Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Հիշում ենք, որ Լաչինի եւ Աղավնոյի հանձնումից առաջ հայտարարություններ էին անում նաեւ հայաստանյան պաշտոնյաները, անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը»

Հուլիս 30,2023 22:56

Նիկոլ Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսում Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մեջ, փաստացի, մեղադրանք հնչեցրեց Արցախի իշխանությունների հասցեին՝ նշելով, որ, ըստ էության, փոփոխությունը կատարել են նրանք եւ փաստի առջեւ կանգնեցրել Հայաստանի իշխանությանը։ Նա հայտարարել էր․ «Էդ որ էդ Լաչինի միջանցքի երթուղին առանց Հայաստանի իշխանության հետ համաձայնեցնելու՝գնում, փոխում, պայմանավորվում էին, Հայաստանի իշխանությանը դնում փաստի առաջ՝ բա էդ ժամանակ չէին հիշո՞ւմ։ Դավաճան էինք, ինչ էինք։ Բա էդ ժամանակ ի՞նչ էին մտածում»։

Aravot.am-ը այս հայտարարությունը մեկնաբանել խնդրեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանին։ «Իրականում, կարծում եմ, այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Պարզ է, որ այդ ամենը քննարկվում էր նաեւ հայաստանյան կողմի հետ։ Հիշում ենք, որ Լաչինի եւ Աղավնոյի հանձնումից առաջ հայտարարություններ էին անում նաեւ հայաստանյան պաշտոնյաները, անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, բոլորն էլ տեղյակ էին, որ այդ բնակավայրերը շուտով փոխանցելու էին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ պարզ է, որ նման գործողությունը, իհարկե, չէր կարող իրականացվել առանց Երեւանի իմացության եւ առանց Երեւանի համաձայնության։

Այս պարագայում պետք է պարզապես արձանագրել, որ հերթական անգամ իրականությանը չհամապատասխանող ինչ-որ  հայտարարություն է արվել Հայաստանի վարչապետի կողմից»,- ասաց պարոն Գրիգորյանը։

Հարցին, թե այսինքն, Նիկոլ Փաշինյանը նախկինում արած իր հայտարարությունները չի՞ հիշում, թե պարզապես շարունակում է մանիպուլացնել ժողովրդին, քաղաքագետը պատասխանեց․ «Գիտեք, Նիկոլ Փաշինյանը կարող է նույն ելույթի ընթացքում միմյանց հակասող հայտարարություններ անել։ Հիմա խոսքը հայտարարության մասին է, որն արվել է մեկ տարի առաջ։ Այստեղ ինչ-որ նորություն չկա։ Պարզապես, ինչ-որ էմոցիոնալ վիճակում գտնվելով՝ փորձել է հակադարձել լրագրողի հարցին եւ նման անհիմն հայտարարություններ է արել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31