Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է դադարեցնի ռուսական ձևաչափերում Ադրբեջանի հետ բանակցություններ վարել՝ ռուսների մասնակցությամբ». Ռուբեն Մեհրաբյան

Հուլիս 28,2023 20:03

«ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանը ականապատելու եւ կոնֆլիկտի կառավարման վահանակը բացառապես իր ձեռքերում պահելու մեջ, որովհետեւ իր ներկայությունը տարածաշրջանում հավերժացնելու միակ տարբերակը դա է»: «Եթե մենք ունենք նման դաշնակից, մեզ թշնամի այլևս պետք չէ»,- ասում է «Հանուն հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուբեն Մեհրաբյանը՝ նկատի ունենալով ՌԴ-ին:

«Հանուն հանրապետության» կուսակցության անդամներն ովքեր այսօր, ՀՀ ԱԳՆ-ի մոտ ասուլիս էին հրավիրել՝ պահանջելով, որպեսզի Հայաստանը դադարեցնի ռուսական ձեւաչափում բանակցությունները, Բաքվի հետ իր կոմունիկացիան եւ երկխոսությունը թարմացնի:

Հիշեցնենք, օրերս Մոսկվայում կայացավ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Եռակողմ հանդիպումից հետո, ՌԴ ԱԳ նախարարը խոսեց փախստականների վերադարձի մասին, եւ պնդեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պատրաստ են երաշխիքներ տալ: Օրեր անց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանահայ փախստականների հարցը մշտապես բարձրաձայնում են. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։

… Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին: Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները»։

«ՌԴ-ն իր այս քաղաքականությունը վարում է ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմի թշնամական գործողությունների տրամաբանության մեջ՝ գործակցելով Ադրբեջանի հետ. մենք տեսնում ենք այդ ամենի մարմնավորումը Լաչինի միջանցքում, մենք դա տեսանք մի քանի շաբաթ առաջ, երբ ռուսներն իրենց ուսին դրած ադրբեջանական դրոշ էին բերում դնում Հակարիի կամրջի հայկական կողմում եւ արժանացան կրակահերթի հայ զինվորականների կողմից»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ ՀՀ ղեկավարությունը պետք է գործնական լինի՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու ՌԴ-ի հնարավորությունները սահմանափակելու համար:

«Հայաստանը պետք է դադարեցնի ռուսական ձևաչափերում, ռուսական նախաձեռնությունների շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ռուսների մասնակցությամբ: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղության մեջ: ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանը ականապատելու եւ կոնֆլիկտի կառավարման վահանակը բացառապես իր ձեռքերում պահելու մեջ, որովհետեւ իր ներկայությունը տարածաշրջանում հավերժացնելու միակ տարբերակը դա է: Մոռացեք այլեւս ռուսական հարթակը, չկա նման հարթակ»,- հայտարարեց Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնելով 2020 թվականից հետո ադրբեջանական ներխուժումները Շուռնուխ,  Սև լճի հարակից տարածք, 2022 թվականի սեպտեմբերի ներխուժումը, բանախոսը վստահություն հայտնեց, որ դրանք արվել են ռուսական օգնությամբ. «Նրանք համագործակցում են Ադրբեջանի հետ, ուղղություն են ցույց տալիս դեպի մեր տարածք, որպեսզի նրանք ներխուժեն:

Վերջերս էլ Տեղ գյուղում տեղի ունեցածը ցույց տվեց, թե ինչի համար են ռուսները: Իսկ դա նշանակում է, որ ռուսների առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կառավարությունը պետք է այլեւս համարի ավարտված: ՀՀ-ն, ելնելով իր ԶՈՒ պաշտպանունակության բարձրացման շահերից, պետք է անվավեր համարի բոլոր սահմանափակումները, որոնք թույլ կտան, որ ՀՀ-ն իր իսկ որոշմամբ իր տարածքում կկարողանա զորավարժություններ իրականացնել առանց համաձայնեցնելու դա ՀԱՊԿ կոչված թյուրիմացության հետ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31