Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին: Միլիոնավոր լսարան ունեցող հեռուստածրագիրը հիմնականում անդրադառնում է սոցիալական, կրթական ու բնապահպանական, ինչպես նաև կայուն զարգացման հիմնախնդիրներին:
Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված դժվարին իրավիճակն ու խորացող հումանիտար ճգնաժամը: Նա նաև խոսել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից Արցախում իրականացվող սոցիալական, ենթակառուցվածքային ու կրթական ծրագրերի և դրանց աջակցելու կարևորության մասին՝ նշելով, որ ամեն ջանք գործադրվում է այդ ծրագրերն իրականացնելու համար՝ չնայած շրջափակման հետևանքով ամեն օր առաջացող խոչընդոտներին:
Նա կարևոր է համարել, որպեսզի միջազգային հանրությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում Արցախում և ճնշում գործադրի կառավարությունների վրա՝ հումանիտար աղետ թույլ չտալու համար:
Հարցազրույցը որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացվում է ստորև: Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյան- Ցավոք, վերջին յոթ ամիսներին Արցախում մենք չունենք ո՛չ սնունդ, ՛ոչ լույս, ո՛չ գազ։ Ամեն ինչ սահմանափակված է մեր ներքին ռեսուրսներով։ Մինչև հունիսի 15-ը գոնե ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչին թույլատրվում էր որոշ դեղորայք և մարդասիրական օգնություն բերել Արցախ, սակայն դրանից հետո այդ ճանապարհն էլ է ամբողջությամբ փակվել, և հիմա մենք տոտալ շրջափակման մեջ ենք. ոչ ոք չի կարողանում տեղաշարժվել, ոչ ոք ոչ մի տեղից չի կարողանում ոչինչ ձեռք բերել, մենք ունենք միայն մեր ներքին ռեսուրսները, որոնց հաշվին էլ մարդիկ ողջ են մնում, բայց սա իսկապես չափազանց վտանգավոր իրավիճակ է։
Սվետա Բեներջի– Սա իրոք խելագարություն է, ինչպե՞ս կարող է այս ամենը տեղի ունենալ 21-րդ դարում: Անհավանական է լսել նման պատմություններ, որոնք դեռ տեղի են ունենում։
Բեն Բեներջի– Այդ մասին մենք նույնիսկ չենք էլ լսում լուրերի թողարկումներում, արևմտյան լրատվամիջոցներում:
Ռուբեն Վարդանյան– Ցավոք, սա ճշմարտություն է։ Չնայած այն փաստին, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը հստակ որոշում է կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին բացել միջանցքը, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կարող են ամենաբարձր մակարդակի միջազգային կազմակերպությունների որոշումներն արհամարհվել։ Ես զարմացած եմ, բայց նաև հումանիտար աշխարհն է անտեսել այս իրավիճակը: Մենք որևէ օգնություն ստանալու հնարավորություն չունենք։ Մենք առաջարկում ենք օդային միջանցք բացել, որը հնարավորություն կտա կազմակերպություններին որոշակի հումանիտար օգնություն հասցնել մեզ, քանի որ մենք ունենք օդանավակայան։ Հավատում ենք, որ սա լուծումներից միայն մեկն է, որ կարող ենք խնդրել աշխարհին, հատկապես Շվեյցարիայից կամ այլ վայրերից կարող են մարդասիրական բեռներ գալ ու մարդկանց սնունդ հասցնել: Այս պահին Արցախում կա 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց: Նորից եմ ասում, խելագարություն է այն, ինչ տեղի է ունենում, և, ցավոք, աշխարհը սա չտեսնելու է տալիս։
Բեն Բեներջի- Ասացեք, օրինակ, եվրոպացու կամ շվեյցարացու համար, որն ուզում է Արցախ գալ։ Ինչպե՞ս կարող է գալ։ Կարո՞ղ է գալ Հայաստանով, Երևանով կամ Ադրբեջանով։ Ինչպե՞ս:
Ռուբեն Վարդանյան- Չեք կարող: Արցախն ամբողջովին շրջափակված է։ Դուք կարող եք գալ Հայաստան, կարող եք մոտենալ սահմանին, բայց հիմա չեք կարող մուտք գործել Արցախ։ Դժբախտաբար Արցախը տոտալ շրջափակման մեջ է:
Սվետա Բեներջի– Գժվելու բան է։ Այս պահին ընթանո՞ւմ են դիվանագիտական ինչ-ինչ քննարկումներ՝ խաղաղության վերաբերյալ, թե՞ պարզապես ամեն ինչ փակուղու մեջ է։ Որևէ մեկը փորձո՞ւմ է այս տարածաշրջանին խաղաղություն վերադարձնել:
Ռուբեն Վարդանյան– Վերջերս հանդիպումներ եղան Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Մի քանի հանդիպում անցկացվել է Մոսկվայում, որոնք զուգահեռաբար են տեղի ունենում։ Երկու քննարկումներն էլ, ցավոք, լուծումներ չեն տվել։ Չափից շատ կեղծ հռետորաբանություն կա Ադրբեջանի կողմից։ Օրինակ, Ադրբեջանն առաջարկել է մարդասիրական օգնություն, իսկ մենք ասել ենք․ «Ո՛չ, ձև չկա։ Մենք ձեզ չենք վստահում»: Մենք գիտենք, որ անհնար է օգնություն ստանալ այն մարդկանցից, որոնք շարունակաբար հայտարարում են, թե սպանելու են հայերին:
Բեն Բեներջի– Հասկանալի է, որ կա մարդկանց շրջափակում, իսկ ի՞նչ կասեք ապրանքների մասին։ Կարո՞ղ ենք, օրինակ, փոստով ծանրոցներ կամ այլ ապրանքներ ուղարկել: Թե՞ դա նույնպես արգելափակված է:
Ռուբեն Վարդանյան– Ամեն ինչ արգելափակված է։ Դուք ոչինչ չեք կարող ուղարկել: Մինչև հունիսի 15-ը դա հնարավոր էր։ Դա հնարավոր էր ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով, այդ ժամանակ հնարավորություն կար ստանալու։ Այժմ մենք ամբողջովին ենք արգելափակված։ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ փակել է ճանապարհը, որը Արցախը Հայաստանին կապող միջանցքն էր։ Ինչպես ասացի, ցավոք, մենք այժմ ունենք մի իրավիճակ, որը շատ ավելի բարդ է, քան նախկինում էր, քանի որ մենք ոչինչ չենք կարող ստանալ արտաքին աշխարհից, այդ իսկ պատճառով ես ասացի, որ պետք է կազմակերպել մարդասիրական օդային կամրջի օգնության ծրագիր: Հուսով եմ, որ շատ մարդիկ են լսում ձեր հաղորդումը, այն շատ տարածված է սոցիալական ազդեցության ներդրողների շրջանում, մենք պետք է ճնշում գործադրենք միջազգային կազմակերպությունների, կառավարությունների վրա, պետք է ասենք, որ երեխաները սննդի կարիք ունեն, նրանք ապրելու իրավունք ունեն։ Ոչ ոք իրավունք չունի դադարեցնել մարդկանց նվազագույն կարիքների ապահովումը, այն մարդկանց, որոնք անմեղ ու սովորական մարդիկ են:
Սվետա Բեներջի– Հենց նրա համար, որ Դուք Արցախում եք, ես հիանում եմ Ձեզնով։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում կարող էիք աշխարհի ցանկացած վայրում լինել: Եվ այսպես, ինչո՞ւ եք Դուք այնտեղ։ Ո՞րն է պատճառը։
Ռուբեն Վարդանյան-Անցյալ տարի արդեն տեսանելի էր ճգնաժամը, քանի որ Ադրբեջանը կամաց-կամաց կիրառում էր «սալյամիի» ռազմավարությունը և աստիճանաբար առաջ էր ընթանում՝ ավելի ու ավելի շատ խնդիրներ ստեղծելով։ Ես, անշուշտ, հիմա կարող է լինել բոլորովին այլ վայրում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Բայց հասկացա, որ պետք է ընտրությունը կատարել: Որոշել՝ դու քո ազգի հե՞տ ես։ Դու քո հայրենիքի և այն երկրի հե՞տ ես, որին պատկանում ես, թե՞ ոչ։
Սա դժվար որոշում է, քանի որ կան բազմաթիվ մարտահրավերներ, խնդիրներ, ծրագրեր և նախագծեր: Բայց հետո ինքդ քեզ հարցնում ես. ի՞նչն է քեզ համար ավելի կարևոր՝ քո անձնակա՞ն կյանքը, թե՞ սեփական ազգի համար ինչ-որ բան անելու պատրաստակամությունը։ Եվ գիտեք, ընտրությունը հեշտ չէ, բայց դա նորմալ է, ինչպես ասացի, այստեղ հերոսական ոչինչ չկա: Պարզապես, երբ գալիս է ժամանակը, յուրաքանչյուր մարդ պետք է որոշում կայացնի՝ իր համար կարևորների միջև։ Եվ ինձ համար կարևոր էր մնալ իմ ժողովրդի կողքին, ինչպես նաև նրանց փոխանցել այն զգացողությունը, որ իրենք մենակ չեն։ Սա շատ կարևոր էր։ Իմ տեղափոխությունն Արցախ շատ լավ ընդունվեց, շատ մարդիկ չգիտեին էլ՝ ով եմ ես, բայց նրանք զգացին, որ միայնակ չեն, որ ինչ–որ մեկը եկել է, որ մնա իրենց հետ։ Սա խորհրդանշական էր, բայց այս հարցում ես մենակ չեմ։ Հարյուրավոր մարդիկ ինձ ասացին, որ իրենք էլ են ուզում ճանապարհը բացվելուն պես տեղափոխվել այստեղ՝ Արցախ։ Կարծում եմ, որ սա նորմալ պահվածքի մի մասն է։
Սվետա Բեներջի– Ուրեմն ի՞նչն է Ձեզ պահում։ Ո՞րն է Ձեր տեսլականը: Ինչպե՞ս է սա լուծվելու: Ինչի՞ն եք հավատում։ Ինչպե՞ս կարող է դա լուծվել։ Ի՞նչ է պետք անել։
Ռուբեն Վարդանյան– Գիտեք, ես հավատում եմ, որ երբ ներսումդ ուժեղ ես, երբ զգում ես, որ պաշտպանելու ես քո սեփական տանը, քո հողում ապրելու իրավունքը, երբ համախմբում ես մարդկանց, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, ասում են, որ չեն հանձնվելու, չեն ապրելու Ադրբեջանի ենթակայությամբ, մի ռեժիմի, որը գալու է ու ավերելու է մեր տարածքները, ավերելու է մեր վանքերը, մեր մշակութային ժառանգությունը, երբ գնահատում ես քո հասարակության ներսում առկա էներգիան, իրոք հավատում ես, որ աշխարհն ավելի հետաքրքրված կլինի, թե ինչ է այստեղ կատարվում։ Պատմության մեջ սա բազմիցս կրկնվում է, երբ ասենք, շատ փոքր երկրներ պայքարում են այնպես, ինչպես Դավիթը Գողիաթի դեմ: Երբեմն նրանք իսկապես որևէ հնարավորություն չեն ունենում հաղթելու, բայց դու կարող ես այնպիսի էներգիա ստանալ հասարակության ներսում, որը կօգնի նաև դրսում ապրող մարդկանց, օրինակ՝ Հայաստանում, հայկական սփյուռքում կամ ամբողջ աշխարհում, ասելու, որ այս մարդիկ հարգանքի են արժանի, այս մարդիկ պաշտպանության կարիք ունեն, այս մարդիկ աջակցության կարիք ունեն,որովհետև մենք մեզ ճիշտ ենք պահում, մենք մեր ինքնությանը հավատարիմ ենք ու հարգանքով ենք վերաբերում։
Սա շատ կարևոր է՝ պահպանել քո ինքնությունը, քո ով լինելը: Ահա թե ինչու, կարծում եմ, հենց որ կարողանանք տեղ հասցնել այս ուղերձը, հենց որ հնարավորություն ունենանք աշխարհին հասցնելու մեր ցանկությունը, այն է՝ պայքարել սեփական երկրում ապրելու մեր իրավունքների համար, մենք ավելի շատ աջակցություն կստանանք մարդկանցից: Սա կարևոր է, քանի որ երբեմն, երբ ամեն ինչ այնքան վատ և անհավանական է թվում, դու հայացք ես գցում քո ներսը, նայում ես քեզ և քո ամուր հավատին, քո սեփական երկրի և քո ժողովրդի հանդեպ սիրուն և պատասխանատվություն ես ստանձնում: Հազարավոր մարդիկ են զոհվել ու մահացել այս վերջին 30 տարիների պատերազմների ընթացքում: Մենք պարտավորություն ունենք այս սերնդի առջև։ Մարդիկ տեսնում են, որ, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք պահել ենք Արցախը հայկական, դրա համար էլ մենք պետք է կատարենք այս պարտավորությունը, պետք է գալիք սերնդին ներարկենք Արցախը հայկական պահելու պատասխանատվության զգացումով:
Տեսեք, Ադրբեջանում երկիրը 44 տարի կառավարվում է մեկ ընտանիքի կողմից։ Դա ավտորիտար ռեժիմ է, ոչ թե ժողովրդավարություն: Նավթն ու գազը փողի մեծ հոսքեր են, բայց դա կայուն չէ՝ իսկապես կայուն հասարակություն ձևավորելու համար: Մենք ապրում ենք շատ խելացնոր ժամանակաշրջանում։ Այդ իսկ պատճառով, քանի դեռ մենք մեզ ամուր ենք պահում, վստահ եմ, որ աջակցություն կստանանք այլ ժողովուրդներից ու այլ պետություններից:
Սվետա Բեներջի– Ինչպե՞ս կարող է ձեզ աջակցել մեր ունկնդիրը։ Պե՞տք է այս ամենը տարածել և ինչպե՞ս կարող են ձեզ աջակցել:
Ռուբեն Վարդանյան– Ինչպես ասացի, նախևառաջ՝ անտարբեր չլինելով։ Մի՛ կարծեք, թե սա պարզապես մի աննշան, փոքր հակամարտություն է՝ համեմատած աշխարհի առջև ծառացած այլ խնդիրների հետ։ Անտարբեր չլինել՝ նշանակում է նաև բարձրաձայնել, որ սա անընդունելի է։ Ցանկացած եվրոպական կառավարություն, մյուս բոլոր երկրները պետք է հասկանան՝ սա աննշան հակամարտություն չէ։ Սա հակամարտություն է, որը սպառնում է իսկապես մի յուրահատուկ ազգի, որն այստեղ ապրում է հարյուրավոր տարիներ շարունակ, որն իր մեջ կրում է հսկայական ժառանգություն՝ քրիստոնեական, մշակութային, և որի ոչնչացումը կլինի ևս մեկ շատ ցավալի էջ՝ աշխարհի զարգացման պատմության մեջ: Հետևաբար բարձրաձայնելը շատ կարևոր է լինելու, պետք է ճնշում գործադրել կառավարությունների վրա՝ ասելով, որ դուք պարտավոր եք կատարել ձեր պարտականությունը։ Դուք պետք է անեք ձեր հասանելիքը: Երկրորդը՝ մարդասիրական օդային միջանցքի ստեղծումն է, որը կարող է իսկապես կարևոր դառնալ, եթե սոցիալական ազդեցության ներդրողները, սոցիալական բարերարները կարողանան ստեղծել հատուկ օդուղի, ապա դա հիմա չափազանց կարևոր կլինի, դա պետք է անհապաղ արվի։
Երրորդը՝ չնայած մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին, մենք ուրախ կլինենք մտածել որոշ նախագծերի շուրջ, միասին ինչ-որ բան կառուցել, ինչ-որ բան անել կրթության, ՏՏ ոլորտներում, նաև այլ բնագավառներում և փորձել կիսվել մեր սեփական փորձով, մեր գիտելիքներով, ինչպես նաև, օրինակ, թե ինչպես գոյատևել ներկա միջավայրում։
Բեն Բեներջի– Եթե կարող եք, խնդրում եմ, կիսվեք Ձեր գործողությունների կոչ-ուղերձով նաև մեր համաշխարհային լսարանի համար:
Ռուբեն Վարդանյան– Պարզապես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, հազարավոր հղի կանայք ներկայում գտնվում են լիակատար շրջափակման մեջ։ Մենք չունենք սնունդ, չկա էլեկտրականություն, գազ՝ արտաքին աշխարհից։ Մենք չենք կարող օգնել առողջական լուրջ խնդիրներ ունեցող մեր հիվանդներին՝ հիվանդանոցներ տեղափոխվելու։ Մենք ճանապարհ չունենք, մենք չունենք մուտք դեպի Հայաստան։
Ես ուզում եմ բոլորիդ խնդրել՝ մի՛ եղեք անտարբեր։ Սա միայն 120 հազար մարդու կյանք չէ: Սա կյանքն է այն մարդկանց, որոնք պարզապես ուզում են ապրել սեփական հայրենիքում, սեփական երկրում, ուզում են ապրելու իրավունք ունենալ այն վայրում, որը հազարավոր տարիներ հայկական է եղել։ Եկեք ճնշում գործադրենք բոլոր կառավարությունների և բոլոր կազմակերպությունների վրա Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր, որ նրանք գործեն, որ չանտեսեն այս հակամարտությունը, որը կարող է ոչնչացնել աշխարհի հնագույն քրիստոնեական բնակավայրերից մեկը և ոչնչացնել մի ազգի ժառանգություն, որը հազարամյակներ շարունակ ապրել ու ապրում է այս հողի վրա:
Արցախում միայն Ռուբեն Վարդանյանն է ուղեղն աշխատացնում և քայլեր ձեռնարկում։ Որոշ չափով ակտիվ էր նաև Արցախի ԱԺ նախագահը, որը տեսնելով արդյունք չի կարողանում ապահովել, ազնվորեն հրաժարական տվեց։ Էլ ուրիշ սրտացավ ու գործունյա մարդ ասպարեզում չի երևում։