Լրահոս
Օրվա լրահոսը

Անբացակա

Հուլիս 30,2023 10:30
Aghvan Vardanyan

«Հրապարակ» -1․ Խելագարության ներհայեցում.
Գրել ու ջնջել, ջնջել-գրել,
Իմ զվարթունից լույս մի զվարթ
Իջանեց էջին այս անավարտ.
Փորձել երկինքը սրբագրել՝
Միտքը հախուռն է, սիրտը՝ լեցուն։

Այստեղով անցավ։ Շուրջը՝ սալքար,
Սուսամբար, գառներ, սինձ ու բոխի,
Պեղել ջրերը մինչեւ հատակ,
Ջնջել ու գրել աննպատակ,
Սրբել հետքերը անանցողիկ,
Որ հավերժաբար կան ու չկան։

Սուսամբար ասի՝ բույրը առա՝
Ներհայեցումից խելագարված,
Ջնջել ու գրել՝ դաղձ, տուն ու շուն,
Աշուն, որ վերջ է արդեն հուշում,
Բայց վերջից առաջ դիպուկ հարված՝
Մեկը հեռացավ ինձ ընդառաջ։

2
Այստեղով անցավ։ Սիզախոտի,
Աստղերի միջով։ Անժամանակ-
Հորիզոնական-ուղղահայաց.
Շրջանը փակվեց։ Լոկ մի հայացք
Ընդգրկեց ողջը։ Կանմահանամ
Շրջանի ներսում։ Ծխախոտի

Դառնահամը կա։ Կա երեք քայլ,
Որ չեմ անելու շրջանի մեջ,
Որ չեմ անելու մինչեւ հետո.
Ներհայեցումից արտանետող
Բառերի հոսքով այս անընդմեջ
Վերուվարվում եմ անառարկա։

Ծխախոտը կա։ Պատշգամբից
Պարզ երեւում է նա, ով անցավ՝
Լիցքավորելով աջ ու ահյակ,
Ես համբուրեցի կուրծքը մահվան,
Բայց նա շուռ եկավ ու հեռացավ՝
Ինձ խաղարկելով սիրո գամբիտ։

3
Զոհաբերվում ենք, զոհաբերում
Անկյունագծով ու լայնակի,
Խաղատախտակին կա թագուհի,
Կարծեմ՝ սպիտակ, բայց փակուղի
Ընկած, չգիտի՝ սիրտը փակի,
Թե բաց պահի դեռ։ Իմ բիբերում

Զմռսված՝ նետվում չորս ուղղությամբ,
Փորձում է դուրս գալ խճողումից,
Փորձում է երբեք չպարտվել.
Դժվարին հաշվարկ ու բարդ թվեր,
Բայց պարզից պարզ է՝ թե երբ, ումից
Գնալ կամ կեղծվել խաղաղությամբ։

Այստեղով  անցավ։ Մի թագավոր,
Մի թագուհի է լոկ սեղանին,
Ոչ պարտություն կա, ոչ հաղթանակ.
Այլեւս անթուղթ ու անթանաք՝
Իբրեւ հաշտություն-սպեղանի՝
Թողնում եմ խաղը անթագավոր։

4
Սարերից իջնող հով էր անուշ,
Հետո կարկուտ ու տեղատարափ
Անձրեւ ու կայծակ, որ ինձ գտավ.
Այստեղով անցավ։ Գիր ու կտավ
Շնորհեց։ Խոսքի հոսքին ծարավ՝
Գահավիժում եմ ու բարձրանում։

Գուցե դեռ չկամ։ Գուցե որ եմ`
Նախավարժանք է այլ մի իջման,
Սեւագրություն չկարդացվող՝
Դատաքննության անփորձ հայցվոր,
Որ գնալու է կարճ ընդմիջման.
Գտնելո՞ւ եմ, թե՞ չորոնեմ։

Գուցե աստղացոլք, գուցե մեղու,
Խաչը ճակատին՝ գառան մայուն,
Անընթեռնելի կնոջ շարժում,
Որ սահմաններ է տեղաշարժում,
Կամ գուցե կավ է հրակայուն՝
Ագուցված մարմնի ճիշտ մեջտեղում։

5
Շնչարգելություն երկու տողի
Անտարածություն միջակայքում.
Այստեղով անցավ։ Օդ, հող ու ջուր
Կրակի առան։ Մաքրամաքուր
Էջի փոխվեցի՝ այս տեղանքում
Վերածվելով լոկ կատարվողի։

Գրվել ու ջնջվել՝ ամեն անգամ
Առերեսումից խուսափելով
Բան ստեղծողի պատկերի դեմ,
Գնալ չափին ու հոսքին ընդդեմ,
Մոտենալ վերջին բաց ափերով՝
Բան ստեղծումից արյունաքամ։

Շոգերը կանցնեն, բլուրներին
Խոտը կկծղի, արահետով
Նա կհեռանա էլ խաղաղված,
Ցածում երկիրը աղավաղված
Խոր քուն կմտնի, մինչեւ հետո
Զարթնի վայունից ուրուրների։

6
Հրեշտակների գնդեր իջան՝
Ներքեւի ողբից ափիբերան՝
Սահմանագծին մութուլուսի.
Այսու՝ միմիայն լիալուսին,
Որի տակ հողը կերերա՝
Անհիշողություն, անհիշաչար։

Ի՞նչ կմնա մեզ. միայն հայել
Վաղանցիկության լույսի միջով՝
Մատնելով երկիրն հավերժ քնի,
Այստեղով անցավ ծանրակնիք,
Բայց ահա վարդը՝ մահը շիջող,
Գոյականները շարժող բայեր։

Կտարրալուծվի խոսքը օդում
Այլեւս ընդմիշտ անբացակա,
Դողէրոցքի մեջ, որ քեզ գտա,
Ժամանակները կկտկտան
Անհոմանիշ ու անածական՝
Երկիր-երկնքի բախման գոտում։

7
Տեղապտույտ ու անշարժություն
Անիմանալի բանի դիմաց,
Մի՞թե ջնջվել եմ լիակատար,
Մի՞թե եղել է ողջն անկատար,
Որ անհաղորդակից ու անիմաց
Մտնում եմ հողի իշխանություն։

Զարկված բառերից, բայց դեռ արթուն՝
Թոհուբոհի մեջ քաղաքական,
Գրում եմ նրա հրահանգով.
Ձախողելո՞ւ եմ ուժեղ հանգով
Արդյոք այս փորձը, թե՞ ապագան
Կլուսավորի մի զվարթուն։

Հրաժարվելով ամենեցուց՝
Չմնաց ոչինչ ինձ արգելող,
Որ դառնամ մաքուր, չգրված էջ,
Ներկայությունը այդ անընդմեջ
Այստեղով անցավ՝ պարգեւելով
Խելագարության ներհայեցում։

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հունիս-հուլիս 2023թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31