Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություններից այն կողմ միջազգային հանրությունը դեռ չի անցնում. «Փաստ»

Հուլիս 29,2023 10:05

Ի սկզբանե պարզ էր, որ Բաքուն չի թույլ տա, որ Լաչինի միջանցքով Հայաստանը բեռներ տեղափոխի՝ թեկուզ դա լինի հումանիտար օգնության տեսքով, ի սկզբանե պարզ էր նաև, որ եթե ինչ-որ մի անգամ թույլ էլ տար, դա կլիներ առաջին ու վերջին անգամ։ Այդուհանդերձ, այս ամենը գիտակցելով՝ Հայաստանը որոշեց մոտ 370 տոննա հումանիտար օգնություն ուղարկել դեպի Արցախ։ Փաստացի, այդպիսով ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք Արցախին մենակ չեն թողել, որի վկայությունն է այն, որ ամեն ձևով փորձեցին հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին, բայց Ադրբեջանը չթույլատրեց։ Ուրիշ ի՞նչ կարող են անել, որ չեն արել։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դա, ըստ էության, նախապես չի համաձայնեցվել ռուս խաղաղապահների հետ՝ անվտանգ անցումն ապահովելու համար։

Ինչ վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների տրամադրություններին, ապա այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան: Ի մասնավորի, ԵՄ դիտորդներն ընդհանրապես հարց չեն լուծում, քանի որ նրանց ներկայությունը Հայաստանի սահմաններին որևէ կերպ չի զսպում Ադրբեջանին։ Նրանք ոչ միայն չեն կանխում ադրբեջանական սադրանքները, այլև ի վիճակի չեն մուտք գործել Լաչինի միջանցք։ Տպավորություն է, որ Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությունն ընդամենը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է։ Դրա համար էլ Մոսկվան խանդով է վերաբերվում այս հարցին։ Բայց ինչ վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված հումանիտար աղետին, ապա Ռուսաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները և հետամուտ չի լինում Լաչինի միջանցքի բացմանը։

Դրա փոխարեն ռուսական կողմը խոսում է այն մասին, թե Արցախը պետք է երկխոսի Ադրբեջանի հետ, բայց պարզ է, որ այդ երկխոսությունը տանելու է նրան, որ Արցախը տարրալուծվի Ադրբեջանի կազմում, իսկ ռուս խաղաղապահները և Ռուսաստանն ընդհանրապես դուրս գան Ադրբեջանից՝ ճանապարհ բացելով թուրքական ազդեցության ավելի ուժգին ներթափանցման համար։ Մյուս համանախագահող երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, չնայած Լաչինի միջանցքը բացելու կոչերով են հանդես գալիս, սակայն կոչերից այն կողմ ոչինչ չեն անում։ Ընդհանրապես, Արևմուտքում մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները ստորադասվում են էներգետիկ շահերին։ Միայն պատժամիջոցների սահմանման մասին տեղեկությունը բավական կլիներ, որ Ալիևն իսկույն ընկրկեր, էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է հետամուտ լիներ օդային միջանցքի բացմանը, որի արդյունքում հնարավոր կլիներ կանխել Արցախում աղետի հասունացումը։ Բայց հայտարարություններից այն կողմ նույն միջազգային հանրությունը դեռ չի անցնում…

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31