Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ Հայկական ԽՍՀ-ից, ո՛չ ԼՂԻՄ-ից եւ յոթ շրջաններից տեղափոխված «ադրբեջանցիները», ըստ ՄԱԿ-ի բնորոշման, փախստական չեն, բայց ե՞րբ են սրա մասին խոսել հայկական իրականության մեջ»

Հուլիս 31,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

– Տիկին Ավագյան, Բրյուսելում տեղի ունեցած քննարկումից հետո ադրբեջանական մամուլում եղավ տեղեկություն, որ քննարկվել է նաեւ, այսպես կոչված՝ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարցը Հայաստան։ Այս հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ասաց, որ բանակցությունների ժամանակ, երբ խոսվել է ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին, Ադրբեջանն իր հերթին բարձրացրել է Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների անվտանգության հարցը։ «Մենք մեր կողմից արձագանքել ենք, որ ՀՀ-ից ժամանակին հեռացած, այսպես կոչված, արեւմտյան ադրբեջանցիների թեման համարժեք չէ ԼՂ հայերի հետ, այլ համարժեք է Գյանջայի, Նախիջեւանի, Սումգայիթի հայերի իրավունքների եւ անվտանգության թեմային»,- ասաց Փաշինյանը։ Այսինքն՝ Բաքուն նաեւ այս հարցն է դնում բանակցությունների սեղանին, ինչպե՞ս եք գնահատում սա։

– Բաքուն այս հարցը վաղուց է բարձրաձայնում, հիմա արդեն սահուն մխրճում է բանակցային գործընթաց` որպես օրակարգային հարց: Սա այդ ռեժիմի, անկասկած,  ցինիկ, բայց եւ թիրախային ու հետեւողական գործունեության արդյունքն է: Եթե ավելի հստակ` մշակված պետական քաղաքականություն է: Ինչպե՞ս եղավ, որ այս արհեստածին միավորը սովորեց ու հասկացավ մշակված պետական  ռազմավարության նշանակությունը, իսկ հայկական իշխանական վերնախավը դեռ չի էլ հասցրել մտածել այդ ուղղությամբ: Եթե լիներ սպառնալիքի պետական ընկալումը, ապա հայկական քաղաքական տիրույթում սա` որպես վերահաս սպառնալիք, վաղուց քննարկվող օրակարգային հարց կլիներ` կանխարգելիչ քայլերի համակարգում: Բայց առայժմ հայկական իրականության մեջ պարզունակ արձագանք է: Ձեր հարցին պատասխանելով, առաջարկում եմ շրջանառության մեջ չդնել թրքածին  «արեւմտյան ադրբեջանցի» բառակապակցությունը, դուք չեք կարող համոզել Բաքվի բռնապետին նույնիսկ մեկ անգամ Ստեփանակերտ բառը կիրառել: Կարեւոր մի հանգամանք` Բաքվի քայլերին պարզունակ արձագանքի մարտավարությունը նպաստում է Հայաստանի ոչնչացման թուրքական ծրագրերին: Պահանջված են գործնական քայլեր: Թե չէ` «Հայկ. ԽՍՀ-ից տեղափոխված ադրբեջանցիների հարցը համարժեք է կամ համարժեք չէ…», սա խնդիրը չի լուծի ու չի կանգնեցնի վերահաս աղետալից հարվածը:

Գործնական պահանջված քայլերից պետք է լինի, որ օր առաջ պետք է գնահատական տալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական բնակավայրերում հայության դեմ կատարվածին, վերահաստատելով Հայկական ԽՍՀ ԳԽ 1990 թ. փետրվարի 13-ի որոշումը, որ 1988-1990 թվականներին հայության դեմ իրականացվել է ցեղասպանություն: Իհարկե, այս գնահատականի կարիքը վաղուց կար, եւ այն առանցքային կլիներ, եթե հայտնվեր բանակցային սեղանին, ու դրա չհայտնվելը պարզագույն` դիտավորյալ ու հանցավոր անգործություն է հայկական քաղաքական իշխանությունների կողմից, քրեորեն հետապնդելի հակապետական արարք: Այս գնահատականն էր այսօր կանխելու Արցախի դեմ ընթացող հյուծման միջոցով ցեղասպանությունը ու բանակցային սեղանին կդներ Արցախի հայության համար գոյաբանական սպառնալիքի փաստը: Սակայն, այսօր արդեն հստակ է այն եզրակացությունը, որ այդ գնահատականի խափանումը ու Հայկական ԽՍՀ ԳԽ 1990 թ. փետրվարի 13-ի որոշման շրջանցումը ողջ պետական համակարգի, դրա քաղաքական ու գիտական ոլորտների կողմից տարվել է արտաքին թրքահաճ ուժերի կողմից` հայկական իշխանավորների ձեռքերով, նպատակը` հայկական պետականության ոչնչացումը: Ես ինձ 2018-ին հույս էի տալիս, որ «զրոյական կետը» կարող է հենց այս գնահատականը լինել, բայց այսօր ակնհայտ է, որ դեռեւս զուրկ ենք պետական ու ազգային մտածողությամբ քաղաքական վերնախավից, իսկ արտաքին կառավարումն ահագնացել է ավերիչ սելավի նման:

Հաջորդ հանգամանքն այն պահանջն է, որ պետք է հստակեցնել ու միջազգային շրջանակներում բարձրաձայնել, թե Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայության ցեղասպանությանը հետեւած սովետական «էթնիկ փոխանակման» գործընթացի արդյունքում Հայկ. ԽՍՀ-ից` Գանձակի, Սումգայիթի, Բաքվի հայերից խլված ու կողոպտված տներ եւ  բնակարաններ տեղափոխված «ադրբեջանցիները», որոնք տեղափոխվեցին իրենց ունեցվածքով, ընտանի կենդանիներով, Հայկ. ԽՍՀ-ի կառավարությունից ստացած դրամական փոխհատուցումով, արդյո՞ք փախստական են` ըստ ՄԱԿ-ի սահմանման: Ահա ՄԱԿ-ի կոնվենցիայով փախստականի սահմանումը` «… ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքի հարելու պատճառով հետապնդվելու հիմնավորված երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ անկարող է կամ, նման երկյուղի պատճառով, չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ նման իրադարձությունների հետեւանքով գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, անկարող է կամ, նման երկյուղի պատճառով, չի ցանկանում վերադառնալ այնտեղ»: Ակնհայտ է, որ ո՛չ Հայկ. ԽՍՀ-ից տեղափոխված, ո՛չ ԼՂԻՄ-ից եւ ո՛չ էլ յոթ շրջաններից տեղափոխված «ադրբեջանցիները», ըստ ՄԱԿ-ի բնորոշման, փախստական չեն: Բայց ե՞րբ են սրա մասին խոսել հայկական իրականության մեջ: Միայն մենք ենք բարձրաձայնում այս հարցը: Իսկ սա առանցքային հարց է այսօր, Ալիեւը լկտիաբար, հայկական իշխանությունների պերմանենտ կրավորական կեցվածքի ֆոնին, շարունակում է զարգացնել իր «փախստականների» թեզը, այն դեպքում, երբ արդեն իրենք ՄԱԿ-ում կարողացել են գրանցել 600 հազար «ադրբեջանցի փախստականի», իսկ հայկական կողմը չի գրանցել եւ ո՛չ մի հայ փախստականի` ո՛չ Սումգայիթից, ո՛չ Գանձակից, ո՛չ Մինգեչաուրից, ո՛չ Շաքիից, ո՛չ Շամախիից, ո՛չ Շահումյանից, ո՛չ Նախիջեւանից, ո՛չ Բաքվից, ո՛չ Գետաշենից, ո՛չ Քարհատից, ո՛չ Շիրվանից,  Բաքվի վերահսկողության տակ գտնվող ո՛չ մի հայկական բնակավայրից։ Ու ո՛չ Սումգայիթի, Գանձակի, Բաքվի, Մարաղայի, Շահումյանի, Գետաշենի ցեղասպանության հարցը կարժանանա ՀՀ կամ Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրությանը, ո՛չ էլ իմ այս ներկայացրած առանցքային հարցը, որ Բաքուն, ըստ ՄԱԿ-ի բնորոշման, փախստական չունի: Ու նման հանցավոր անգործությունը քրեորեն հետապնդելի հակապետական արարք չէ՞, ո՞վ է այդ մասին հուշելու ՀՀ դատախազին, թե՞ իրեն էլ դրա համար մանդատ չեն տվել, իսկ ո՞վ պետք է տար կամ տա:

– Այո, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պետական մակարդակով է զբաղվում, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցով՝ ՀՀ տարածքը անվանելով «Արեւմտյան Ադրբեջան»։ Սրան ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունը համարժեք պետական քաղաքականություն չի վարում, եւ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ հասարակական կազմակերպությունները միջազգային կառույցներում բարձրացնում են այս հարցերը։ Ի՞նչ է հուշում ձեզ այս քաղաքականությունը։

– Հուլիսի 25-ին ԶԼՄ-ներին տված իր պատասխանում վարչապետը հստակ ասաց, որ ի հակակշիռ հարեւան ցեղասպան պետության, որը փախստականների հարցով 1990-ից վարում է մշակված պետական քաղաքականություն, ՀՀ-ի համար «փախստականների  հարցը պետական քաղաքականություն չի այն առումով, որ մենք շարունակում ենք հարգել մեր միջազգային պարտավորությունները»։ Ես ուզում եմ հասկանալ, թե ո՞ւմ առաջ, ո՞ր միջազգային կառույցների առաջ է, որ ՀՀ իշխանությունները` նախկիններն ու ներկա ՀՀ վարչապետը, միջազգային պարտավորություն են վերցրել.

  •  չխոսելու մինչեւ 1992 թվականը եղած իրողությունների մասին (խոստովանել է ՀՀ երրորդ նախագահը)
  •  չքաղաքականացնել փախստականների խնդիրը (2012 թվականի մայիսին ՀՀ նախագահի հայտարարությունն է),
  •  թղթի վրա ֆիքսել են «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարցը, իսկ բանավոր` հայ փախստականների (ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը 2020-ի պատերազմից հետո),
  • ընդհանրապես չհիշել հայ փախստականներին որեւէ առումով (ՀՀ առաջին նախագահն է հավատարիմ այդ սկզբունքին),
  • ինտեգրել ու վերացնել «փախստական» եզրույթը (2003 թվականին փախստականների հարցերով զբաղվող պետական օղակի անվան մեջ ջնջեցին «փախստական» բառը),
  • իսկ ՀՀ վարչապետը` շարունակելով նախկինների բռնած դավադիր գործը, 2022 թվականից իսպառ վերացրեց փախստականների խնդրով զբաղվող պետական օղակը:

ՀՀ վարչապետը կարո՞ղ է պատասխանել՝ փախստականների հարցը ՀՀ պետական քաղաքականությունից հեռու պահելու «միջազգային պարտավորությունները» իրեն ժառանգություն է մնացել Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան տանդեմի՞ց, ու դա՞  է այդ խնդրին իր նվիրումի պատճառը, թե՞ արտաքին ուժերը իրեն նորովի են մատուցել ու պարտադրել, եւ ինչի՞ դիմաց: Կարճ ասած` ԶԼՄ-ներին տված իր պատասխանում փախստականների հարցը վերջնական թաղվեց, ու երեւի սա էլ «զրոյական կետն է»: Չկա փախստականների հարցերով զբաղվող պետական օղակ, կնշանակի` չկա դրա անհրաժեշտությունը, կնշանակի` չկան փախստականներ: Չկան փախստականներ, չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7 կետի կիրառման անհրաժեշտությունը հայկական կողմի համար, քանի որ չկան դրա հայ շահառուները: Չկա փախստականների հարցերով զբաղվող պետական օղակ` դա նշանակում է, ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի պահանջի, որ ՀՀ-ն կարիք չունի ՄԱԿ-ի հետ փախստականների հարցերով համագործակցելու: Ահա ողջ դաժան ու դավադիր ճշմարտությունը:

Այսպիսով, ակնհայտ է, որ Բաքուն հայկական պետականությունը ավերելու մի վերջին քայլ էլ է մշակել «փախստականներ» անվան տակ: Իսկ հայկական իշխանությունները՝ համերաշխ Բաքվի կողմից ստեղծվող հանգամանքներին ու անտարբեր աղետի առաջ կանգնած հայկական պետականությանը, հրաժարվում են Ղարաբաղյան կոնֆլիկտում հայ փախստականների ճակատագրի առանցքային  նշանակությունը գործարկել հանուն հայության գոյատեւման նրա կենսատարածքից մնացած բեկորի վրա, հանուն հայկական պետականության պաշտպանության: Ես հարցազրույցի ժամանակ այդ անմիջականությունն ու անկեղծությունը ընկալեցի ազդակ` մեսիջ, բացահայտ ու ի լուր ռսա-թրքության, վստահեցում, որ Արեւելյան Հայաստանում հայության ցեղասպանության հարցը երբեւէ էլ քննարկման թեմա չի, քանի որ չունեն դրա «մանդատը»։ Կարիք կա՞ կրկին հարց ուղղել ՀՀ վարչապետին, թե այդ ի՞նչ մանդատի մասին է խոսքը, ո՞վ պետք է այդ մանդատը հանձներ իրեն եւ ո՞ւմ միջոցով։

Ինչ մնում է հասարակական կազմակերպություններին, ապա առանց ավելորդ հուշումների, ինչպես նախկինների ժամանակ էր, այժմ էլ, մենք մեր բեռը` մի շարք կազմակերպություններով, փորձում ենք պատվով տանել: Պետական քաղաքականության բացակայության պարագայում հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունքը «կաթիլ է օվկիանոսում»:

Անպատասխանատու է, անվստահելի է, երբ ապրիլի 29-ին պետության աջակցությամբ անցկացրած փախստականների համաժողովից հետո ՀՀ վարչապետն ամենաբազմազան ու հակասական կարծիքներ է բարձրաձայնել` է՛լ փախստականների հարցի ինստիտուցիոնալ կառավարման անհրաժեշտություն, է՛լ հանդիպում փախստական կազմակերպությունների հետ ու հարցերի պարզաբանում, իսկ այս հարցազրույցում էլ լրիվ հակադիր պատասխան`  չի եղել ու չի լինի պետական քաղաքականություն: Դավադրությունը հայ պետականության դեմ, որ ընթացքի մեջ դրեցին 1991-ից, այժմ ավելի քան տանում են անթաքույց, հավանաբար, հույս են տածում, որ բավարար են ջլատել ու ջարդել հայության դիմադրությունը, ու թաքցնելը ավելորդ կոկետություն է։

– Մյուս կողմից, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ փախստականների վերադարձի դրույթը չի կատարվում։ Օկուպացված Հադրութ, Շուշի եւ այլ բնակավայրեր հայերի վերադարձի համար մեխանիզմներ կա՞ն ըստ այդ փաստաթղթի։

– Ձեր երկրորդ հարցի իմ պատասխանում այս հարցի պատասխանն էլ կա: Իսկ ո՞վ պետք է մշակի այդ մեխանիզմները, իհարկե, հայկական կողմը: Ես արդեն բարձրաձայնել եմ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում իմ մի հանդիպումից հետո, երբ հստակ ասվել է, որ ՄԱԿ-ը փախստականների վերադարձի մշակված մեխանիզմներ չունի: Իսկ մտադրություն ունի՞ ՀՀ վարչապետը, որպես այդ թղթի տակ ստորագրություն թողած ՀՀ իշխանավոր, հայանպաստ կիրառել այդ թղթի գոնե մի կետը` 7-րդը: Ասուլիսի ժամանակ, իհարկե, ինքը խոսեց, որ 7-րդ կետի շահառուները Լեռնային Ղարաբաղի եւ նրա հարակից տարածքներից հեռացածներն են` հադրութեցին է, շուշեցին, շահումյանցին… Բայց կրկնեմ, ո՞վ է կազմակերպելու եւ տանելու այդ գործընթացը, մի՞թե ՄԱԿ-ը` կամովի՞ն: Ո՞ւմ միամիտ կարծիքն է սա: Հայաստանը, եթե անկեղծ ուզում է, որ 7-րդ կետի հայ շահառուները օգտվեն այդ կետից, օր առաջ պետք է ստեղծի պետական օղակ, որ կմշակի ռազմավարություն ու անհրաժեշտ մեխանիզմներ, ապա եւ կհամագործակցի ՄԱԿ-ի հետ: Մնացած զրույցները անիմաստ են, անարդյունք ու դավադիր ժամանց են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31