Ուղիղ 197 տարի առաջ՝ 1826թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզան 60.000-անոց զորքով և 30 թնդանոթով պաշարում է Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին: Պաշարված բերդաքաղաքը պաշտպանում էին 1500 հոգուց բաղկացած ռուսական կայազորը և շրջակա 22 հայկական գյուղերից ռուսական կայազորին օգնության եկած 3000 հայ աշխարհազորայինները:
55 օր (հուլիսի 25 – սեպտեմբերի 4) պաշարված պահելով բերդաքաղաքը և չկարողանալով գրավել այն՝ Աբբաս-Միրզան իր գլխավորած զորքով ստիպված հեռանում է Գանձակ:
Պաշարումից հետո ռուսական կայազորի հրամանատար, գնդապետ Իոսիֆ Ռեուտը Կովկասի կառավարիչ, իշխան, գեներալ Ալեքսեյ Երմոլովին գրած նամակում, մասնավորապես, հայտնել է հետևյալը. «Ամրոցը պաշտպանող հայերի մասին պարտքս եմ համարում բացատրել, որ նրանց մատուցած ծառայությունը արժանի է ուշադրության, քանզի նրանք բոլորը գործում էին գերազանց քաջությամբ, դիմանում էին հակառակորդի բազմաթիվ գրոհներին ու ետ էին շպրտում նրանց մեծ կորուստներով, արհամարհում էին պարենի պակասը և ոչ մի անգամ չեն մտածել ամրոցը հանձնելու մասին, նույնիսկ երբ վրա հասավ բացարձակ սովը:»:
Կարելի է հիշատակել հայրենիքը պաշտպանելու արցախահայության նմանօրինակ վարքագծի դրսևորման այլ օրինակներ ևս, սակայն հիշատակվածն էլ բավարար է պնդելու, որ արցախահայությունը կրկին հաղթելու է:
Կարդացեք նաև
Արցախը եղել է և մնալու է հայկական:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ