Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Հուլիս 29,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

  1. Հույն եւ հռոմեացի փիլիսոփաների մտքի փայլատակումները

Անժելան իսկական երգչուհու ձայնով ու երաժշտության ընկալման տաղանղով էր օժտված: Սակայն ճակատագիրը նրան Գլենդել էր ուղղորդել, որտեղ նա գլենդելյան դեպի ռաբիսը (рабoчee искусство-բանվորական արվեստ) համատարած պաշտամունքի միջավայրում կորցնելու է մարդկանց երգարվեստ մատուցելու հնարավորությունը: Քիչ անց սրահը լցվեց դաշնամուրային մեղեդիներով: Ստեղները ենթարկվում էին Անժելայի մատների վարժ հպումներին ու այդ հպումների հետ դուրս են հորդում մեղեդիները՝ համեմված նուրբ, մարդկային զգացումներով:

Հաջորդ անակնկալը մատուցեց երգիչ Նշան Ջաղացպանյանը: Նա իր երգացանկից երկու ալբոմ նվիրեց ինձ: Սակայն չգիտեմ, իր հայրենասիրական երգերով նա դիմանո՞ւմ է ռաբիս երգիչների մրցակցությանը: Հավանաբար, նա չգիտեր, որ սկավառակների դարն անցել է, այժմ փոքրիկ ֆլեշները կարող են ընդգրկել իր ողջ երգացանկը: Առաջինը «Կը յիշենք եւ կը պահանջենք» ալբոմն էր 22 երգերով, մյուսը՝ «Արցախի հետ» 17 երգերով ալբոմը:

Ինձ համար իսկական անակնկալ էր Սեդրակ Սեդրակյանի մասնակցությունը ցուցահանդեսին: Նրա հետ ծանոթ եմ դեռեւս 1988 թվականից, երբ նա Արցախում էկոնոմիկայի նախարարն էր: Հետո ամեն անգամ Արցախ գնալիս, ես Արցախում  նկարահանումներ էի կատարում Հայկական հեռուստատեսության ու իմ «Արցախյան օրագիր» հաղորդաշարի համար, անպայման հանդիպում էի նրան, զրուցում հետը: Նա Արցախի տնտեսության փրկության եւ զարգացման համար հետաքրքիր ծրագրեր ուներ: Ի վերջո, նա հայկական կոնյակի հանրահայտ մասնագետ Մարգար Սեդրակյանի որդին էր:  Նա այստեղ դստեր՝ Գայանեի հետ էր ապրում:

Գագիկ Վարդանյանը նվիրեց  «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» Աննա Բաբուզյանի հետ համատեղ կազմած գիրքը՝ նվիրված 2020 թ. պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Ապա նա «Միասնություն հանուն հայության» ԲՀԿ անունից ինձ հանձնեց «Մոնթե Մելքոնյան» մեդալը:


Գլենդելյան հեռուստաստուդիաները նախապես կեսժամանոց երեք հաղորդում են տվել եթեր՝ նվիրված «Արեւմտյան Հայաստանը մինչեւ 1915 թ. լուսանկարներում» եւ «Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի նորահայտ ամրոցները» թեմաներին: Սպասում էի, որ ցուցահանդեսի բացմանը ասեղ գցելու տեղ չի լինի: Սակայն, ինչես երեւում է, «ասեղ» գցելու կարիք չառաջացավ: Ինչպես երեւաց՝ սա վատ նախանշան էր:

Daniel Varoujan with his father, wife Araksi and her parents. From the left – Araksi's sister Vergine Taghtchian, Araksi's father Mirijan Taghtchian, Araksi's brother Garegin Taghtchian, Araksi's mother MariamTaghtchian, in Mariam's arms is Varoujan son, Araksi Varoujan, Araksi's brother Samvel Taghtchian, Varoujan's father Grigor Chpougcarian, Daniel Varoujan, worker of Mirijan's shop. On the way of Brgnic, 1911, archive of E.Ch MLA West. Arm Sebastia
Բնակարանում կտրվեց համացանցային կապը: Իմ ժամանելուց առաջ Սոնան տեղադրել էր վայ-ֆայ կապի միջոցը, որը, սակայն, ընդհատումներով էր աշխատում:  Հաճախ էին մալուխային կապից զանգում, հետեւում կապի որակով, խորհուրդներ տալով կարգավորում կապը: Սակայն կորցրած բջջայինի մեջ էր հետադարձ կապի հեռախոսահամարը: Մի քանի օր է, ինչ համակարգչից օգտվել չեմ կարողանում:  Կապի վերականգնման համար Սոնան որոշեց դիմել մի քանի տեղ, գուցե գտնի վայ-ֆայ տեղադրած գրասենյակը: Հասանք «Պատկերասրահ» կոչվող շենքին:

-Սոնա, դու կապի մասին բանակցիր, իսկ ես ուզում եմ պատկերասրահի հավաքածուն տեսնել:

– Հայր, այստեղ նման բան չկա, այստեղ հիմնարկներ են, առեւտրի, սպասարկման հիմնարկներ: Տես ինչ եռուզեռ է ներսում, իսկ նկարների պատկերասրահները դատարկ են լինում: Հիմա մարդիկ ժամանակ չունեն պատկերասրահներ այցելելու: Հազիվ հասցնում են բնակարանի վարձ, կենսակերպ հոգալու համար գումար վաստակել: Ընտանիքի համար բնակվարձը 3500-4000 դոլար է, մեքենա վարելը եւս թիվ է…

Մեր պատվերի հեղինակ ծառայությունը չգտանք:

Սոնան ինձ տարբեր տեղեր տանելու ծրագիր էր մշակել, ու հարմար ժամանակ ունենալու դեպքում ինձ տանում էր այդտեղ: Հիմա  հերթը Մալիբու Բիչում անտիկ շրջանի արվեստի թանգարանինն է:

Օվկիանոսի ափին զուգահեռ մայրուղին խցանվեց: Ռոբոտ-քարտեզը ոչինչ անել չէր կարող, ուստի ամբողջ ճանապարհը կարմիրով ներկեց: Վերջապես, տեսանք, որ ճանապարհային վթար է տեղի ունեցել:

Սոնան առաջարկեց դուրս գալ մայրուղուց,  քայլել կամ հանգստանալ  օվկիանոսի ափի ավազներում: Մերժեցի, քանի որ ցանկանում էի ժամ առաջ լինել անտիկ Հունաստանի ու Հռոմի մշակույթի միջավայրում:

Հունական եւ հռոմեական անտիկ շրջանի մշակույթի սիրահար ամերիկացի մեծահարուստ Պաուլ Գետտին (1892-1976 թթ.), սկսելով ստեղծել իր  հավաքածուն, որոշեց Խաղաղ օվկիանոսի ափամերձ Մալիբա Բիչի իր դղյակը վերածել թանգարանի: Անցնելով սյունազարդ մուտքը, իսկույն հայտնվեցինք ջրավազանը մերձարեւադարձային բուսատեսակներով շրջանակած տարածքում: Բրոնզաձույլ քանդակներն այցելուներին աստիճանաբար պատրաստում են անտիկ արվեստին: Բրոնզաձույլ պատանին նստել էր քարին, հայացքը հառել շատրվանին:

Ավելի  քան երկուս ու կես հազարամյակ է, ինչ մարդիկ քանդակագործների կամքով քարացած հայացքով նայում են մեզ, ասես ուզում են խոսել, հասկանալ. ո՞ր աշխարհում են հայտնվել, սակայն քար են կտրել ու այդպես մնացել, որ մեկը գա, իր կախարդանքով կրկին կենդանացնի, ու հին աստվածները, փիլիսոփաները, գեղեցկության հմայք պարտադրող ազնվական կանայք շարունակեն ապրել իրե՛նց կյանքով: Հերկուլեսը, որի ուժից ու ոգուց սարսափում էին ախոյանները, անվրդով նայում է ինձ ու ասում.

-Էյ, հայ մարդ, դու ի՞նչ գործ ունես այստեղ, գնա քո բանին, հրեշները երկիրդ են հոշոտում, լափում, գնա, օգնիր մարդկանց դուրս պրծնելու թուրքերի ձեռքից…

Ես շվարել եմ: Այս միտքը իրոք Հերկուլեսի՞նն է, թե իմը… Դիմեցի հույն փիլիսոփաներին, գուցե նրանք ճշմարտությունն ասեն: Նրանք մտքերի փայլատակումներն ագորայում են թողել:  Անտիկ շրջանի մտքի փայլատակումներն են, որ ուղի են հարթել դեպի ժողովրդավարություն, դեպի զարգացում: Նրանք ցույց տվեցին, որ մարդու միտքն է առաջնայինը: Երբ լսում ու գնահատում են այն, ապա այդ երկիրը զարգացում է ապրում: Այսպես Հունաստանը, ապա եւ Հռոմը մտքի փայլատակումների ու նրանց լսելու, գնահատելու շնորհիվ առաջ անցան մյուս ժողովուրդներից, մարդկությանը տվեցին հանրության կազմակերպման հիմքը՝ ժողովրդավարության գաղափարախոսությունը:

Սափորների պատկերներն այցելուներիս առաջ մեկ այլ աշխարհ են բացահայտում: Դրանք անպայման մեկ շնչով, ճշգրիտ շարժումով են շունչ առել:  Հույն վարպետները նորանոր լուծումներ են հայտնաբերում, անկախ նրանից, թե ինչ թեմա են իրականացնում: Վարպետների հոգսը արվեստն է, նրանց հավերժությունը: Հետո մենք քայլեցինք խաղողի երկար թարմայի տակով: Արդեն նկատվում են խաղողի ողկույզները: Ես, որ քեռուցս՝ տոնաշենցի Արամայիս Սարգսյանից եմ սովորել խաղողի վազերի էտը, իսկույն գնահատեցի ճիշտ ու վարժ էտը, ու հունահռոմեական անտիկ միջավայրում եւս բերքառատ տարի է լինելու:

Ես պատկերացնում եմ, թե որքան է Պաուլ Գետտին սիրել հունահռոմեական արվեստը, անվերջ խոսել նրանցից յուրաքանչյուրի, ամենակարող վարպետների հետ: Նա քիչ գործեր չի ձեռք բերել հրաբուխից խարամի տակ թաղված Պոմպեյի պեղումներից: Դղյակը զգալի վերափոխություններ է ապրել, XYIII դարի ռոմանական ոճի սյունազարդ նախասրահներ ավելացվել:  Հունահռոմեական մշակույթի այս գանձերը կրկին կենդանացել են, խոսում են մարդկանց հետ, հուշում, որ կյանքն իրոք հեքիաթի է նման ու արժե ապրել ու ստեղծագործել:

Պատմում են, որ Պաուլ Գետտիի թոռանը փախցնում են գանգստերները ու մեծահարուստից փրկագումար պահանջում: Երեխայի հայրը խնդրում է իր հորից՝ տալ պահանջվող գումարը: Պաուլը մերժում է: Գանգստերները կտրում են երեխայի ականջը եւ ուղարկում: Պաուլ Գետտին ազդվում է, տալիս է պահանջվող գումարը երեխայի հորը՝  հինգ տոկոս դրույքաչափով:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31