Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդեն 3 տարի է՝ պնդում ենք, որ փախստականների խնդիրը պետք է դառնա մեր երկրի արտաքին քաղաքականության առանցքային կետերից մեկը»․ Մարգարիտա Քարամյան

Հուլիս 29,2023 16:00

«Առավոտի» զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը

-Տիկին Քարամյան, Արցախում եւ Հայաստանում բողոքի ցույցեր են Արցախի ապաշրջափակման պահանջով։ Արցախում իշխանությունները սկսեցին ուղղորդել ցույցերը, ի՞նչ են ցույց տալիս գործընթացները, համաժողովրդական շարժում կլինի՞։

-Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող ցույցերը միայն մի բան ցույց տվեցին, որ հայերը միասնական են եւ շարունակելու են պայքարել Հայաստանի հետ միասնական պետության համար։ Թե ինչու են Արցախի իշխանությունները միացել բողոքի ակցիաներին, չեմ կարող ասել։ Բայց կասեմ, որ նույնն էր 1988-91 թվականներին, երբ բոլորը ենթարկվեցին ժողովրդի կամքին։

-Ադրբեջանը ստում է՝ փորձելով միջազգային հանրությանը մոլորեցնել, թե Բերձորի միջանցքը բաց է։ Դուք մի խումբ լրագրողների ու իրավապաշտպանների հետ ուղեւորվեցիք Հակարիի կամուրջ, ի՞նչ արձանագրեցիք։

-Այո, Ադրբեջանն իր ստերով լցնում է մեր անգործությունից ստեղծված վակուումը։ Մենք բազմաթիվ անգամ էինք ասել, որ պետք է ճեղքել այդ վակուումը՝ հենց Հակարիի կամրջի մոտից ստույգ տեղեկություններով։ Ցավոք, հայկական մեդիան ավելի մեծ ուշադրություն է դարձնում սկանդալներին, կենցաղային մակարդակի բամբասանքներին։ Այդ ամենը  տպավորություն է թողնում, որ մարդկանց շեղում են լուրջ խնդիրներից, որոնց առջեւ  կանգնած է մեր երկիրը։ Հենց դրա համար էլ մենք լրագրող Արմինե Մարտիրոսյանի հետ նախաձեռնեցինք այդ պրես-տուրը։ Տրանսպորտ տրամադրելու հարցում մեզ օգնեց «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը։

Մեր այցի գլխավոր նպատակը հենց այդ ստերը բացահայտելը եւ ներկայացնելն էր, ինչը մեզ հաջողվեց անել։ Բացի այդ, մենք տեղում փաստեցինք, որ Հակարիի կամրջի եւ դեպի Արցախ տանող ճանապարհի վրա չկար ոչ մի ռուս զինվոր եւ տեխնիկա։ Իսկ նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրով, այդ ճանապարհը պետք է գտնվի ռուսական՝ իրենց խաղաղապահ անվանող զորքերի վերահսկողության տակ։ Այսինքն՝ ռուսական կողմը ադրբեջանցիներին է հանձնել նաեւ այդ ճանապարհը, նրանք էլ իրենց հերթին արգելափակել են այն թե «Կարմիր խաչի», թե շտապ օգնության մեքենաների համար, ինչը նույնպես վավերագրվեց լրագրողների կողմից։ Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց այդ փաստերը ներկայացվեցին Հայաստանում գործող երկրների դեսպանատներին, եւ միգուցե հենց մենք հիմք դրեցինք դեպի կամուրջ գնալու դեսպանների որոշմանը։

-Ադրբեջանը պետական մակարդակով է զբաղվում այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցով՝ ՀՀ տարածքը անվանելով «Արեւմտյան Ադրբեջան»։ Այս փուլում Ադրբեջանի կողմից բանակցային սեղանին է դրվել այս հարցը, օրինակ Բրյուսելում, փորձելով Արցախի բնակչության իրավունքների հարցը կապել այսպես կոչված ադրբեջանցի փախստականների հարցի հետ։ Սրան ի պատասխան Հայաստանի իշխանությունը համարժեք պետական քաղաքականություն չի վարում, եւ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ հասարակական կազմակերպությունները միջազգային կառույցներում բարձրացնում են այս հարցերը։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության քաղաքականությունը, ինչպե՞ս պետք է հակազդել Ադրբեջանի այս քաղաքականությանը։

-Այսպես կոչված «Արեւմտյան Հայաստանի» կոնցեպտն այսօր չէ հայտնվել ասպարեզում։ Դեռ հունվարին Ադրբեջանն այդ կոնցեպտը ներկայացրեց ՄԱԿ, հետո եւս մեկ պաշտոնական դիմում ներկայացվեց ՄԱԿ։ Մենք՝ Արցախից եւ Ադրբեջանից 1990-ականներին տեղահանված փախստականներս, արդեն 3 տարի է՝ պնդում ենք, որ փախստականների խնդիրը պետք է դառնա մեր երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության կարեւորագույն առանցքային կետերից մեկը։ Մի երկրում, որտեղ 35 տարիների ընթացքում պարբերաբար փախստականներ են հայտնվում, չկա պետական մարմին, որը պետք է գիշեր ու ցերեկ զբաղվի փախստականների խնդիրներով։ Ապրիլի 29-ին տեղի ունեցած Փախստականների ֆորումի ժամանակ մենք պահանջ ենք դրել, որպեսզի վերջապես այդ մարմինը ստեղծվի։ Սակայն, ինչպես ամեն լուրջ աշխատանք Հայաստանում, այս խնդիրը եւս մինչ այսօր օդում կախված է։ Այնինչ, Ադրբեջանը ջանքեր չի խնայում փախստականների խնդիրներով լրացուցիչ պայմաններ դնել Հայաստանի առջեւ, եւ վերջին հանդիպումից արդեն պարզ է դառնում, որ այդ հրեշավոր, Հայաստանը ներսից քանդող ու ոչնչացնող թեզն արդեն մտցրեց նույնիսկ բանակցությունների սեղան։

Ճիշտ է, մենք հանդես ենք եկել կոշտ հայտարարությամբ եւ նախազգուշացրել բոլորին, առաջին հերթին Ռուսաստանի իշխանություններին, որ չհամարձակվեն հավասարության նշան դնել պատերազմի հետեւանքով սեգրեգացիայի արդյունքում ադրբեջանցի բնակիչների եւ Ադրբեջանի հայաբնակ տարածքներից, քաղաքներից ու Արցախի Հանրապետությունից Ցեղասպանությունից փրկված հայերի միջեւ։ Սակայն դա բավական չէ ահաբեկիչ Ադրբեջանի ծրագրերը կանխելու համար, պետք են լուրջ ջանքեր եւ, ամենագլխավորը, քայլեր, որոնք կկանխեն հրեշավոր ազգակործան ծրագիրը։ Ցավոք սրտի, մեր իշխանավորները՝ թե Հայաստանում, թե Արցախում կոլաբորացիոնիստական քաղաքականություն են վարում՝ մեր երկրի շահերն ու մեր ժողովրդի իրավունքները հանձնելով օտարներին, սպասարկելով օտար երկրների շահերը։ Դեռ ուշ չէ, մենք կարող ենք կանխել այդ աղետը, բայց դրա համար պետական այրերը պետք է սերտ համագործակցեն մեր հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների, միջազգայնագետների հետ։ Դեռ ամեն ինչ պոպուլիստական, տուն-տունիկ խաղալու մակարդակի է։ Իսկ հետո կարող է շատ ուշ լինել, եւ այս անգամ արդեն հենց Հայաստանի Հանրապետության համար։

-Այսօր այլեւս Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի մասին չի՞ խոսվում։

Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի մասին միշտ է խոսվում, բայց ոչ պետական մակարդակով։ Բայց ոչինչ, կյանքը բոլորին կստիպի գործել ժողովրդի թելադրանքով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31