Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր գերատեսչության անելիքներին, բոլոր ծառայությունների փոխկապակցված աշխատանքին, ընդգծվել է յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված քայլերը սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Հաջորդիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Գյումրիի քաղաքային մարզադաշտ, որտեղ տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը: Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը ներկայացրել են արարողության բեմականացմանն ու միջոցառման ծրագրին առնչվող մանրամասներ։
Ներկայումս մարզադաշտին հարակից փողոցը ասֆալտապատման փուլում է: Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման մայթերի կառուցման աշխատանքներ։ Քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 66 մլն 417 հազար դրամ։
Այսօր անցկացվել են նաև Համահայկական ամառային 8-րդ խաղերի ֆուտբոլի ու ֆուտզալի ենթախմբային մրցումների վիճակահանությունները, որոնց ևս ներկա են գտնվել Արայիկ Հարությունյանը, մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Իշխան Զաքարյանը: Վիճակահանության արդյունքների հիման վրա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա օրերին կկազմի խաղացանկերը և կհայտարարի մրցավայրերը։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ