Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնալու ենք Հակարիի կամուրջ ու ցույց տանք, որ ադրբեջանցիներն այնտեղ անօրինական են, 5000-ից ոչ պակաս մարդ պետք է միանա շարժմանը»․ Գագիկ Ավանեսյան

Հուլիս 29,2023 15:00

«Առավոտի» զրուցակիցն է «Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ, Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը:

-Պարոն Ավանեսյան, «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ Արցախի իշխանությունները սխալ ուղղությամբ են տանում բողոքի ցույցերը։ Շտաբը նախաձեռնել է գործընթաց, որպեսզի արցախցիները մեծ խմբով, շարասյունով գնան Հակարիի կամուրջ ու պահանջեն բացել միջանցքը։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, այդ մոբիլիզացիան հնարավոր կլինի՞ ապահովել։

-Իշխանությունները միշտ մինչեւ վերջին պահը մի ուրիշ թեթեւ զարգացումների հույս են պահելու, որովհետեւ բնական է, որ այսօր Արցախի համար պատասխանատուն իշխանությունն է։ Դա պետք է ընդունենք որպես փաստ։ Մեր առաջարկած տարբերակն այդ շարժումն սկսելու մասին ճանապարհներից մեկն է։ Մեր երթը, որի մասին խոսում ենք, իրոք արդիական է, մենք համոզված ենք, որ դա հարցի լուծման ձեւն է։ Հիմա Հայաստանից բեռների շարասյունը եկել է, բաց չեն թողնում, եւ տեսեք, թե ինչ աղմուկ ստացվեց։ Վաղ թե ուշ այդ բեռները բաց են թողնելու, բայց տեսեք, թե ընթացքում մեզ համար ինչ բարենպաստ գործողություններ են ընթանում աշխարհում։ Իրենք հայտնվել են այն վիճակում, որ բաց թողնեն, իրենց համար վատ է, բաց չթողնեն, ավելի վատ է։

Այսինքն՝ այս իրավիճակից պետք է օգտվե՞լ։

-Միանշանակ, սա իր արդյունքը տալու է։ Նույնը վերաբերում է մեր շարժմանը։ Մենք պատրաստ ենք հենց հիմա էլ դա իրագործել։ Ինչպես Օսիպյանն ասաց՝ մենք գնում ենք մեր հումանիտար բեռն այնտեղից վերցնելու։ Մենք ուրիշ տարբերակի կողմնակից ենք՝ գործել մի քիչ արագ, իսկ իշխանությունները ոնց որ մտավախություն ունեն։ Պատասխանատվության հարց է, երեւի դեռ պատրաստ չեն։

-Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր առաջարկած տարբերակի իրագործումը՝ շարասյունով գնալու եք Հակարիի կամուրջ, մեծ խմբով, հետո՞, ինչպե՞ս ես ստիպելու բացել միջանցքը։

-Հինգ հազար մարդուց ոչ պակաս մարդ պետք է միանա մեր շարժմանը։ Մտնելու ենք այնտեղ, պարտադիր չէ, որ անցնենք, բայց կարող ենք նաեւ անցնել՝ առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու։ Միջազգային դատարանի որոշումը, միջանցքի կարգավիճակի մասին թուղթն ենք ցույց տալու, ըստ որի՝ իրենք այնտեղ անօրինական են։ Հինգ կմ լայնությամբ միջանցքն արտատարածքային միջանցք է, դա իրենց հողը չէ, իրենք այնտեղ չպետք է լինեն։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի համաձայն՝ եթե Հայաստանն ու Արցախն իրար հետ սահման չունեն, ապա միջանցքը հայերի համար է, դիտվում է որպես հայկական տարածք։ Եվ գազատարն ու էլեկտրագիծը պետք է անցնեն հայկական տարածքով։ Մենք պիտի պահանջենք վերադառնալ Բերձորի միջանցքին, քանի որ մեր կոմունիկացիաներն այնտեղով են անցնում։ Մենք պետք է անցնենք մեր նախկին ճանապարհով, մինչեւ նոր ճանապարհի տարածքում նոր կոմունիկացիաներ կկառուցեն։ Եվ դա ուղղակի շեշտված է ԵԽԽՎ որոշման մեջ։

-Ի՞նչ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում Արցախում, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է ներկայացրել։ 

– Ես դա դրական եմ համարում, որովհետեւ մեր Ազգային ժողովն անհասկանալի կառույց էր, հնարավորություն չկար այնտեղ գործնական որեւէ քննարկում անելու ու լուծում ունենալու։ Նույն մեր շարժումը հենց սկզբում առաջարկել էր, որպեսզի Ազգային ժողովը հայտարարեր, որ ռուսական զորքերն իրենց պարտականությունները չեն կատարում, դիմեն միջազգային հանրությանը, որպեսզի լրացուցիչ միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկեն։ Այսինքն՝ եթե Մինսկի խմբի համանախագահ մեկ երկրի զորքերն այստեղ կան, ապա մյուս երկու երկրների համանախագահ զորքերը նույնպես պետք է այստեղ լինեն։ Բայց նրանք լրիվ հակառակ հայտարարություն արեցին, որ ռուս խաղաղապահներին պետք է միջազգային մանդատ տալ։ Իսկ ռուսներն ասացին՝ մեզ մանդատ պետք չէ, ո՞վ  է ձեզ ասել, որ մեզ մանդատ է պետք։ Այսինքն՝ իրենք կարող են իրենց պարտականությունները կատարել, բայց չեն ուզում, խնդիրը դա է։ Ազգային ժողովում կա 5 ֆրակցիա, որոնցից յուրաքանչյուրն իր «տերն» ունի, իրենք են որոշում, թե ոնց պետք է քվեարկեն։ Պառլամենտում քաղաքական դիրքորոշում ունեցող անձինք չկան, որ քվեարկելու ժամանակ դեմ լինեն կամ ձեռնպահ։ Սա է ամենախայտառակ վիճակը։ Երեւի թե մեկ խմբակցություն կա, որին իրոք որպես քաղաքական ուժ կարելի է դիտարկել, դա Դաշնակցությունն է։ Եվ եթե իրենց ներկայացուցիչը՝ Դավիթ Իշխանյանը դառնա ԱԺ նախագահ, նա այն քիչ անձանցից  է պառլամենտում, որ հասկանում է, թե ինչ է քաղաքականությունը։ Եվ ես հույս ունեմ, ո միգուցե Ազգային ժողովն իրոք դառնա քաղաքական մարմին։ Դրա հետ միասին միգուցե Դաշնակցությունն իր պոտենցիալն ուղղի ոչ թե Հայաստանի ներսում սեւ-սպիտակ խաղերին, այլ քայլեր անի, որ Արցախի շուրջը համախմբեն, այս հարցը լուծեն։ Ըստ երեւույթին Դաշնակցությունն Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցության հետ ինչ-որ համաձայնության է եկել, որ միասին դառնալով մեծամասնություն՝ կարող են ցանկացած որոշում անցկացնել՝ առանց որեւէ մեկի հետ բանակցությունների ու առեւտրի։ Այնպես որ, ես այս զարգացումները գնահատում եմ դրական։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31