Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Հուլիս 28,2023 22:22

Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Վարչապետը նախ Գավառում ծանոթացել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ երկարության  հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 733 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Գավառում վարչապետին են ներկայացվել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն 796 հազար դրամ, որից 55 տոկոսը  համայնքի բյուջեից համաֆինանսավորմամբ, իսկ 45 տոկոսը՝ պետական բյուջեից: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 174 մլն դրամ: Միջոցների 75 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից: Արդեն իսկ կատարվել են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն առաջիկայում:

Գեղարքունիքի մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Ն․ Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Քաղաքաշինության
կոմիտեի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է
1․8 մլրդ դրամ: Իրականացվել են 5 մասնաշենքերի կոնստրուկցիաների և միջհարկային ծածկի աշխատանքները: Կատարվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 4868 քմ մակերեսով դպրոց, որը կունենա 936 աշակերտ/տեղ: Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2025 թվականին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն, ծանոթացել այնտեղ իրականացվող կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 470 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 4720 քմ մակերեսով 79 մահճակալ հզորությամբ և ժամանակակից տեխնիկայով համալրված բժշկական կենտրոն:

Վաղաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 112 մլն դրամ, որից 35 տոկոսը կազմում է համայնքի, իսկ  65 տոկոսը՝ պետական բյուջեից համաֆինանսավորումը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 120 տեղ հզորությամբ մանկապարտեզի շենքը և բարեկարգվել է տարածքը:

Մյուս բնակավայրը, որտեղ կառուցվել է մանկապարտեզ, Զոլաքարն է: Այստեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ Մարտունի համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականցվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն դրամ: Միջոցների 35 տոկոսը տրամադրվել է համայնքի, իսկ
65 տոկոսը՝ պետական բյուջեից: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վարդենիս քաղաքը, որտեղ նրան ներկայացվել են Ռոմանի փողոցի ասֆալտապատման աշխատանքները և սուբվենցիոն ծրագրերով համայնքում նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ այս տարվա համար Վարդենիսում նախատեսվում են 4,2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 2,6 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է:

Այնուհետև վարչապետն այցելել է Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին: Կառավարության ղեկավարը շրջել է ստարտափերի տաղավարներում, ծանոթացել բացօթյա, վրանային, ոչ ֆորմալ բիզնես ֆորումի մանրամասներին ու նպատակներին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում ստարտափներին, ձեռնարկատերերին, ներդրողներին, տարբեր ոլորտների առաջատար խոսնակներին ու մենթորներին՝ համագործակցելու, սովորելու, մրցելու և զվարճանալու: Տաղավարներից մեկում վարչապետը միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանը, ստարտափ ծրագրերին վերաբերող հարցեր:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ն մեկնարկել է հուլիսի 23-ին և կտևի 7 օր: Միջոցառմանը ներկա են 110 ստարտափներ աշխարհի 30 երկրներից։ Տեղեկացվել է, որ միջոցառման անցկացման օրերը հագեցած են փորձի փոխանակմամբ, պանելային քննարկումներով:

Շողակաթ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին: Զեկուցվել է, որ Ճամբարակ համայնքի և Կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն  դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, 4․9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը՝ Կառավարությունը և 27 մլն դրամը հատկացվել է համայնքի բյուջեից: Կատարվել են շինաշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման  արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվա հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի համայնքի 315 հա տարածք:

Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Զեկուցվել է, որ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 60 տոկոսը, մյուս մասը կավարտվի մոտ ժամանակներս։

Ճամբարակում վարչապետին ներկայացվել է 44-օրյա պատերազմում համայնքի զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման ընթացքը: Զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը  կազմում է 68 մլն դրամ: Միջոցների 45 տոկոսը տրամադրել է համայնքը, 55 տոկոսը՝ Կառավարությունը: Կատարվել է աշխատանքների 60 տոկոսը։

Լճաշեն համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է Փոստի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը
կազմում է 236 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 50 տոկոսը։

Գագարին համայնքում վարչապետն այցելել է «Գեվմիկ» ընկերության կողմից հիմնված ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ, որից 1․1 մլրդ դրամի տոկոսագումարը սուբսիդավորել է պետությունը: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնել է 3,76 հա ջերմոցային տնտեսություն, 2400 քմ մակերեսով օժանդակ շինություններ։ Ստեղծվել է 82 աշխատատեղ:

Վարչապետը ծանոթացել է նաև Պաշտպանության նախարարության մոդուլային N զորամասի հիմնման ընթացքին:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31