Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի շարունակենք ապրել

Հուլիս 29,2023 16:10

Հուլիսի 19-ի չքնաղ առավոտն ինձ ուղեկցում է Ակսել Բակունցի տուն-թանգարանի հիասքանչ այգի: Ինչպես միշտ, Վարդան Սարգսյանը ծաղիկներն է ջրում՝ բնականաբար, միրհավերին ու բադերին կերակրելուց հետո: Ողջույնին միանգամից հաջորդում է հուսահատ հարցուփորձը՝ որևէ հուսադրող լուր լսելու ակնկալիքով: Ոչ մի լավ բան. շրջափակում, սննդի պաշարների համալրման ոչ մի հեռանկար:

-Խոսե՞լ ես ընկերների հետ, բեր մի զանգիր Հրայրին,- ասում է Վարդանը:

Ու ես ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, թե ի՜նչ լավ է, որ գոյություն ունի Viber-ը: Չնայած և այստեղ էլ ամեն ինչ կատարյալ չէ՝ կապի ընդհատումները հաճախական են:

-Հը՞, ինչ կա,-հարցնում եմ:

-Բա՛րև, բա՛րև, հե՜չ, դե ինչ պիտի լինի՝ նույնը- պատասխանում է Հրայրը:

-Գոնե, ուտելիք-բան, ճարվում է՞,-հարցնում եմ արդեն ինչպես միշտ:

-Ոչինչ, էլի, լավ ա… ինչ ասեմ,-կարճ դադարից հետո ասում է:

-Հա՜, բա ամենակարևորի մասին չհարցրի, իսկ ծխախոտի՞ հարցը ոնց է,- փորձում եմ ուրախ կատակի միջոցով այլ երանգ հաղորդել տրամադրությանը:

-Դե, սովորությանս համաձայն, միշտ ձգտել եմ պաշար ունենալ: Էդպես էլի՝ հաշվարկած՝ օրական երեք-չորս հատիկ ծխում եմ: Ու դեռ երկու տուփ ունեմ:

-Գոնե, առաջին անհրաժեշտության ապրանքները խաղաղապահները օդով հասցնեին,-ասում եմ:

-Էսօր արդեն չորս ուղղաթիռ եկավ մեր կողմը: Ես իմ է: Կբերե՞ն, կզբաղվե՞ն այդպիսի խնդիրների լուծմամբ…

Սկսում ենք ավելի հաճախ լռել… Երբեմն անգամ մոտ երկու րոպե: Զգում եմ՝ խոսքը շարունակելու նախաձեռնությունն ինձանից պիտի բխի: Ու ճգնում եմ ինչ-որ բան ասել:

-Գազ չկա, էլեկտրականությունն օրական երկու անգամ անջատում են, հասարակական տրանսպորտ՝  համարյա չկա: Էկոլոգիական դրախտում ենք,-արժանապատիվ քրքիջով լռությունը խախտում է Հրայրը:

-Անցած մի քանի օրերին Ռուսաստանի արտգործնախարարությունը սկսել է կոշտ հայտարարություններ անել,-ոգևորված ասում եմ զրուցակցիս: Պատկերացրու որ՝ խիստ վճռականությամբ: Ես նույնիսկ կոշտ քայլերի գնալու պատրաստակամություն եմ տեսնում նրանց մոտ,- ասում եմ ու խոստովանում ինձ, որ ազնիվ չեմ վարվում: Միգուցե…

-Կհիշես՝ էն որ իրենց ինքնաթիռը խփեցին՝ ասացին, որ սա հարված էր մեր թիկունքին, բայց դե մեկ էլ տեսնում ես՝ ատոմակայան են կառուցում Թուրքիայում:

Իսկ դո՞ւ ինչ ունես՝ ոչինչ:

Նավթ, գազ… Պարզ չի՞ Արևմուտքն ում է նախընտրելու,- ասում է:

Ես իմ մշտական փաստարկն եմ ներկայացնում, որն արդեն վաղուց երկաթե չի իմ աչքերում:

-Համաձայն չեմ,-ասում եմ: Նավթն ու գազը, մեծ հաշվով, չեն կարող վճռորոշ նշանակություն ունենալ: Այլապես կստացվի, որ ողջ արևմտյան քաղաքակրթության արժեհամակարգը կեղծ է:

Հրայրը լռում է:

-Լսի՛ր, ձգտում եմ նորից զրույցին աշխուժություն հաղորդել,-չբռնե՞նք Կարմիր խաչի աշխատակիցներին պատանդ վերցնենք: Այ, էդ ժամանակ տեսնեմ ոնց չեն բացում ճանապարհը: Առավել ևս, որ արդեն նրանք էլ են հազվադեպ երևում այս կողմերում:

-Հետո էլ կասենք՝ մենք ի՞նչ կապ ունենք, անհավասարակշիռ երկու անհատների չարագործությունն է, որի համար նրանք անպայման կպատժվեն օրենքի ողջ խստությամբ,-ծիծաղելով պատասխանում է ոստիկանության պահեստի փոխգնդապետ ընկերս:

-Այ, դա իրենց ոճով է,-պատասխանում եմ:

-Դե, ի՞նչ,-ասում եմ՝ հրաժեշտից առաջ:

-Ո՞նց ինչ՝ պիտի շարունակենք ապրել: Հայ լինելը, հո, էքստրիմ է՝ ողջ կյանքի համար:

Պիտի շարունակենք ապրել:

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31