Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացում» շարժումը վաղը ՄԱԿ-ից սպասում է իր երեք հարցերի պատասխանին

Հուլիս 31,2023 00:11

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ Արցախի փաստացի գերությունը դադարեցնելու պահանջով կանանց նստացույցը եւ շղթայական հացադուլը շարունակվում է։ Նրանց հարեւանությամբ «Բացում» շարժումն է, որն նախաձեռնությամբ արցախցիների համար քաղաքացիների հավաքած հումանիտար սնունդն ու հիգիենայի պարագաները տեսակավորել ու կուտակել է հենց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ ու սպասում է, թե այդ կառույցը երբ դրանք կհասցնի Արցախ։

«Բացում» նախաձեռնության անդամ Վերոնիկա Շահնազարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 31-ին, ժամը 11։00-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ ակցիա է լինելու։ «Այդ ակցիան ունի երեք պահանջ։

Առաջինը, որ դարձել է հիմնական պահանջը, երեկ ադրբեջանցիների կողմից Հակարիի կամրջի անցակետից Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մասին ՄԱԿ-ի դիրքորոշումը լսելն է։

Երկրորդը։ Հուլիսի 24-ին մենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ դիմում-նամակ ենք հանձնել, որպեսզի պատասխանեն, թե այս հումանիտար բեռները ՄԱԿ- կողմից ինչպես կարող են հասցվել Արցախի մեր հայրենակիցներին, քանի որ ՄԱԿ-ն իր մեջ ներաջված ունի մի քանի մարդասիրական կազմակերպություններ՝ մեկը Համաշխարհային պարենի ծրագիրը, որի սկզբունքը հենց հումանիտար ճգնաժամերի ժամանակ անկախ, թե դա աշխարհի որ տարածաշրջանում է, մարդկանց հումանիտար սնունդ հասցնելն է։ Այս խնդրի գրավոր պատասխան դեռ չենք ստացել եւ հույս ունենք, որ վաղը պետք է ստանանք։

Եվ երրորդը։ Հուլիսի 24-ին ՄԱԿ-ի ղեկավարի  հետ մեր պատվիրակության հանդիպման ժամանակ պայմանավորվածության էր ձեռք բերվել, որ իրենց փոխանցենք Արցախում տեղի ունեցողի մասին փաստերը։ Առաջին երկու կետերի հետ կապված ՄԱԿ-ի գրասենյակից դեռ պատասխան չենք ստացել, իսկ երրորդ կետի համաձայն փաստերը հավաքել ենք ու փոխանցելու ենք իրենց։ Ընդ որում, դա անելու ենք պարբերաբար»։

Մեր հարցին, թե Արցախի Հանրապետության քաղաքացուն սեփական երկրի տարածքից առեւանգելու մասին ՄԱԿ-ի կամ այլ երկրի, միջազգային կառույցի, միջազգային հանրության դիրքորոշումը գործնական որեւէ բան կարո՞ղ է փոխել, առավել եւս, որ այդպիսի բազմաթիվ օրինակներ գիտենք, Վերոնիկա Շահնազարյանը պատասխանեց․ «Մենք նկատի չունենք զուտ կոչ անելը կամ ափսոսանք հայտնելը։ Մենք դիրքորոշում ասելով հստակ գործողությունների պլան ենք սպասում, որը պետք է ներկայացնի Միավորված Ազգերի Կազմակերպությունը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31