«Այս պայքարը շարունակվում է 35 տարի ու ավելի, իսկ ավելի կոնկրետ՝ 44-օրյա պատերազմը չի ավարտվել, վերջին 8 ամիսը ավելի է սրվել իրավիճակը։ Մենք ունենք շրջափակում՝ էկո–ակտիվիստների կողմից, հետո պետությունը անցակետ դրեց, որն անընդունելի է»,- «Պաշարված Արցախ» հարցազրույցի ժամանակ ասաց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ըստ նրա՝ այսօր հուլիսի 29-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը հենց այն է, որ շաբաթներ առաջ ասում էինք՝ անցակետն անընդունելի է։
«Այսօրվա դեպքի ամենացինիկ վիճակը այն էր, որ Կարմիր խաչը նախապես տալիս է տեղափոխվողների ցուցակը, եւ ադրբեջանական կողմը հաստատել էր դա։ Այսինքն իրենք տեղյակ էին նախապես ու ձերբակալեցին 68-ամյա այդ քաղաքացուն»,-հարցազրույցում նշեց Ռուբեն Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Արցախում տիրող հումանիտար վիճակին՝ Ռուբեն Վարդանյանը մասնավորապես նշեց, որ ամեն անգամ խոսում ենք սովի կամ հիվանդների մասին, բայց մենք պետք է խոսենք ավելի խորքային խնդրի մասին․ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ու ընդհանուր տնտեսությունը, մարդկանց նորմալ ապրելու իրավունքը վտանգված է։ Սննդի խնդիրը լուրջ է, բայց դա հումանիտար օգնությամբ չի լուծվելու։ Մենք ապրում ենք մեր հողի վրա, մեր հայրենիքում։ Աշխարհը չի ուզում տեսնի, որ հարեւան պետությունը թույլ չի տալիս, տանում է էթնիկ զտման կամ ցեղասպանության միջոցով ամեն ինչ անել, որ Արցախում չմնան հայեր»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։
Չնայած ստեղծված ճգնաժամին՝ արցախցին ուժեղ է, դիմացկուն ու պետք է հասկանան, որ ապագան համախմբման մեջ է։ Համախմբում է պետք է, որ հասկանանք՝ մեր ապագան մեր ձեռքերում է։ 120 հազար մարդ չի ենթարկվելու Արդբեջանին։ Սա անընդունելի է»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին՝ Ռուբեն Վարդանյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանի վարչապետը իրավունք չուներ խոսելու այն մասին, թե ինչքան չի սիրում Արցախը։ Ըստ Վարդանյանի՝ ինչքան էլ ներսում խնդիրներ լինեն, հիմա պետք է խոսել մի բանի մասին՝ ի՞նչ անել, որ Արցախը մնա հայկական։