Լույս է տեսել գերմանաբնակ հեղինակ Նաիրա Քոչարի «Սիրո գույներ» գիրքը։ Հեղինակի խոսքով` սիրո մասին խոսել ու բարձրաձայնել է պետք։
«Լույսը հնարավոր չէ պահել, թաքցնել: Եթե լամպի մեջ մի փոքրիկ կանթեղ է վառվում, սենյակը լուսավորելու համար այն չէ՞ որ չենք դնի սեղանի տակ: Ոչ, այն կդնենք սեղանի վրա, որպեսզի լուսավորի սենյակը: Երբ սեր եմ ապրում, այն թաքցնել ու պահել չի լինում: Իսկ վերջին երկու տարվա ընթացքում ես հնարավորություն ունեցա տեսնել ու զգալ սերը: Համոզված եմ, որ սերն ամենուր է ու այն կախված չէ մեր շրջապատից կամ մեր իրավիճակից: Սերն ամենուր է, այն ընդամենը տեսնել է պետք: Այն տեսնելու համար պիտի մենք չվախենանք առերեսվել սեփական զգացմունքների հետ, ճանաչել դրանք, հասկանալու համար, թե ինչ արմատների վրա են հիմնված, իշխել այն ճանաչելով ու զգալով»,- նշում է Նաիրան` հավելելով, որ «Սիրո գույներ» բանաստեղծական շարքում ամփոփված են իր վերջին երկու տարիների ստեղծագործությունները, որտեղ առկա է ժամանակի եռաստիճան համակարգը։
Ինչպես հեղինակի առաջին` «Ցավից այն կողմ» գրքում, այնպես էլ այս գրքում կան նկարազարդ էջեր աստվածաշնչյան տողերով:
«Առաջին գրքի մեջ ձնծաղիկն է, որն ինձ համար ունի ուժեղ ու խիզախ եւ միաժամանակ նուրբ ու համեստ էություն: Ծաղկի արմատներին գրված են տողեր, որոնք ինձ ամրապնդել են ու ուժ տվել առանց դառնանալու ցավից այն կողմ անցնելու: Երկրորդ գրքիս մեջ նուռն է` որպես առատության խորհրդանիշ, իսկ նռան ներքին հատվածում տողեր են, որոնք ցույց են տալիս Աստծո անվերապահ սերն ու առատորեն օրհնելը, թեւեր տալն ու երազելը, ինչո՞ւ ոչ` երանելուն մոտենալը»,-մանրամասնում է Նաիրա Քոչարը։ Զրուցակիցս անկեղծանում է` գրելը հնարավորություն է տալիս վերլուծել անձնական զգացմունքները, ինքնաճանաչման միջոցով ավելի մոտենալ Արարչին ու նրա ստեղծածին, ընկալել աշխարհն ու մարդ արարածին:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ աշխատում է առաջին` «Ցավից այն կողմ» գրքի գերմաներեն թարգմանության վրա, որը կհրատարակվի 2024 թվականին:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2023