Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախի Հանրապետության շուրջ, ընդամենը մեկ նպատակ ունեն՝ արցախահայության համար ստեղծել անտանելի պայմաններ, որ մարդիկ էվակուացվեն Արցախի Հանրապետությունից։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Իրավիճակը սթափ գնահատելու համատեքստում քաղաքագետը ՀՀ իշխանություններին մատնանշեց։ «Իրենք շատ սթափ են գնահատում իրավիճակը։ Ավելին՝ իրենք են նպաստում նրան, որ իրավիճակը հենց այսպիսին լինի։ 2018-ից իրականացվող իրենց պետական առաքելությունը որևէ առնչություն չուներ այն սպասելիքների հետ, որոնք ձևավորվել էին հայ ժողովրդի մոտ։ «Խաղաղության պայմանագիրը» գծագրողներին անհրաժեշտ է հետևյալը. առաջին՝ Թուրքիան ու Ադրբեջանն ունենան միասնական ցամաքային սահման, որ հետագայում դա կարողանան օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ։ Եթե գործընթացները դիտարկենք այդ տրամաբանությամբ, կհասկանանք, թե ինչու էր անհրաժեշտ, որ Հայաստանում իշխանության գար այնպիսի ուժ, որը պատրաստ կլիներ անհամաչափ զիջումների գնալ Արցախի հարցում. այն, ինչը մենք տեսնում ենք, անհավասարաչափ զիջումներ են Արցախի հարցում»,-ասաց նա:
Իրավիճակը սթափ գնահատելու առումով, որպես երրորդ շերտ, քաղաքագետն առանձնացրեց ընդդիմությանը։ «Թե ինչու ընդդիմությունը չի անդրադառնում այս ամենին, իմ խորին համոզմամբ, կան մի շարք պատճառներ։ Մասնավորապես, ոչ իշխանական հատվածում վտանգների աստիճանը գիտակցելու սխալ մակարդակ կա։ Քաղաքական դաշտի զգալի հատվածի մոտ չկա գիտակցում, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել։ Այդ մարդկանց անհրաժեշտ էր, որ Փաշինյանն ուղիղ տեքստով ասեր, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ նաև Արցախն է մտնում, ինչը և արեց իր նախավերջին՝ մայիսի ասուլիսի ժամանակ։ Ես ունեմ լուրջ կասկածներ, որ քաղաքական վերնախավը, հավանաբար, երևի պետք է տեսնի փաստաթուղթ, նոր սկսի ինչ-որ գործընթացներ գեներացնել։
Խոսքն այնպիսի փաստաթղթի մասին է, որտեղ սևով սպիտակի վրա գրված կլինի, որ հարյուր հազարներով ադրբեջանական համայնք պետք է տեղափոխվի ՀՀ, որ Փաշինյանը պատրաստ է հանձնել ոչ միայն «անկլավները», այլև «Զանգեզուրի միջանցքը»։ Մենք կորցրեցինք Արցախի զգալի հատվածը, մարդիկ նոր սկսեցին մտածել Արցախի փրկության մասին, հիմա ուզում են հասցնել մեզ մի իրավիճակի, որ արդեն ՀՀ զգալի հատվածը կորցնենք, նոր մտածեն ՀՀ-ին այս իրավիճակից դուրս բերելու մասին։ Սա նոնսենս է։ Սա է պատճառը, որ ասում եմ՝ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ աստիճանի վտանգի առջև ենք կանգնած։ Իսկ եթե գիտակցում են ու ոչինչ չեն անում, լրիվ այլ խոսակցության թեմա է, որի գնահատականը ես չէ, որ պետք է տամ»,-հավելեց նա։
Կարդացեք նաև
Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ Փաշինյանը երկար ժամանակ է՝ բավականին անկեղծ է խոսում հայ հասարակության հետ. «Ասում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում անգամ խաղաղությունը երաշխավորված չէ, քանի որ բոլորից լավ գիտի, թե բանակցային սեղանի շուրջ ինչ փաստաթղթեր են դրված, տարածաշրջանային ինչ տրանսֆորմացիաներ են ենթադրում, ինչ կլինի, որ արդյունքում Հայաստանից ռուսական զորքը դուրս գա, Հայաստանը կկարողանա՞ այլ տեղից անվտանգության երաշխիքներ ստանալ, թե ոչ։ Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ բանակցությունները վաղուց ոչ թե Արցախի, այլ ՀՀ կարգավիճակի շուրջ են։ Իրենք թույլ չեն տալու արդիականացնել մեր բանակը։
Ոչ միայն «անկլավների», այսպես կոչված, վերադարձ են պահանջելու, այլ ադրբեջանցիների տեղափոխում Հայաստան։ Այս առումով տարբեր գնահատականներ կան՝ խոսքը 80-ից մինչև 120 հազար ադրբեջանցիների մասին է։ Դրանից հետո, հաշվի առնելով Շուշիի տակ ադրբեջանցի «էկոակտիվիստների» ակցիան, տեսանելի է նաև հետագա ծրագիրը։ Այդ ադրբեջանցիները, որոնք «լեգալ հիմունքներով» հայտնվելու են ՀՀ տարածքում, սաբոտաժի են ենթարկելու ՀՀ էներգետիկ, տրանսպորտային, հանքահումքային արդյունաբերության ենթակառուցվածքները։ Պահանջելու են դադարեցնել նաև ատոմակայանի գործունեությունը։ Այս գործընթացի տրամաբանական ավարտը հայկական պետականության լուծարումն է լինելու»։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում