Գերգիեւայի ղեկավարությամբ գործող Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի ակադեմիայի Երիտասարդական օպերային ծրագրին, որտեղ վարպետության դասեր է առել տիկին Գերգիեւայի ամուսնու՝ ճանաչված տենոր Հրայր Հանեդանյանից։ Այս պահին կդժվարանամ թվարկել, թե կինս քանի միջազգային մրցույթների դափնեկիր է, դրանք իսկապես շատ-շատ են։ Մարիամը պրոֆեսիոնալ բեմում է շուրջ 10 տարի, բայց առայժմ ներկայացել է միայն կամերային համերգներով»,- ծանոթացրեց Նիկոլայը։ Մարիամն էլ նշեց, որ ամուսինը պրոֆեսիոնալ բեմում է շուրջ 15 տարի, ուսանել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Միխայիլ Պետուխովի դասարանում, համերգային գործունեության աշխարհագրությունն էլ ընդգրկուն է՝ բացի Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Չեխիա, Բուլղարիա, Ֆինլանդիա… «Առայժմ ամուսնուս համերգային ծրագրերում հայ կոմպոզիտորներից միայն Խաչատրյան է, բայց արդեն սկսել է ծանոթանալ ու սիրահարվել է կոմիտասյան երկերին, առաջիկայում դրանք կներկայացնի հայաստանցի ունկնդրին»,- հայտնեց երգչուհին։

Նիկոլայը ժպիտով բարձրաձայնելով, թե իր կնոջ՝ որպես երգչուհու կայացման գործում մեծ է հայազգի մանկավարժների դերը, ասաց, որ ինքն էլ ունի  արվեստագետ հայ  ընկերներ, նաեւ Ռուսաստանում գործունեություն է ծավալել նրանցից մեկ-երկուսի տնօրինությամբ գործող ճանաչված հաստատություններում, օրինակ՝ Ալեքսեյ Կոզլովի ջազ ակումբում, որի տնօրենն է Արայիկ Հակոբյանը,  Մոսկվայում մասնակցել է Հայկ Գրիգորյանի opera night նախագծին եւ այլն։ «Հատկապես մեզ համար հատկանշական է 2022թ. Ղազախստանի Ակտովե քաղաքում կայացած համերգը, որը կազմակերպել էր տեղի հայ համայնքը՝ Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ»,- ասաց դաշնակահարը։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ վերջերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ամուսինների համերգին, որտեղ հանդես են եկել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններով եւ օրերս օպերային թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում Նիկոլայ Կուրդյումովի մենահամերգին՝ նվիրված Ռախմանինովի ծննդյան 150-ամյա հոբելյանին, որոնց առիթով բազմաթիվ հիացական արձագանքներ ենք լսել։ Դրանց թվում կային նաեւ ցանկություններ՝ տեսնել Մարիամ Մարկոսյանին մեր օպերային թատրոնում։ Այդ առիթով երգչուհին ասաց, թե դիմել է մաեստրո Կարեն Դուրգարյանին ու նրա խորհրդով պատրաստում է Ֆրասկիտայի դերերգը՝ Բիզեի «Կարմենում»։ «Շատ կուզեի օպերային երգչուհու կարիերաս սկսել Տրավիատայի դերերգով՝ Վերդիի համանուն օպերայում, բնականաբար՝ մեր թատրոնում»,- ժպտալով հավելեց սոպրանոն։

Երբ հրաժեշտ էինք տալիս, Մարիամը «հանդիմանեց» ամուսնուն, թե ինչու զրույցի ընթացքում  չանդրադարձավ իր՝ բլոգեր  լինելու հանգամանքին։ Ամուսնու պատասխանը հետեւյալն էր. «Դու շատ լավ գիտես, սիրելիս»։ Հետո էլ դիմելով մեզ, ասաց. «Այո, ունեի հազարավոր հետեւորդներ, ներկայացնում էի երաժշտական հումորներ։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ ինձ ավելի շատ  ճանաչում են որպես բլոգեր, քան դաշնակահար։ Հենց դա է պատճառը, որ ես Երեւան գալուց առաջ դադարեցրի այդ գործունեությունս» (ժպտում է- Ս. Դ.)։


Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31