Երեկվանից արցախցի երիտասարդները անժամկետ նստացույց են սկսել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց։ Նրանք այդ կառույցից պահանջում են ապահովել Արցախի Հանրապետության քաղաքացի, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի վերադարձը, որին ԿԽՄԿ աշխատակիցները մարդասիրական կառույցի ավտոմեքենայով տեղափոխում էին Երեւան՝ անհետաձգելի բուժում ստանալու, բայց Հակարիի կամրջի մոտ տեղադրված անօրինական անցակետից ադրբեջանցի համազգեստավորները նրան առեւանգել են։
Նստացույցի մասնակից, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Ամալյա Զաքարյանը Aravot.am-ին ասաց․ «Երբ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները մեր հայրենակցին առեւանգել են, մեր տղաները երեկ ժամը 22։00-ից սկսել են անժամկետ նստացույցը։ Մենք նրանց միացել ենք առավոտվանից։ Ինչո՞ւ հենց Կարմիր խաչի շենքի առջեւ, որովհետեւ Կարմիր խաչն իր լիազորությունները թերի է կատարում։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ նրանց հասկացնելու, խնդրելու, պահանջելու, որպեսզի մեր հայրենակցին հետ վերադարձնեն մեր հայրենիք, որովհետեւ Վագիֆ Խաչատրյանը բացի իր հայրենիքին ծառայելուց, այլ բան չի արել։ Իսկ նրա մասին Ադրբեջանի տարածած սուտ հայտարարությունները, համոզված եմ, բազմապատկված են։ Հակառակը, Ադրբեջանն է մեր նկատմամբ ռազմական բազմաթիվ հանցագործություններ իրականացրել»։
Ամալյան, չնայած իր երիտասարդ տարիքին, հստակ հասկանում է, որ Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհին՝ Հակարիի կամրջի մոտ, ապօրինի անցակետ տեղադրելով, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու Ադրբեջանը կարող է նմանատիպ պատճառաբանություններով առեւանգել։ «Արցախի, Հայաստանի տղամարդ բնակչության 70 կամ 80 տոկոսը տարբեր ժամանակներում ծառայել է հայկական բանակում, պատերազմական գործողությունների ժամանակ պաշտպանել իր հայրենիքը։ Ու ստացվում է, որ Ադրբեջանը կարող է նրանցից յուրաքանչյուրին սահմանի վրա ձերբակալե՞լ։ Ավելին, նրանք կարող են մեզանից ամեն մեկին է՞լ որակել որպես ագրեսոր, ու բոլորս արժանանանք Վագիֆ Խաչատրյանի ճակատագրի՞ն»,-հարցրեց ուսանողուհին ու դիմեց հանրությանը․«Կոչ եմ անում, հորդորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես, արցախցիներին։ Միացեք մեզ, որովհետեւ Վագիֆ Խաչատրյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրի պապիկը կամ հենց մեզանից յուրաքանչյուրը։ Դրա համար պետք է սրտացավ լինենք, որպեսզի վաղը մենք այդ ճակատագրին չարժանանանք»,-ասաց նա։
Ամալյան Հայաստանում եւ Արցախում ստեղծված այս ծանր իրավիճակի գլխավոր մեղավորն էլ գիտի։ «Ավելի քան պարզ է, թե ով է գլխավոր մեղավորը։ Բայց մեղավորներ պետք է նաեւ մեր շարքերում փնտրել։ Պետք է գտնել, թե ինչ չենք արել, որ պիտի անեինք, ինչը հանգեցրել է սրան։ Առաջինը մեզ պետք է մեղադրենք, հետո միայն միջազգային հանրությանը, Ռուսաստանին, ռուս խաղաղապահներին, մյուսներին։ Եթե Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե ինքն այլեւս Արցախը համարում է Ադրբեջանի մաս, մենք չենք կարող երրորդ երկրից պահանջել, որպեսզի մեր խնդիրները ինչ-որ ձեւով լուծի։ Եթե Հայաստանի իշխանությունը այլեւս դադարում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, մենք Ռուսաստանից, Ամերիկայից կամ Կարմիր խաչից ի՞նչ պահանջենք։ Մենք պետք է մեզանից ուժ ներկայացնենք ու մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար»,-ասաց Ամալյա Զաքարյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ