Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ, որ այն ամենը, ինչ դուք տեսաք այստեղ, կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ»․ Վահան Կոստանյանը՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին (ֆոտոշարք)

Հուլիս 28,2023 19:11

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Գորիսում ընդունեց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր՝ անձամբ տեսնելով անտեղ ստեղծված իրավիճակը։ Պատվիրակության կազմում էին Սերբիայի, Շվեյցարիայի Համադաշնության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Բելառուսի, Իրանի, Բուլղարիայի, Ռուսաստանի Դաշնության,, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ռումինիայի, Իտալիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, արդեն 3-րդ օրն է, ինչ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենաները կայանել են Կոռնիձորում։

Ըստ Վահան Կոստանյանի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջապես արգելափակելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է ահագնանալ ու դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կլինի։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը նաեւ չի կարող պատկերացնել, թե նման պայմաններում «միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը՝ մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը, որը ժամ առ ժամ ահագնանում է Լեռնային Ղարաբաղում»։

Արցախը շրջափակված է արդեն 7 ամիս, ու մինչեւ օրս Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին՝ բացելու Լաչինի միջանցքը, այլ ըստ փոխնախարարի՝ նաեւ բացառիկ արհամարհանք է դրսեւորում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի վճիռների նկատմամբ՝ համաձայն որի Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների եւ բեռների երկկողմանի անարգել երթեւեկությունը։ Սա ամրագրված է նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի տակ դրված է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։

«ՀՀ կառավարության կողմից ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարներն ուղղակի ապացույցն են նրա, որ Ադրբեջանի՝ նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է, իրականության հետ աղերս չունի»,-ասաց Կոստանյանը՝ ավելացնելով, որ վերջին օրերին միայն ԿԽՄԿ-ին հաջողվել է բուժման կարիք ունեցող մի խումբ մարդկանց Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխել: Փոխնախարարի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները շատ դժվար կլինի կառուցողական համարել:

«Եվ, ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանության կողմից եւ այն գործողությունները, որ տեսնում ենք նրանց կողմից, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որեւէ կերպ ընդունելի լինել չի կարող: Եվ հույս ունեմ, որ այն ամենը, ինչ դուք տեսաք այստեղ, հստակ կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ: Եվ մենք հույս ունենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով ու գործողություններով, ինչը թույլ կտա ժամ առաջ ապաշրջափակել ազատ եւ անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-ասաց Կոստանյանը՝ դիմելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին։

Նշենք, որ Կոռնիձորում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիվանագետների հետ հանդիպմանը՝ նշեց, որ հումանիտար բեռը պիտի հասնի նրանց, ովքեր սոված սպասում են։

Օտարերկրյա դիվանագետները հանդիպել են նաեւ Գորիսում ժամանակավոր ապաստանած այն արցախցիներին, որոնք ճանապարհը փակ լինելու պատճառով չեն կարողացել գնալ իրենց տները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31