Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին, հիմնադրամի իրավաբան Տաթև Դանիելյանին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանին: Հիմնադրամի տնօրենը տեղեկատվություն է հայտնել Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրն իրագործելու համար դիտարկվող տարածքների վերաբերյալ՝ ներկայացնելով նախագծային խմբին ելակետային տվյալների, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտությունը և վերհանված հնարավոր խնդիրները:
Կոմիտեի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել կոմիտեի լիազորությունների շրջանակում ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագիրն իրականացնող թիմին և աշխատանքներն արագ կազմակերպելու նպատակով գերմանական «gmp Architekten» նախագծային ընկերությանը տրամադրել դիտարկվող տարածքներին առնչվող կոմիտեի համակարգմամբ մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող օրենսդրության, քաղաքաշինական նորմերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Քննարկվել են Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր տարբերակներից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 17-րդ թաղամասի հողամասերի նկատմամբ առկա քաղաքաշինական հատակագծային սահմանափակումները՝ Ակադեմիական քաղաքի կառուցման համար դիտարկվող հողամասի իրական մակերեսը հստակեցնելու նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծային թիմին փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի գոտևորման նախագիծը և 17-րդ թաղամասին հարակից բնակավայրերի համար մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի այն նյութերը, որոնք օգտակար կլինեն Ակադեմիական քաղաքի համար դիտարկվող տարածքներում տարբեր գործառույթների տեղաբաշխում կատարելիս:
Կարդացեք նաև
Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրում հայկական կողմից՝ որպես աշխատանքների իրականացմանն աջակցող կազմակերպություն, ներգրավված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել համալսարանի կողմից կատարվող ինժեներաերկրաբանական, գեոդեզիական աշխատանքների ընթացքին:
Հավաքագրված բոլոր տվյալները փոխանցվելու են ծրագրում ներգրավված գերմանական կազմակերպությանը՝ Ակադեմիական քաղաքի համար դիտարկվող տարածքի գլխավոր հատակագծի մշակման համար:
Քաղաքաշինության կոմիտե